Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխության» կուսակցությունների գրասենյակներում, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տալիս մտնել իրենց աշխատասենյակներ:
«Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներում, սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Կոալիցիա հանուն փոփոխության» առաջնորդներից Նիկա Մելիան։
Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի ընդլայնմանը։ Վրաստանի ՆԳՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։
Վրաստանի մի շարք քաղաքներում ոստիկանական բաժանմունքների առջև բողոքի հատուկ ակցիա են կազմակերպել վրացի կանայք և աղջիկները: Նրանք պահանջել են դադարեցնել ձերբակալությունների ժամանակ մարդկանց դաժան ծեծը:
Բացի այդ, այսօր դպրոցականների մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թբիլիսիում, Բաթումում, Ռուսթավիում և Փոթիում։ Աշակերտները հրաժարվել են մասնակցել դասերին և դուրս են եկել փողոց։
Այդ ընթացքում ոստիկանները փորձել են ներխուժել «Հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կոալիցիայի գրասենյակ։ Կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան ասել է, որ ոստիկանությունը խուզարկության թույլտվություն չի ունեցել, ուստի ստիպված է եղել հեռանալ։
Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հիմնական ուշադրությունը, ինչպես որ լինում է սովորաբար նման իրավիճակներում, սեւեռված է մայրաքաղաք Թբիլիսիում ծավալվող փողոցային պայքարի վրա։ Շատ մասնագետներ նշում են, որ Թբիլիսին հիմա եռացող կաթսա է դարձել։ Սակայն պայքարը միայն փողոցներում ու հրապարակներում չէ, որ ծավալվում է։ Էլիտար շրջանակներում եւս բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։
Վերջին օրերին առանցքային նախարարությունների մի քանի տասնյակ պաշտոնյաներ, մի քանի դեսպաններ, հիմնականում արեւմտյան երկրներում աշխատող, հայտարարել են իրենց հրաժարականների մասին՝ այդկերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով իշխանությունների այն որոշմանը, որ 4 տարով որոշել են հրաժարվել «եվրաատլանտյան ապագայից»` բանակցություններից։ Մինչդեռ, ինչպես նկատել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծական հոդվածում, վրացական իշխանությունները նույնիսկ եվրոպականացումից հրաժարման հարցում են շատ զգուշավոր արտահայտվում, ուր մնաց թե «ատլանտյան ապագայից» ամբողջությամբ հրաժարվելու հարցում ինչ-որ կոնկրետ բան ասեն։ Մեզ համար ավելի պարզ եզրաբանությամբ եթե արտահայտվենք՝ արեւմտամետներն այդ հրաժարումը համարում են «Սահմանադրությանը դավաճանություն»։ Այս տեսակետը, իհարկե, որոշակիորեն փաստարկված է։ Ի վերջո, Վրաստանի սահմանադրությունն ամրագրում է, որ երկիրը պետք է ընթանա եվրաատլանտյան ապագայի ուղիով։
Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ երկրում իրականացվի հեղաշրջում, ու քանի որ ցանկացած հեղաշրջում պահանջում է ոչ քիչ ծավալի նյութական ռեսուրսներ, հայտնի են, որ մի շարք խոշոր բանկեր եւ ընկերություններ փաստացի սկսել են աջակցել փողոցային պայքարին, ինչպիսիք են, օրինակ, Bank of Georgia-ն, ORBI Group ընկերությունը, TBC Bank-ը եւ այլն, որոնք նույնպես գտնվում են արեւմտյան ազդեցության տիրույթում։
Իրավիճակը «Վրացական երազանքի» համար իրոք բարդ է։ Պայքարը կարծես թե միտում ունի ընդլայնվելու եւ դուրս գալու «կոլեկտիվ Սահակաշվիլու» շրջանակից։ Պետք է հաշվի առնել, որ վրացական հասարակության ներսում արեւմտամետականությունը բավական ամուր է նստած, եւ նույնիսկ իշխող քաղաքական ուժի ընտրազանգվածում է այն զգալի։ Ուստի պետք էր շատ զգույշ լինել՝ նման «նուրբ լարերի» հետ խաղ սկսելուց առաջ։
Վրացական զարգացումների մասին դեռ վաղ է, իհարկե, արդյունքներն ամփոփելը, սակայն իշխող «Վրացական երազանքի» համար կա մի լավ նյուանս՝ վրացական ընդդիմությունը չափազանց պառակտված է։ Բացի այդ, առկա են մոտեցումների լուրջ տարբերություններ՝ «քաղաքաբնակ ակտիվ վրացիների» եւ «երկրի խորքերում ապրող գյուղաբնակների» մոտեցումներում, եւ դա էլ է պետք հաշվի առնել։ Թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ «քաղաքաբնակ ակտիվ վրացիներն» անհամեմատ լավ կազմակերպված են, քան «երկրի խորքերում ապրող գյուղաբնակ վրացիները», որոնք մեծամասամբ անկազմակերպ են եւ արեւմտյան փողոցային պայքարի մեթոդների մեջ հմտացած չեն։ Այնպես որ, երկրի բնակչությունը երկու, կարելի է ասել, մեծ ճամբարների է բաժանվել, եւ այս իրավիճակում իրավական լուծումը չի գծագրվում, քանի որ ընտրությունների արդյունքները վիճարկման ենթակա չեն, իրական են, եւ իշխող ուժն իսկապես ստացել է բնակչության մեծամասնության քվեն: Բայց ագրեսիվ փոքրամասնությունն էլ քիչ չէ` երկիրը ցնցումների տանելու, տեւական փողոցային պայքար գեներացնելու համար:
Բաց մի թողեք
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ