ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն ու որդին քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Վաղեմության ժամկետների լրանալու հիմքով դատարանը դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Այս մասին գրում է Հետքը։
Ամեն ինչ սկսվել էր Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների մասին «Հետքի» հետաքննությունից հետո, որի առաջին մասը հրապարակել էինք 2018-ի նոյեմբերին: Դրանց թվում էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր (2012-2017 եւ 2018-2019 թթ.), էջմիածինցի Հրանտ Դավթյանը:
Մեր նյութը հետաքրքրել էր իրավապահներին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը: Ի վերջո, 2020 թ. փետրվարին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ չհայտարարագրելու հիմքով: 2003-ին ընդունված Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում էր 2-4 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Քրեական գործն այնուհետ ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե)՝ նախաքննություն իրականացնելու:
Չնայած Հ. Դավթյանը հայտարարագրել էր Դուբայի այն բնակարանը, որի մասին գրել էինք, իրավապահների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ նա եւ որդին՝ Արսեն Դավթյանը, չեն հայտարարագրել Հայաստանում գտնվող իրենց գույքի ու եկամուտների մի մասը: 2020-ի սեպտեմբերին հայր եւ որդի Դավթյաններին մեղադրանք էր առաջադրվել, նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նույն ամսում՝ 2020-ի սեպտեմբերին, ՀՔԾ քննիչը որոշել էր Դավթյանների գործը միացնել Ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության նախկին (2018-2019 թթ.) պետ Բաբկեն Սեդրակյանի գործին ու քննել մեկ վարույթում: Սեդրակյանի մասին եւս գրել էինք, որ նա ու կինը բնակարան ունեն Դուբայում (Սեդրակյանը ներկայում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է): Սեդրակյանի գործը նույնպես գույք չհայտարարագրելու վերաբերյալ էր:
Այդուհանդերձ, 2021-ի ապրիլին ՀՔԾ քննիչը Դավթյանների գործն առանձնացրել էր ընդհանուր վարույթից եւ ուղարկել դատախազին, որը հաստատել էր մեղադրանքը: Ըստ մեղադրանքի՝ նախկին պատգամավորը չէր հայտարարագրել Հայաստանում ունեցած 7 միավոր անշարժ գույք եւ դրամական միջոցները երկու բանկում, իսկ որդին չէր հայտարարագրել իր մեքենան վաճառելու փաստը, ինչպես նաեւ բանկային պարտավորությունները:
2021-ի մայիսին գործը մտել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն նույն տարվա նոյեմբերին դատավոր Արմինե Մելիքսեթյանը տարօրինակ որոշում էր կայացրել՝ բավարարելով Դավթյանների պաշտպանի միջնորդությունը նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով «իրադրության փոփոխությունը»։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, եւ վերաքննիչ ատյանը 2022-ի հունիսին բավարարել էր բողոքն ու գործը նորից ուղարկել առաջին ատյան՝ քննություն իրականացնելու: Սակայն առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ գործն ընդդատյա է նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարանին, ուստի այն ուղարկել էր այս դատարան: Դավթյանների գործն ընդունվել էր դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթ:
Քանի դեռ գործը քննվում էր Հակակոռուպցիոն դատարանում, 2023-ի ապրիլին «Հետքը» հրապարակեց Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների մասին հետաքննության երկրորդ մասը: Պարզել էինք, որ Հրանտ Դավթյանը 2 բնակարան ունի Դուբայում:
Առաջինը, որը նախկին պաշտոնյան հայտարարագրել էր, պատկանում էր նրան եւ կնոջը: Հետաքրքիրն այն է, որ մեր հետաքննության առաջին մասը հրապարակելուց առաջ՝ 2018-ի ամռանը, Դավթյանին հարցրել էինք այս բնակարանի մասին: Այդ ժամանակ նա նոր էր դարձել պատգամավոր եւ դեռ չէր հասցրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնել: Բայց, փաստորեն, հասկանալով, որ լրատվամիջոցը տեղյակ է իր գույքից, պաշտոնյան այդ մի բնակարանը նշել էր 2018-ի սեպտեմբերին ներկայացրած հայտարարագրում:
Իրականում, սակայն, այդ ժամանակ նա նաեւ երկրորդ բնակարան ուներ Դուբայում, որն իր միանձնյա սեփականությունն էր: Այս գույքի մասին չգիտեին ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ընդունում է հայտարարագրերը, ո՛չ իրավապահները: 2023-ի ապրիլին գրել էինք, որ նախկին պատգամավորի այս երկրորդ բնակարանը գտնվում է Դուբայ Մարինա շրջանի Trident Grand Residence բազմաբնակարան շենքի 6-րդ հարկում, ունի 136 քմ մակերես, 2 ննջասենյակ, պատշգամբ (12 քմ), եւ Հ. Դավթյանն այստեղ նաեւ ավտոկայանատեղ է ձեռք բերել: Գործարքն էլ կայացել է 2011-2015 թթ. միջակայքում:
Մեր հետաքննության հիման վրա իրավապահները պարզել են, որ Դավթյանը գույքը ձեռք է բերել 2015 թ. սեպտեմբերի 6-ին Trident International Holdings ընկերությունից 222 մլն դրամին համարժեք 1,7 մլն դիրհամով:
Սրա հիման վրա էլ 2024-ի մարտին դատախազ Կորյուն Սերոբյանը փոփոխել է Հրանտ Դավթյանին առաջադրված մեղադրանքը:
Սակայն այս տարվա ամռանը Դավթյանների փաստաբան Ռոման Պետրոսյանը Հակակոռուպցիոն դատարանին միջնորդել է դադարեցնել իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով, որ առերեւույթ հանցանքը գործելուց անցել է ավելի քան 5 տարի. Հրանտ Դավթյանի մասով այդ ժամկետը հաշվարկվել է 2019-ի հունիսից, իսկ Արսեն Դավթյանի մասով՝ 2019-ի հուլիսից: Դատախազ Սերոբյանը չի առարկել միջնորդության դեմ: 2024 թ. օգոստոսի 5-ին դատավոր Վարդգես Սարգսյանը որոշել է հայր ու որդի Դավթյանների դեմ քրեական հետապնդումը դադարեցնել, քրգործի վարույթը կարճել եւ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել:
Այսպիսով՝ նախկին պաշտոնյայի ու որդու դեմ 2020 թ. փետրվարին հարուցված քրեական գործը այնքան դեգերեց նախաքննական ու դատական ատյաններում, որ վաղեմության ժամկետներն անցան, եւ նրանք ազատվեցին հնարավոր քրեական պատասխանատվությունից:
Բաց մի թողեք
Ո՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել
Արդարադատության նախարարը ուժերի գերլարումով մաստակ է ծամում ԱԺ նիստի ժամանակ․ Տեսանյութ, Լուսանկար
ԱԺԲ-ականներին քննչական են կանչում Աննա Հակոբյանի հասցեին ռեպլիկների համար