Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք հսնդիսացող Գյումրիում, ըստ էության, քաղաքային իշխանությունը բռնազավթելու կամ, միջազգային եզրաբանությամբ ասած, ուզուրպացնելու փորձ է:
Հիշեցնենք, որ «հայրաքաղաքն» անիշխանության էր մատնվել այն բանից հետո, երբ ողջ կազմով հրաժարական տվեց կառավարող «Բալասանյան» դաշինքը։ Միանգամից 14 մանդատները վայր դնելու առիթը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների դեմ քրեական հետապնդումներն էին. նրանք մեղադրվում են պատմական «Սեւ բերդ» ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի օտարելու համար: Դաշինքի հրաժարականի արդյունքում ավագանիում ձայների առավելությունն անցել է ընդդիմադիր «Քաղպայմանագիր» խմբակցությանը, որը, սակայն, ունեցած 11 մանդատով չէր կարող նույնիսկ քվորում ապահովել նիստ գումարելու համար:
Կարճ ասած՝ անցանկալի հանգամանքները հանգեցրել են նրան, որ ավագանիում քվեների անբավարար թվաքանակը քաղաքային իշխանություն կազմավորելու հնարավորություն չի տալիս: Եվ Գյումրին առժամանակ մնում է «անգլուխ», ինչի հետեւանքով քաղաքային տնտեսության մի շարք ծառայություններ կաթվածահար վիճակում են: Ի՞նչ անել՝ միգուցե արտահերթ ընտրություննե՞ր… Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ իր մասնագետները միաբերան պնդում են, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել «առանց վարչապետի կողմից ԺՊ նշանակելու»։
Թե ովքեր են վարչապետի աթոռը զբաղեցնող անձին խորհուրդներ տվող մասնագետները, մենք չգիտենք, սակայն մի բանում համոզված ենք՝ Փաշինյանը ստեղծված իրավիճակից կփորձի օգտվել՝ ի նպաստ սեփական իշխանության երկարաձգման, որը, կարծես թե, սկսել է ճաքեր տալ: Ժողովրդավարության գոնե փշրանքներ լինեին Հայաստանում՝ երկրի առաջին դեմքը նման դեպքերում (երբ պահանջվում է ՏԻՄ կառույցներում քաղաքական մեծամասնությանը փոխարինող կազմի համալրում), համայնքապետի ժամանակավոր թեկնածու կառաջադրեր ոչ թե գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցության անդամի կամ համախոհի, այլ՝ անկուսակցական մեկին:
Բայց Փաշինյանը գնում է բացառապես սեփական շահերից բխող ճանապարհով, որով անցած 90-ականների առաջին կեսին գնում էր ՀՀՇ-ն՝ առաջնորդվելով «թող պոլի փեդ լինի, բայց մերը լինի» սկզբունքով: Ի՞նչ կա Փաշինյանի մտքին. նա որոշել է առաջիկայում՝ ավելի ստույգ դեկտեմբերի 8-10-ը, Գյումրիում անցկացնել նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «primaries»: Փաստն այն է, որ ՔՊ-ն հասկանալի պատճառով խուսափում է Գյումրիում արտահերթ ընտրություններ նշանակել, նախ կփորձեն հասկանալ ՔՊ-ի հնարավորությունները, շոշափել բնակչության տրամադրությունները, ապա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ կլինի իրենց քաղաքապետի թեկնածուն:
Այնուամենայնիվ՝ ո՞րն է «primaries»-ի իմաստը: Գործադիրի ղեկավարն այդ հարցին անդրադարձել է. «Մեր խնդրանքով ՔՊ կուսակցության անդամների, համակիրների ու համախոհների շրջանակից կառաջադրեն կամ կառաջադրվեն թեկնածուներ, որոնց որոշ քաղաքական չափանիշներով կգրանցենք, ինչից հետո Գյումրիի բնակիչների շրջանում որոշակի սկզբունքով, այդ թվում՝ պատահականության, կիրականացնենք քվեարկություն եւ քվեարկության արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- նշել է նա:
Փաշինյանը երբեք չի թաքցրել Տեղական ինքնակառավարման մարմինների ներուժն իր ձեռքում կենտրոնացնելու մարմաջը, չի հանդուրժել ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը եւ ջանացել է ամեն գնով ապահովել ՔՊ-ի հաջողությունը: Վերջին 2-3 տարում բազմաթիվ համայնքներում ընտրությունները տխուր ավարտ են ունեցել կառավարող ուժի համար. ՔՊ-ին մերժել են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում Բերդում, Վարդենիսում, Սիսիանում, Վեդիում, Թալինում ու տասնյակ այլ մեծ ու մանր համայնքներում: Բայց «կացնային» միջոցների գործադրմամբ, այն է՝ կալանավորումներ, ծեծուջարդ, կրկնական ընտրություններ, միշտ հաջողել է «ճանկռտել» հաղթանակը՝ կեղծելով քաղաքացու քվեն:
Այժմ Գյումրիում Փաշինյանը փաստացի նոր, ավելի «փափուկ» տեխնոլոգիա է ուզում յուրացնել, ինչը հաջողելու դեպքում կփորձի այն կիրառել նաեւ մյուս համայնքներում: Իսկ ունենալ հնարավորինս շատ «յուրային» ՏԻՄ-եր՝ նշանակում է ունենալ անվրեպ հաղթանակ ԱԺ գալիք ընտրություններում:
Բաց մի թողեք
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է
Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական, սակայն իրականությունն այլ է. Լուսանկար
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով