22/12/2024

Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել․ Տեսանյութ

«Դժվար է ապրել գյուղում ու չսիրել հողագործությունը»,-ասում է Ռազմիկ Ֆահրադյանը:

Ծնվել է Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում, ապրում և արարում է հայրենի բնակավայրում: Քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից է, վերջինից վիրավորումով է տուն եկել:

Տեղեկանալով «Իմ Քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնգիտական ներուժի բացահայտում» ծրագրի մասին՝ որոշել է դիմել: Ճամբար, մասնագիտական կարողությունների զարգացում, բիզնես պլանավորում ու կառավարում․ անցնելով բոլոր դասընթացները՝ Ռազմիկը մշակել է իր բիզնես պլանը՝ ջերմոցի հիմնում:

«Իմ Քայլը» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով գնել է անհրաժեշտ բոլոր պարագաները և իր վաղեմի ցանկությունն իրագործել: Առանց աջակցության ջերմոց չէր կարող հիմնել՝ անկեղծանում է Ռազմիկը: Հիմա արդեն անհրաժեշտ բոլոր պայմանները կան ամբողջ տարի պտուղ-բանջարեղեն աճեցնելու և բիզնեսն ընդլայնելու համար:

Ռազմիկը ծրագրի նոր մասնակիցներին կոչ է անում հավատալ ու վստահել, ճանապարհի կեսից հետ չկանգնել: Իր ընկերների ու իր օրինակով վստահեցնում է՝ պետք է մարտահրավերներին ընդառաջ գնալ ու հաղթահարել դրանք, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողել: