21/01/2025

«Հայաստան» խմբակցությունը «դեմ կըլլա» «Բյուջե 2025»-ին. Ինչո՞ւ է «դեմ ըլլալու» մասին ազդարարելու պատիվը տրվում ՀՅԴ-ին

Եվ այսպես, ԱԺ  «Հայաստան» խմբակցությունը  որոշել է դեմ քվեարկել ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթին՝ «Բյուջե-2025-ին»։  Նման որոշումը, կհամաձայնեք, սենսացիայից զուրկ՝  շատ սպասելի ու արդեն սովորական դարձած որոշում էր սույն խմբակցության կողմից։

Սենսացիան կլիներ այն, եթե, ասենք, վարչապետ դառնալու «մուրազի» ձախողման չորրորդ «ֆազայում» գտնվող Ռ. Քոչարյանի առաջնորդած խմբակցությունը  հայտարարեր կողմ քվեարկելու վերաբերյալ։ Եվ ուրեմն, չորրորդելով ինքն իրեն, «Հայաստան»-ը պետք է այս տարվա  դեկտեմբերի այս օրերին էլ  «դեժավյու» հարուցեր հասարակության մոտ՝ նույն էնտուզիազմով, գրեթե նույն բառապաշարով  շարադրելով իր «դեմ ըլլալը»։

Միակ տարբերությունը, որը կարելի է նշմարել այդ  հայտարարությունների մեջ,  հայտարարողի պիջակի ու փողկապի գույներն են։  Ասենք՝ այս տարի «դեմ կըլլանք»-ը ազդարարած  ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը հագել էր մոխրագույն պիջակ՝  «ծիգռովկա» նախշազարդերով դարչնագույն  փողկապի համադրությամբ, 2023-ին նույն Արթուր Խաչատրյանը կրում էր մուգ մոխրագույն պիջակ և սպիտակավուն, նորեն նախշազարդերով փողկապ, 2022-ին դարձյալ նույն Արթուր Խաչատրյանը կրում էր «պալասատովի» մոխրագույն պիջակ և դեղին ու սև շեղագծերի համադրությամբ փողկապ, 2021-ին էլ, որքան հիշում ենք, «Հայաստան» դաշինքը ամբիոն չուղարկեց որևէ պիջակավորի կամ փողկապավորի և հանդես եկավ հայտարարությամբ՝  այսկերպ արտահայտելով  իր դեմ ըլլալը։

Եթե 2021-ի բյուջեն դրա քննարկումից մի քանի ամիս առաջ խորհրդարան  ոտք դրած «Հայաստան»-ի համար «հակասոցիալական» էր, «Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին պատշաճ չարձագանքող», «տնտեսական աճի հաշվարկներն անիրատեսական էին» և  «լավ ապրելու պատրանք ստեղծելու նպատակ հետապնդող», ապա 2025 թ. ներկայացված բյուջեի նախագիծը, ըստ խմբակցության կարծիքը ներկայացրած Խաչատրյանի,  «համարժեք չէ ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին»։

«Այս փաստաթուղթը «Հայաստան» դաշինքը համարում է որևէ խնդիր չլուծող, ձախողումները շարունակող, երկրի, պետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում, ուստի ենթակա չէ կողմ քվեարկելուն»,- ամբիոնից դաշնակցական ոգեղենությամբ ազդարարեց Խաչատրյանը, վերջին բառերն արտասանելիս շրկխոցով փակեց «նոթբուկ»-ն ու մահապատժի վերաբերյալ վճիռ ընթերցած դատավորի կեցվածքով… հեռացավ ամբիոնից։ Սպասում էինք, որ նույն «դիագնոզը»  տարբեր բարդության նախադասություններով շարադրող  «Հայաստան»-ը  այս ամենի հետ մեկտեղ  վերջում էլ մի հատ «տուշ» կպահանջի՝ Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության  հրաժարականը, բայց… մեր սպասումը չիրականացվեց։

Ի դեպ, պատահական չէ, որ հենց ՀՅԴ-ական պատգամավորի է վերապահվում խմբակցության դիրքորոշումը ներկայացնելու պատիվը, քանի որ սույն կուսակցությունը բավականաչափ փորձառություն է կուտակել նախորդ ռեժիմի օրոք ներկայացված բյուջեների նախագծերին «դեմ ըլլալու» հարցում։ Բնականաբար այն բյուջեների, որոնց քննարկման ժամանակ իշխանությունը չի կիսել գործընկեր ՀՀԿ-ի հետ և ինքզինքը հռչակել է… օպոզիցիա։

Մասնավորապես «Բյուջե-2010»-ի քննարկումների ժամանակ  2008-ի մարտի 1-ից հետո կոալիցիա մտած, հայ-թուրքական արձանագրությունների պատճառով այն ռազմահայրենասիրաբար լքած ՀՅԴ-ն դեմ քվեարկեց նախագծին։ «Բյուջե 2011»-ի քննարկումների ժամանակ էլ երբ Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում ակամա խոստովանեց, որ Կառավարությունը ձախողել է իրեն նշանակողի, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերով, կոալիցիոն հուշագրով տրված խոստումները՝ «շառը» գցելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վրա, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը անցավ «հարձակման» և երկընտրանքի առաջ կանգնեցրեց Տ. Սարգսյանին՝ կամ հրաժարական, կամ էլ «ծրագրային ճշգրտումների կատարում»՝ Կառավարության գործունեության ծրագրի փոփոխման տեսքով։ Բնականաբար, Տ. Սարգսյանն ու նրան նշանակողը անդրդվելի էին, ՀՅԴ-ն էլ իր բաժին անդրդվելիությունը ցուցաբերեց և դեմ քվեարկեց բյուջեի նախագծին։

ՀՅԴ-ն դեմ է քվեարկել նաև հաջորդող գրեթե բոլոր տարիների բյուջեների նախագծերին և իր դեմ լինելը հիմնավորել ֆինանսական այդ փաստաթղթերին տրված  «դաշնակցականավայել» ախտորոշումներով։

2013-ի բյուջեն, օրինակ, ըստ այդ օրերին Արթուր Խաչատրյանի ֆունկցիան (խմբակցության դիրքորոշումը զեկուցողի) կատարող Արծվիկ Մինասյանի՝ «մենաշնորհված էր Կառավարության կողմից», 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ էլ  պարզվեց, որ Կառավարությունը ստում ու կեղծում է՝ «չեն ստեղծվում ՀՀԿ-ի խոստացած աշխատատեղերը, տնտեսությունը մեծապես մոնոպոլիզացված է և օլիգարխիկ շեղումներով, արտերկրից եկող ներդրումները կտրուկ կրճատվել են, գործազուրկների թիվն աճել է»։ 2015 թ. բյուջեի քննարկումների ընթացքում էլ  հանրությունը ՀՅԴ-ի օգնությամբ իմացավ, որ «Հայաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի փուլում»։ «Դիագնոզը» «բյուջեագետ» Արծվիկ Մինասյանինն էր։

  2016թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՅԴ-ն որոշեց «օրիգինալ» մոտեցում ցուցաբերել՝ բոյկոտել, բնականաբար, նախագծին նորեն և վերստին «դեմ ըլլալու» պատճառով։ Մինչև  քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրած ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ազդարարեց. «Աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Այս դեպքում գերկարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Ու քանի որ լինելու են հերոսաբար «դեմ» և հերոսաբար «կողմ» քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին չի քվեարկի»: Հերոսության ինչպիսի՜ ակտ։

«Բյուջե-2017»-ի քննարկումներն էլ, նկատենք, տեղի էին ունենում ապրիլյան քառօրյա պատերազմի տարում և անցան ոչ պակաս լարված մթնոլորտում։ ԱԺ-ում ներկայացված քաղաքական 6 ուժերից 4-ը դեմ էին փաստաթղթին, բայց այն ընդունվեց պարզ մեծամասնությամբ, և այդ փաստաթղթի  պատասխանատվության բեռն ընկավ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ուսերին։ Նախորդ տարիների բյուջեներին դեմ քվեարկելուց հետո արդեն էնտուզիազմը կորցրած,  «կակղած» ՀՅԴ-ն Արմեն Ռուստամյանի շուրթերով հայտարարեց. «Բյուջեի ծավալներն իսկապես համեստ են, բայց շատն էլ կարելի է փոշիացնել ապաշնորհ վարչարարության ու մսխումների դեմը չառնելու պարագայում։  Իսկ որակյալ ու հմուտ կառավարման դեպքում քիչ ռեսուրսներով էլ կարելի է լավ արդյունքների հասնել և զարգացման համար նոր հնարավորություններ առաջացնել»։ Այդ տարվա բյուջեի նախագծին ՀՅԴ-ն կողմ կըլլար։ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարվա՝ 2018-ի պետբյուջեի նախագծին էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն, բնականաբար, ստիպված էր կողմ քվեարկել, թեև ԱԺ ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը, նախագիծը որակել էին «ապասոցիալական»։

Արձանագրենք՝ ՀՅԴ-ն այն քաղաքական ֆենոմենալ ուժն է, որի համար կա երկու ճշմարտություն։ Ճշմարտություն համար 1՝ իշխանությունը լավն է, բյուջեի նախագիծն էլ «պուպուշ» է բոլոր այն դեպքերում, երբ ինքն իշխանության «տակ» է։ Ճշմարտություն համար 2՝ իշխանությունը վատն է, վերջինիս ներկայացրած բյուջեի նախագիծն էլ «քըխ» է, երբ զրկված է իշխանության հետ որևէ  կերպ որևէ դիրքում հարաբերվելու հաճույքից։

Հ. Մանուկյան