Եվ այսպես, «Հայաստան» խմբակցության շուրջ վերջին օրերին պտտվող ինտրիգը հանգուցալուծվեց խմբակցությունից Գեղամ Նազարյանի դուրս գալու որոշման տեսքով։
Խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։ Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ»։
«Բազմակարծությունը» «վարքականոն» համարող խմբակցությունը, փաստորեն, դատելով հայտարարության երկրորդ պարբերության շարադրանքից՝ բնավ էլ բազմակարծ չէ, այլապես պետք է հանդուրժեր ու հարգեր բազմակարծության այն դրսևորումը, որը բանաձևել են որպես «քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից» տարբերվող դիրքորոշումներ ունենալ»։
Թե Նազարյանի ո՞ր դիրքորոշումների մասին է խոսքը, որոնք լցրել են Քոչարյանի կուրացիայի տակ գործող խմբակցության համբերության բաժակն ու ստիպել «շտռաֆ»-ի ենթարկել իրենց գործընկերոջը, խմբակցությունը չի պարզաբանել՝ տեղիք տալով մի շարք ենթադրությունների։ Հարկ է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը, օրերս խոսելով Նազարյանի մասին, հայտարարել էր. «Ընդհանրապես մանդատը թողնելու հարց չի քննարկվել։ Ընդհանրապես, երբ որ ֆրակցիայից մեկը, 29 պատգամավորից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա։
Եթե համաձայն չի, կարծիքը փոխել է, ինքը ի վիճակի է նաև լքել ֆրակցիան, կամ՝ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել ֆրակցիայից»։ Ճշտմանը՝ մանդատից կարող է հրաժարվե՞լ՝ նախկին նախագահն արձագանքել էր՝ «ընդհանրապես էդ հարցը մեր մոտ քննարկման առարկա չի եղել, մանդատից հրաժարվելը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցումների հարց է։ Չի եղել, մենք մոտակա օրերը քննարկել ենք այդ հարցը և փորձելու ենք տալ ճիշտ լուծում»։
Այս ճեպազրույցից հետո «Հայաստան» ֆրակցիան որոշեց Նազարյանի «հարցերը լուծել» այնպես, ինչպես Քոչարյանն էր «հուշել»։ Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ այլևս 28-հոգանոց այդ քաղաքական միավորը Քոչարյանի կառավարման տարիների «ավանդույթի ուժով» ընդամենը «դակել է» այն որոշումը, որը բխել է դրա փաստացի առաջնորդի սրտից, մտքից ու բարոյական արժեհամակարգից։ Այս հարցադրումը կարևոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցողի մեկնաբանման համատեքստում։
Վերջինս, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին՝ վայր դնել մանդատը, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ չի շտապում տեղի տալ։ Ընդդիմադիր քարոզչամեքենան էլ, ինչպես քանիցս ենք գրել, Փաշինյանի այդ խնդրանքը մեկնաբանում է որպես «Սահմանադրության բռնաբարում»՝ «ճնշում» գործադիր մարմնի ղեկավարի կողմից օրենսդրի անդամի նկատմամբ։ Այս մանիպուլյատիվ քարոզչական հնարքի հեղինակները, սակայն, միտումնավոր մոռացության են տալիս անչափ կարևոր մի հանգամանք՝ պատգամավորին խնդրանք հղածի քաղաքական կարգավիճակը և դրանից բխող քաղաքական իրավահարաբերությունները։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իր կարգավիճակի բերումով չի դադարել լինել քաղաքական լիդերն այն կուսակցության, որի խմբակցությունը ներկայացված է ԱԺ-ում, և որի անդամ է Հովիկ Աղազարյանը։ Հետևապես խմբակցության ցանկացած անդամի կողմից ցուցաբերված կամ ցուցաբերվելիք քաղաքական-քաղաքացիական վարքագիծը քննելի է կուսակցության լիդերի, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած ու, թող թույլ տրվի ասել՝ Աղազարյանին մանդատով ապահոված սուբյեկտի կողմից։
Նույն տրամաբանությամբ, եթե 2021-ի ընտրությունների արդյունքով Քոչարյանը դարձած լիներ վարչապետ, Գեղամ Նազարյանը կամ, ասենք, Նազար Գեղամյանը նորից նույն՝ «խմբակցության ուղեգծին հակասող» կեցվածքը ցուցաբերեր, արդյոք նրան մանդատով ապահոված քաղաքական սուբյեկտը չէ՞ր մասնակցելու վերջինիս հետագա քաղաքական ճակատագրի քննարկմանը։ «Հայաստան» խմբակցության «դուխը», համոզված ենք, դժվար թե հերիքեր Քոչարյանից մեկուսի, նրան շրջանցելով, առավել ևս՝ առանց վերջինիս «ադաբրյամս»-ի որևէ բան քննարկել խմբակցության որևէ անդամի վերաբերյալ՝ վկայակոչելով սահմանադրական արգելքներ և այլ «սենտիմենտալ» բաներ։ Քոչարյանին, փաստորեն, որը ԱԺ պատգամավոր չէ (նա մանդատը վայր է դրել 2021-ի ընտրություններից հետո), որը չի զբաղեցնում որևէ կուսակցական պաշտոն (Քոչարյանը «թղթերով» անկուսակցական է), այսինքն՝ ընդամենը «երիտասարդ թոշակառու» է, ստացվում է՝ «թույլատրելի է», «կարելի է» միջամտել խմբակցության ներքին գործերին՝ որպես դրա փաստացի առաջնորդ, իսկ Փաշինյանը, որը կուսակցական բարձր պաշտոն է զբաղեցնում և ԱԺ ՔՊ խմբակցության հետ ոչ միայն իրավաքաղաքական, այլև, այսպես ասած, օրգանական կապի մեջ է՝ որպես կուսակցության համանուն խմբակցության կողմից ընտրված վարչապետ, Սահմանադրություն է խախտում քաղաքական թիմի անդամներից մեկին քաղաքական բնույթի խնդրանք հղելով։ Սա, Քոչարյանի ոճով ասած, քաղաքական լոգիկա չէ, այլ ուղղակի «իրավա-լոգիկական սյուրռեալիզմ», և տրամաբանության հայրերը կերազեին այսպիսի երևակայություն ունենալ՝ հայկական քաղաքականության առանձնահատկություններն ըմբռնելու համար։
Նկատենք, որ Նազարյանն առաջինն է, որը լքել է «Հայաստան» խմբակցությունը և դարձել, այսպես ասած, անկախ պատգամավոր։ Նա ԱԺ-ում այդ կարգավիճակով ընդամենը մեկ բախտակից ընկեր ունի՝ «Պատիվ ունեմ»-ը դեռ շատ վաղուց լքած Իշխան Զաքարյանը։ Քոչարյանի կուրացիայի տակ գործող խմբակցությունը, հիշեցնենք, այս ընթացքում լքել են (մանդատները վայր դնելու տեսքով) Անդրանիկ Թևանյանը (2023-ին), Արմեն Չարչյանը (2023-ին, ըստ տեղեկությունների՝ նրա այդ մանդատադրումը միտված էր Լևոն Քոչարյանին «կալանքից» փրկելուն, որը հնարավոր էր ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու դեպքում), Մխիթար Զաքարյանը (2022-ին, «Դիմադրություն» շարժման ֆիասկոյից հետո), Վահե Հակոբյանը (2022-ին, «Վերածնվող Հայաստան»-ի՝ խմբակցությունից դուրս գալու որոշման պատճառով), Ելենա Կիրակոսյանը (2022-ին), Հռիփսիմե Ստամբուլյանը (2022-ին), Արթուր Ղազինյանը (2022-ին), Դավիթ Սեդրակյանը (2021-ին)։ Նշենք, որ «Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված մի շարք պատգամավորացուներ հրաժարվել են վերցնել մանդատները։ Մասնավորապես քրեական հետապնդման ենթարկվող ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը 2023-ին երբ հրաժարվեց վերցնել մանդատը (ինչպես նաև հոգեբան Միհրդատ Մադաթյանը), մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե նրանց այս որոշումը թելադրված է «վերևից»՝ չխափանելու Լևոն Քոչարյանին պատգամավոր դարձնելու օպերացիան։
Փաստորեն, սեփական շահախնդրություններով առաջնորդվող խորհրդարանական ընդդիմությունը, որի ներկայացուցիչ երկու խմբակցությունները ամեն մեկն իր հերթին փլուզվել է՝ այլևս դաշինք չէ, ի վիճակի չլինելով կանխել ներքին «ավերածությունները», իր այս կիսավեր վիճակում դեռ հավակնում է իշխանափոխություն անել։
Հիշեցնենք՝ ըստ մամուլի՝ Քոչարյանի խորհրդարանական թիմը լքած Նազարյանի՝ որպես այդ կարգավիճակին հասցրած պատճառ նշվում է վերջինիս այն արձանագրումը, թե՝ ընդդիմության օրակարգում չկա իշխանափոխության հարց։ Լրագրողի դիտարկմանը՝ «Դուք մանդատ ստացաք իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով ու հիմա իշխանականների հետ գործուղմա՞ն եք գնում»՝ Գեղամ Նազարյանը պատասխանել էր. «Ո՛չ, ըտենց օրակարգ չկա, չգիտեմ ով ա դա մտցրել… ի՞նչ ա նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրյո՞մ պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք…»: Նախկին «լևոնական», «Հայք» թերթի երբեմնի լրագրողն ու խմբագիրը, ոնց գցում-բռնում ենք, բազմակարծությունը հարգող խմբակցությունից հեռացվել է ոչ թե քաղաքական ուղեգծին հակասող կեցվածքի, այլ՝ ադեկվատության, ճշմարտախոսության համար։ Այո, ճիշտ է Նազարյանը, բոլոր «տրյուկներն» այս ընթացքում ընդդիմությունն արել է՝ փողոցային չստացված պայքարից (Նազարյանը «Դիմադրություն» շարժման «առաջնագծում» էր) մինչև իմպիչմենթի չստացված գործընթաց, տակը մնացել են արևելյան մարտարվեստի տրյուկները՝ «ուշու»-ից մինչև «ձյու-ձյուցու»։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ինչն է զավեշտալին. Կարապետյանն այս՝ «ոչ լեգիտիմ» իշխանության օրոք է իր կարիերայի բարձրակետին հասել
Թուրքիան համարում է, որ Հարավային Կովկասում կարգավորելիք խնդիրներ չկա՞ն
Լավրովը անմիջապես հասցրել է Ֆիդանին զեկուցել, որ Հայաստանն իր տիրույթում է