Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող օրենսդիր մարմնի շենքի մոտ, հարակից Չիտաձեի, Ապրիլի 9-ի և Ճիճինաձեի փողոցներում նոյեմբերի 29-ին բազմամարդ ցույցեր էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ հրաժարվում են Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկից։
Եվրոպամետ ցույցերի երկրորդ օրը հատուկջոկատայիններին չէր հաջողվում ցրել խաղաղ ցույցը. չնայած բռնություններին և կիրառված հատուկ միջոցներին՝ ցուցարարները չէին նահանջում:
Ցուցարարների, լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների դեմ օգտագործվել են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ, ոմանց նկատմամբ հատուկջոկատայինները բռնություն են կիրառել: Համացանցում տարածված տեսագրություններում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները բռունցքներով և ոտքերով հարվածում քաղաքացիների դեմքերին, քարշ տալիս նրանց և այլն:
Ներքին գործերի նախարարության ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և անհնազանդության համար՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների խախտման մեղադրանքով, 107 անձ է բերման ենթարկվել, տուժել է ՆԳՆ-ի 10 աշխատակից:
Ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 29-30-ին
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, ըստ ժամանակագրության՝ ներկայացնում է նոյեմբերի 29-30 խաղաղ ցույցի բռնի ցրումը:
Իրավիճակը սկսեց լարվել կեսգիշերին մոտ և կեսգիշերից հետո, երբ հատուկջոկատայինները ջրցան մեքենաներով փորձում էին ցրել ցուցարարներին. ի պատասխան` ցուցարարները կենդանի պատ էին կազմել և հրաժարվում էին լքել տարածքը: Ոստիկանությունը ցուցարարներին առանց որևէ բացատրության բերման էր ենթարկում և պարբերաբար ջրցան մեքենա օգտագործում:
Նոյեմբերի 30-ի լուսաբացին ցուցարարները Ռուսթավելիի պողոտայից տեղափոխվեցին «Մարիոթ» հյուրանոցի հարակից տարածք, բարիկադներ տեղադրեցին:
Առավոտյան՝ ժամը 06:15-ին ՆԳՆ աշխատակիցները դեռ շարունակում էին ցրել ցույցը և ձերբակալել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի «Մարիոթ» հյուրանոցի հարակից տարածքում։
Չնայած ջրցանի կիրառմանը` հարյուրավոր ցուցարարներ շարունակում էին խաղաղ ցույցը։
Լուսադեմին Բեսիկի փողոցից ոստիկանների լրացուցիչ ջոկատ ժամանեց, որից հետո ավելի բիրտ ուժ էր կիրառվում ցուցարարների դեմ. հատուկջոկատայիններին հաջողվեց հետ մղել ցուցարարներին։ Այստեղ մի շարք խաղաղ ցուցարարներ են բերման ենթարկվել:
Ոստիկանությունը ժամը 06:21-ի դրությամբ Օպերայի և բալետի թատրոնի մոտ էր, ցուցարարները շարունակում էին նահանջել։ Ցուցարարները շարժվեցին Հանրապետության հրապարակի կողմը, հենց այստեղ էլ ցույցը ժամանակավոր դադարեց:
Ինչից սկսվեց ամենը
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։
Այսօր կարող եմ ասել, որ դիմադրության շարժումը սկսվել է, տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է՝ լիովին համերաշխ է խաղաղ, սահմանադրական դիմադրության շարժման հետ և կլինի նրանց կողքին այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել գլխավոր նպատակին՝ Վրաստանը վերադարձնել եվրոպական ուղի։
Զուրաբիշվիլին ասել է՝ հանրային հատվածում շարժում է սկսվել, որն աստիճանաբար ընդգրկում է ողջ Վրաստանը։ Ըստ նրա՝ պետական հատվածում աշխատող մարդիկ չպետք է լքեն իրենց պաշտոնները, այլ պետք է շարունակեն այս բողոքը։
Քաղաքացիները երկրորդ օրն է բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։
Վաշինգտոնը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խստորեն կոչ է անում վերանայել իր գործողությունները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հրապարակել է դեսպան Ռոբին Դաննիգանի հայտարարությունը, որով դիվանագետը մտահոգություն է հայտնում Վրաստանի կառավարության որոշման կապակցությամբ՝ դադարեցնելու Վրաստանի եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը:
ԱՄՆ դեսպանը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը։
«Ցավոք, վարչապետի հայտարարությունը, թե «Վրացական երազանքը» չի նախատեսում առաջիկա չորս տարում սկսել ԵՄ անդամակցության բանակցություններ, ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում այս կառավարության հավատարմությունը արևմտյան կուրսին: Հարկ է նշել, որ կառավարության այս հայտարարությունը անմիջապես գովասանքի է արժանացել Կրեմլի կողմից», — ասված է դեսպանի հայտարարության մեջ:
Դեսպանը նշել է, որ անցած գիշեր բոլորը ականատես եղան, թե ինչպես են ոստիկանները դաժանաբար բռնության ենթարկում ցուցարարներին և լրագրողներին:
Բաց մի թողեք
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»