Վրաստանում իրավիճակը մնում է ծայրահեղ լարված: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն գտնում է, սակայն, որ մայդանի չորրորդ փորձը նույնպես ձախողվել է: Ընդդիմության առաջնորդներից Գեորգի Վաշաձեի գնահատմամբ՝ իշխող կուսակցությունը ներքին ճգնաժամ է ապրում։ Այդ տեսակետը նա հիմնավորում է դեկտեմբերի 4-ի հանրահավաքին ոստիկանության չմիջամտելու փաստով:
Ըստ երևույթին՝ նա ակնարկում է, որ ուժայինները դեմ են քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառմանը: Որոշ ցուցարարներ, իրոք, ենթարկվել են բռնությունների, տասնյակ անձինք գտնվում են բժշկական հաստատություններում: Այս առումով, գուցե, իշխանությունների համար զգաստացնող է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ արձանագրված է, որ ոստիկանությունը «ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ հետապնդումներ է իրականացրել»:
Ընդդիմությունն իր հերթին «Միասնական տեղեկատվական կենտրոն» է ստեղծել և առաջին հայտարարությամբ «բեմականացում» որակել ՆԳՆ տարածած տեսանյութերը, որ, ենթադրաբար, պատկերում են մի քանի կուսակցական գրասենյակից «Մոլոտովի կոկտեյլների» և «դյուրավառ նյութերի ու քիմիական լուծույթների առգրավումը»: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերստին «միակ սահմանադրական ինստիտուտ» է անվանել իրեն եւ ասել, որ պարտավոր է «երկիրը պահել օրինական ընթացքի մեջ»:
Դեկտեմբերի 4-ին Վրաստանում իրավիճակին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նրա ձեւակերպումները կարելի էր «ստանդարտ» և անգամ էականորեն «ոչինչ չասող» որակել, եթե չնկատվեր մի նուրբ հանգամանք. ԱՄՆ պետքարտուղարը «բռնությունները դադարեցնելու, հավաքների ազատության իրավունքը հարգելու եւ ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու» կոչ է արել ոչ թե Վրաստանի կառավարությանը, վարչապետ Կոբախիձեին, այլ «Վրացական երազանք» կուսակցությանը:
Եթե նման հայտարարություն հնչեր խորհրդարանական ընտրություններից մինչեւ կառավարության ձւավորում ընկած ժամանահատվածում, ապա արտառոց ոչինչ չէր լինի: Երբ Վրաստանի խորհրդարանը նիստ է գումարել, ընտրել խոսնակ, նշանակել վարչապետ, իրենց պաշտոններում հաստատել կառավարության անդամներին, իսկ ստեղծված իրավիճակից ելքի առաջարկություն կամ պահանջ ԱՄՆ-ն հասցեագրում է «Վրացական երազանք» կուսակցությանը, չի՞ նշանակում արդյոք, որ Սպիտակ տունը լեգիտիմ չի ճանաչում թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունը:
Ներքին գործերի նախարարը, քրեական ոստիկանությունը, Պետական անվտանգության և Պետական պահպանության ծառայությունը, այսինքն՝ ուժային կառույցները, որ մի քանի անգամ ցրել են հանրահավաքը, ուժ և հատուկ միջոցներ կիրառել, ձերբակալություններ ևխուզարկություններ անցկացրել, ֆորմալ առումով ենթարկվում են կառավարությանը, վարչապետ Կոբախիձեին: ԱՄՆ պետքարտուղարը, մինչդեռ, իրավիճակի պատասխանատու է ճանաչում «Վրացական երազանք» կուսակցությանը, փաստացի՝ Վրաստանի «գորշ կարդինալ» Բիձինա Իվանիշվիլիին:
Դատելով Վրաստանի իշխանությունների քաղաքական վարքից, Թբիլիսիում սպասում են ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի պաշտոնամուտին և ակնկալում են, որ նոր վարչակազմի հետ կհասնեն հարաբերությունների վերբեռնման: Այս առումով պետքարտուղար Բլինքենը, կարծես, սահմանում է «կարմիր գիծ»: Մինչև հունվարի 20-ը Թբիլիսիում «հանգուցալուծում կլինի՞»:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը. Լուսանկար
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով