Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը:
Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:
Նրա ղեկավար Աբդել Ռահմանի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության:
Դրա հետ մեկտեղ AP գործակալությունը հաղորդել է, որ նախօրեին երեկոյան Հալեպի արևմտյան ծայրամասերում կատաղի մարտեր են ընթացել:
«Անադոլու» գործակալության տվյալներով՝ ընդդիմադիր ուժերի զորքերը Հալեպի կենտրոն են մտել արևմուտքից: 10 հազար քաղաքացիներ փախել են Հալեպից հարավ գտնվող Իդլիբ նահանգ։
«Sky News Arabia» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ զինյալները շարունակում են հարձակումը հարավային, արևմտյան և հյուսիսային ճակատներում, նրանք մտել են Ար Ռաշիդդին շրջան, գրավել գիտահետազոտական կենտրոնը Հալեպի արևմուտքում, ինչպես նաև ներկա են քաղաքի հարավային մատույցներում:
Մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ նոյեմբերի 29-ի երեկոյան Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և նրա դաշնակիցների վերահսկողության տակ, գրոհայիններն արդեն քաղաքի կենտրոնում են, տոնում են հաղթանակը:
Սիրիայի կառավարական աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպի և Իդլիբ նահանգների որոշ դիրքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գրավել էին զինյալների խմբավորումները: Պաշտոնական տվյալներով ՝ խմբավորումները կրել են ծանր կորուստներ, զոհվել են հարյուրավոր մարտիկներ, ոչնչացվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ և զրահատեխնիկա, խոցվել է 17 դրոն:
Իդլիբ նահանգի հարավում սիրիական բանակի հարվածի տակ են հայտնվել էր-Ռուվեյս, Խան-էս-Սաբիլ և Մաարդաբսա բնակավայրերում զինյալների տեղակայման վայրերը, հայտնում է «Ալ-Վաթան» թերթը: Ռուսական և սիրիական ավիացիաները գրոհում են հակառակորդի դիրքերը Իդլիբի հարավում գտնվող Ջեբել Էզ Զավիա լեռնային տեղանքում և Հալեպից հյուսիս գտնվող Մարեյա քաղաքում:
Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները հարձակոմը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: «AP» գործակալությունը նշում է, որ հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ իրանամետ խմբավորումները, այդ թվում՝ «Հեզբոլլահը», որոնք նախկինում կռվում էին Սիրիայի կառավարության կողմում, զբաղված են Իսրայելի հետ պատերազմով: Այլ աղբյուրների համաձայն՝ «Հեզբոլլահը» Իսրայելի հետ պատերազմի հետևանքով զգալիորեն թուլացել է և գրեթե չունի ռեսուրսներ Սիրիայի կառավարական ուժերին օգնելու համար։
Գործակալությունը գրում է, որ կառավարական զորքերի կողմից զինյալներին զգալի դիմադրության նշաններ չեն եղել, իսկ Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը կարծիք է հայտնել, որ սիրիական բանակը որոշ տեղերում «գրեթե ջախջախվել է»:
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին