Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական պարգև է շնորհել «Արևմտյան Ադրբեջանի իրողությունները պրոպագանդելու» գործում աչքի ընկած մի շարք մարդկանց:
Այս քայլով պաշտոնական Բաքուն գործնականում բաց տեքստով ներկայացնում է, որ «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ այսպես կոչված հասարակական գործունեությունը այլ բան չէ, քան Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մի մաս:
Ըստ էության՝ դա, իհարկե, որևէ կերպ չէր էլ կարող լինել կասկածի ենթակա, քանի որ Ադրբեջանում պատկերացնել հասարակական գործունեություն առանց Ադրբեջանի պաշտոնական հովանու, պարզապես միամտություն է:
Տվյալ պարագայում էական ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանի նախագահը պաշտոնական պարգևատրումով, ըստ էության, ստանձնում է բաց պատասխանատվություն այն արշավի համար, որ իրականացվում է «արևմտյան ադրբեջանցիների իրավունքների» անվան տակ, ինչի ներքո նկատի է առնվում Հայաստանի հանրապետության տարածքը:
Ալիևը հերթական անգամ հայտարարել է՝ Բաքվում ընթացող համաժողովում, որ Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների իրավունքների վերականգնման» ուղղությամբ: Սա նշանակում է, որ բանակցության այսպես ասած «նոր փուլի» համար Ադրբեջանը թերևս առաջ է քաշելու այդ պայմանը՝ «արևմտյան ադրբեջանցիների իրավունքի վերականգնում», որի անվան տակ իհարկե Բաքուն դիտարկելու է «վերադարձի իրավունքը»: Այն, իհարկե, կփաթեթավորեն նաև այսպես կոչված «անկլավների» թեմայով:
Հայաստանի վարչապետ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հայտարարեց, որ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի որևէ հիմք: Ադրբեջանը «արևմտյան ադրբեջանցիների իրավունքների» հարցը դարձնելու է այդպիսի հիմք, ձգտելով Երևանի համար ստեղծել «կամ-կամ» ծուղակ: Մինչդեռ, «արևմտյան ադրբեջանցիների ոտնահարված իրավունքի», հետևաբար դրա «վերականգնման» հարց գոյություն չունի և չի ունեցել:
Այո, ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, որոնք սակայն Հայաստանից հեռացել են առանց որևէ ուժային ճնշման, հեռացել են տնօրինելով իրենց գույքը, որոշներն անգամ ստանալով փոխհատուցում՝ Հայաստանի Խորհրդային հանրապետության կառավարության որոշմամբ:
Իրավունքի վերականգնման խնդիր ունեն Ադրբեջանում ապրած հայերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման և բռնի տեղահանության ենթարկված արցախահայությունը: Հայաստանը սակայն չի խոսում այդ ամենից, գուցե համարելով, որ չխոսելով նաև չի «հրահրում» Ադրբեջանին: Բայց, Ադրբեջանը ուժգնացնում է պաշտոնական պրոպագանդան ու պահանջները:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը. Լուսանկար
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է