Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպել են Մոսկվայում։ Խոսքն իհարկե ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ոտքի վրա մոտ տասը րոպե զրույցի մասին է, համենայն դեպս ըստ տարածված հաղորդագրության:
Թե ինչ են խոսել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, մանրամասներ հայտնի չեն: Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի առաջին փոխվարչապետին հարցրե՞լ է, թե ինչ են «գուժում» ադրբեջանական պրոպագանդայի միջոցները, արդեն քանի օր պարբերաբար բարձրագոչ վերնագրերով ազդարարելով, թե Հայաստանի զինված ուժերն իբր պատրաստվում է սահմանային ռազմական գործողության:
Ադրբեջանում այդօրինակ տեղեկատվական արշավը չի կարող լինել առանց իշխանության համակարգման: Իսկ այն, որ խոսքն արշավի մասին է, վկայում է այդօրինակ հրապարակումների հետևողականությունն ու տարածվածությունը, ընդ որում բավականին ընդհանուր շեշտադրումներով: Հատկանշական է, որ Կլիմայի գագաթնաժողովի միջոցառումներից հետո Բաքուն պրոպագանդայի մակարդակով ձեռնամուխ է լինում այդօրինակ սադրանքների տարածման: Դեռևս 2024 թվականի հունիսին, նաև հետո սեպտեմբերին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը հայտարարել էր, որ կա Cop29-ից հետո Ադրբեջանի ռազմական էսկալացիա հարուցող քայլերի հավանականություն:
Համենայն դեպս նկատելի է, որ Ադրբեջանը համակարգված կատարում է «նախապատրաստական տեղեկատվական» աշխատանք: Դա բոլորովին չի նշանակում, որ էսկալացիան անխուսափելի է: Ի վերջո Ադրբեջանը կարող է նաև այդ կերպ հոգեբանական և քաղաքական ճնշում բանեցնել Երևանի վրա՝ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները վերսկսելուց առաջ:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել էր, թե այդ աշխատանքի նոր փուլ կսկսի կամ դեկտեմբերին կամ հունվարին: Դրա հնարավոր մեկնարկից առաջ Բաքուն գուցե փորձում է դինել շանտաժի և հոգեբանական ճնշման, ընդ որում գուցե նույնիսկ ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ նաև դերակատարների, որոնց համար Կովկասում ապակայունացումը ոչ միայն ցանկալի չէ, այլ նաև՝ վտանգավոր:
Մհեր Գրիգորյանը քննարկե՞լ է Բաքվի տեղեկատվական գրոհի վերաբերյալ հարցեր, թե՞ փոխվարչապետների մակարդակի հանդիպմանը Ադրբեջանը կարող էր նույնիսկ՝ թեկուզ հպանցիկ ներկայացնել որևէ նոր պայման, որպես տեղեկատվական սադրանքի շարունակություն:
Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ Երևանը հայտարարել է Բաքվին երկու առաջարկի մասին: Մեկը կապված է ճանապարհների ապաշրջափակման հարցի հետ, մյուսը՝ սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման: Արարատ Միրոզյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանից ստացել են ճանապարհների վերաբերյալ առաջարկի «կիսապաշտոնական ողջույն»:
Յաղուբովը Մհեր Գրիգորյանի հետ «ոտքի վրա» հանդիպմանը անդրադարձե՞լ է այդ հարցին, ու ի՞նչ տրամաբանությամբ՝ «կիսապաշտոնական ողջույնը» դեպի ամբողջացում, թե՞ կեսից էլ պակաս դարձնելու ուղղությամբ: Տասը րոպեն անշուշտ քիչ է հանգամանալից խոսակցության համար, բայց էական հաղորդագրություններ փոխանակելու համար այն բավարար ժամանակահատված է:
Բաց մի թողեք
Երևանում դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է եղել. Լուսանկար
Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ մարտահրավեր
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն