Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան Սենեգալի նախաձեռնությամբ իսրայելա-պաղեստինյան կարգավորման մասին որոշում է ընդունել:
Այն ենթադրում է, որ 2025թ. հունիսի 4-ին Նյու-Յորքում կգումարվի «Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքով «պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողով»:
Որոշման օգտին քվեարկել է 157, դեմ՝ 8 երկիր, 7 պետություն քվեարկությանը չի մասնակցել: Այս տեղեկությունը փոխանցող «Անադոլու» գործակալության Նյու-Յորքի թղթակիցը չի մասնավորեցրել, թե որ երկրներն են այդ որոշմանը դեմ քվեարկել:
Մինչդեռ ամենասկզբունքայինը հենց դա է, որովհետև մինչև միջազգային բարձր մակարդակի խորհրդաժողովի հրավիրումը Մերձավոր Արևելքում կարող է իրավիճակի այնպիսի փոփոխություն տեղի ունենալ, որ որեւէ քննարկում այլևս անիմաստ լինի:
Աշխարհի 157 երկիր Իսրայելին ճանաչել է «օկուպանտ» և պարտավորեցրել, որ վերջ տա պաղեստինյան տարածքներում վերաբնակեցմանը, արդեն իսկ այնտեղ հաստատված հրեաներին տարհանի և տեղաբաշխի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
ՄԱԿ-ի ԳԱ-ն դատապարտել է «ուժի կիրառմամբ պաղեստինյան տարածքներում ժողովրդագրական իրավիճակը փոխելուն ուղղված» Իսրայելի իշխանությունների քաղաքականությունը:
Պարզ է, որ միջազգային քաղաքականության և մասնավորապես մերձավորարևելյան կարգավորման օրակարգը և սկզբունքները որոշում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունները, որ ունեն «վետոյի» իրավունք և միջուկային զենք ու այն կիրառելու սպառնալիքով` սեփական շահերն առաջ մղելու ութսուն տարվա փորձառություն:
Ֆորմալ առումով այդ երկրները հարգում են ՄԱԿ-ի ԱԽ 1947թ. Բանաձևը և ճանաչում պաղեստինցի արաբների անկախ պետություն ունենալու իրավունքը: Գործնականում, սակայն, նաև նրանց համաձայնությամբ և մասնակցությամբ է տեղի ունեցել արաբա-իսրայելական մի քանի պատերազմ, ձևավորվել ներկայիս ստատուս-քվոն:
Մյուս կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշման աջակցած որոշ երկրներ, այդ թվում և Թուրքիան, տարիներ, տասնամյակներ շարունակ զինել են պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին և լիբանանյան «Հեզբոլլային» և նախապատրաստել Իսրայելի դեմ պատերազմի:
Ըստ էության Մերձավոր Արևելքի հարցում, ինչպես ասում են, «բոլորը բոլորին գիտեն», որևէ գաղտնիք չկա, թե ինչու՞ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի պահանջները չեն կատարվում, և Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք չի հռչակվում:
Այդպես է, որովհետև 2017թ. ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել այնտեղ, և տասնյակ երկրներ հետեւել են նրա օրինակին, իսկ, ասենք, Ռուսաստանի դեսպանի նստավայրը մնացել է անփոփոխ:
Խիստ ուշագրավ է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինի հիմնախնդրի կարգավորման մասին որոշում է ընդունում մի իրավիճակում, երբ ուժի մեջ է մտել իսրայելալիբանանյան հրադադարը, կան ակնկալիքներ, որ կկայանա նաև ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը, բայց մյուս կողմից կտրուկ սրվել է Սիրիայի ներքին ճգնաժամը: Իհարկե ոչ առանց արտաքին միջամտության, բայց խնդրի տիրապետող ընկալումն այն է, որ «այնտեղ քաղաքացիական պատերազմ է»:
Կարելի է վստահաբար ասել, որ Պաղեստինի կարգավորման հարցով միջազգային բարձր մակարդակի խորհրդաժողով կարող է գումարվել, խոսքը կանխատեսելի արդյունավետ ելքով միջոցառման մասին է, եթե մինչ այդ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը սկզբունքային պայմանավորվածությունների հասնեն Ուկրաիանայում:
Ոչ մի ազդակ առայժմ չկա, որ Վլադիմիր Պուտինը կընդառաջի պատերազմը սառեցնելու առաջարկությանը: Իսկ ԱՄՆ-ը, հավանաբար, ավելի մեծ զիջման չի կարող գնալ:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի