05/02/2025

Ինչ է Էրդողանն առաջարկում Պուտինին, ինչ է կատարվում մեր տարածաշրջանում

«Այժմ ԱՄՆ-ում իշխանության է եկել Թրամփը: Տեսնենք, թե ինչպես է ձևավորվում նրա գլխավորությամբ նոր վարչակազմը: Աշխարհն ընդհանուր առմամբ գնում է դեպի բոլորովին նոր ապագա: Այս առումով առաջիկա երկու-երեք ամիսները մեզ համար չափազանց կարևոր են»,- Գազիենթափայում ուսանողների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ մասին հաղորդում է «Անադոլուն»: Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում մնացել է երկու իրական առաջնորդ: Մեկն ինքն է, մյուսը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բոլոր առումներով է պատաժային այս միտքը նա հնչեցրել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի Փարիզ այցելության, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ նրա և Ուկրաինայի նախագահ Զելենսկու բանակցություններից և Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչախմբի տապալումից, Գոլանի բարձունքներ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի այցից հետո: Էրդողանը, ըստ էության, Վլադիմիր Պուտինին ոչ թե պարզ հաճոյախոսություն է արել, այլ՝ համագործակցության առաջարկություն, որ, գուցե, կարելի է հասկանալ նաև այն իմաստով, որ այլընտրանք կարող է լինել ռուս-թուրքական դիմակայությունը:

Փորձագիտական հանրության, քաղաքական շրջանակների ուշադրությունից, կարծես, դուրս մնաց մի չափազանց կարևոր տեղեկատվություն. Մոսկվայում Իրանի դեսպանատունը դեկտեմբերի 5-ին սոցցանցային գրառմամբ իրազեկել է, որ Ռուսաստան է ժամանել ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական հարցերով տեղակալ այաթոլլա Ղումին՝ բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ:

Այդ այցի մասին կողմերից ոչ մեկը հավելյալ տեղեկություն չի տարածել, ինչից հասկացվեց, որ Մոսկվան և Թեհրանը Սիրիայի հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել: Հաջորդ օրն Իրանի արտգործնախարար Արաղչին ասել է, որ Բաշար Ասադի ապագա ճակատագիրը «ոչ ոք կանխատեսել չի կարող»:

Իսրայելական մամուլը հայտնում է, որ «Հեզբոլլան» իր բոլոր խմբավորումները Սիրիայից հեռացրել է: Չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, Իրանը Սիրիայի կառավարական ուժերին ռազմական օգնություն չի ցուցաբերել: Ըստ թուրքական աղբյուրների՝ Սիրիայի «ապստամբական ուժերը քուրդ ահաբեկիչներից ազատագրել են Մանջիբը»:

Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական փաստացի ինքնավարությունը վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը: Անկարան արտգործնախարար Ֆիդանի մակարդակով հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կկատարի խոստումը» և իր զորախումբն այդ շրջանից կհեռացնի:

Ասադի ռեժիմի տապալմամբ Սիրիայի խնդիրը չի կարգավորվում: Ավելին, հակասությունները սրվում են, բացահայտվում են նոր սպառնալիքներ: Արդեն երրորդ օրն է՝ ամերիկյան օդուժը «հարթուկում է» Սիրիայի հյուսիս-արեւելքը: Ֆորմալ բացատրությունն այն է, որ «ԴԱԵՇ-ը կարող է առիթն օգտագործել և կրկին քաոս սերմանել»: Փորձագետները հիշեցնում են, որ Դամասկոսը գրաված ուժերի պարագլուխ ալ-Ջուլանին ժամանակին «ԴԱԵՇ-ի գրոհային խմբավորումներից մեկի հրամանատարն է եղել»:

Բաշար ալ-Ասադին տապալած ուժերը թուրքամետ են և դա չեն թաքցնում: Նրանք գրաված քաղաքներում սեփական տարբերանշանների կողքին բարձրացրել են Թուրքիայի պետական դրոշը: Նաթանյահուն ասել է, որ Իսրայելի սահմանների հարեւանությամբ «թշնամական որևէ ուժի ներկայություն չի հանդուրժվելու» և արդեն իսկ հրամայել է, որ բանակը գրավի Սիրիայի հետ բուֆերային ամբողջ գոտին, բոլոր իշխող բարձունքները:

Սիրիայից «Հեզբոլլայի» խմբավորումները հեռացնելու մասին թուրք-իրանական պայմանավորվածություն կա՞: Իրանի արտգործնախարարն Անկարա է մեկնել Դամասկոսից և, ըստ երևույթին, արդեն համոզված էր, որ Ասադի ռեժիմի ժամերը հաշվված են:

Միացյալ Նահանգների ընտրված նախագահն արդեն իսկ ուկրաինական պատերազմն անվանել է «անիմաստ խելացնորություն»: Կրեմլը հակադարձել է, որ պատրաստ է կրակի դադարեցմանը, եթե Ուկրաինան հրաժարվի Ղրիմից և չորս մարզերից:

Դա Դոնալդ Թրամփի հասցեին ծաղր է: Ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին այլեւս ակտուալ չի լինի:

Դա Իլհամ Ալիևին չափազանց ծանր բեռից կազատի: Եթե, իհարկե, Էրդողանը Պուտինին չի առաջարկում, որ կլինի Ալիևի հավատարմության երաշխավոր: Բայց ինչի՞ դիմաց: Ղրիմում «կուլտուր-ազգային ավտոնոմիայի՞»: