21/01/2025

Սիրիայի շուրջ ինչ են բանակցում Էրդողանն ու Պուտինը

Դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Բնականաբար, քննարկման առանցքային թեման եղել է Սիրիան: Ըստ Թուրքիայի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության՝ Էրդողանը աջակցություն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջությանը:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինը շեշտադրել է սիրիական պետության դեմ ահաբեկչական խմբավորումների գրոհները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Սիրիայի ամբողջ տարածքում վերահսկողությունը վերականգնելու հարցում Սիրիայի օրինական իշխանությանն աջակցելու կարևորությունը:

Թուրքական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարան անհրաժեշտ է համարում քաղաքական լուծումը: Դատելով նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հայտարարությունից՝ պետք է ենթադրել, որ Անկարան համարում է, որ Ասադը պետք է գնա ընդդիմության հետ որոշակի փոխզիջման:

Ֆիդանն ասել էր, թե Դամասկոսը պետք է լսի ընդդիմության ձայնը: Ռուսաստանը համակարծի՞ք է դրան, թե՞ Պուտինի շեշտադրումը այն մասին է, որ Թուրքիան պետք է առանց նախապայմանի արգելակի իր ազդեցության ներքո գտնվող խմբավորումների գործողությունները և հետ քաշի դրանք:

Կրեմլը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմը արտահայտվել են թե՛ երկկողմ, թե՛ Աստանայի եռակողմ ձևաչափով գործակցությունն ամրապնդելու օգտին՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Նախօրեին ՌԴ նախագահը խոսել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Չի բացառվում, որ Էրդողանը Մոսկվա է զանգահարել այդ հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասների համար, հատկապես, որ Պուտինն ու Փեզեշքիանի կարծես թե պայմանավորվել են հանդիպման վերաբերյալ, ինչի մասին այսօր հայտնել է Իրանի նախագահը: Մոսկվան ու Թեհրանը պահանջնե՞ր ունեն Թուրքիայի նկատմամբ, թե՞ մշակում են պայմանավորվածության սկզբունքներ:

Ի դեպ, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություններում որևէ բան չկա Պուտինի Թուրքիա այցի թեմայի մասին: Անկարան շատ երկար ժամանակ ձգտում է դրան, իսկ Մոսկվան՝ մերժում: Սիրիայի իրադարձությունները կստիպե՞ն Պուտինին մեկնել Թուրքիա՝ պայմանով, որ Անկարան կզսպի իր ազդեցության տակ եղած խմբավորումներին:

Այն, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը Սիրիայի հարցում ունենալու են սակարկություն, կասկածից վեր է: Ի դեպ, Պուտին-Էրդողանն հեռախոսազրույցը ուշագրավ է նրանով, որ փաստորեն Սիրիայում բռնկումից մեկ օր առաջ նրանք դարձյալ հեռախոսազրույց էին ունեցել, որի վերաբերյալ հաղորդագրություններում Սիրիայի թեման գործնականում բացակայում էր, թեև անկասկած է գուցե, որ այն չէր կարող բացակայել իրականում: