Հայաստանում շինարարական նորմերի խախտումները հաճախակի հանդիպող երեւույթ են։ Այս ոլորտում տարեցտարի ողբերգական դեպքերի աճ է նկատվում, ինչը կապված է մի շարք գործոնների հետ՝ օրենսդրական բացեր, վերահսկողության թերություններ, շահագրգիռ կողմերի անփույթ վերաբերմունք եւ այլն։
Հրապարակ թերթը գրել է․ Այս խնդիրն արտահայտվում է տարբեր ձեւերով՝ սկսած նախագծային սխալներից, վերջացրած անվտանգության կանոնների անտեսումով: Հիմնական խնդիրներից են նախագծային խախտումները, երբ շատ դեպքերում շինարարական նախագծերը չեն համապատասխանում ընդունված շինարարական նորմերին եւ պահանջներին, վերահսկողության պակաս կա. պետական մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայությունը թույլ է տալիս շինարարական ընկերություններին՝ խախտել նորմերը՝ ժամկետները տնտեսելու կամ պրոցեսներն արագացնելու նպատակով, շինանյութերի որակի անհամապատասխանություն կա, ինչը նվազեցնում է շինության դիմադրողականությունը եւ այլն։
Այս տարիներին էլիտար շինարարությունների վրա աշխատող բանվորների մահվան բազմաթիվ դեպքերի մասին ենք լսել: Նախօրեին էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել․ Իրանի 39-ամյա քաղաքացին Երեւանում ընկել է կիսակառույց շենքի վերելակի հորանն ու մահացել։ Պարզվել է, որ Երեւան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից է քաղաքացին ընկել վերելակի հորանը։ Այս դեպքից առաջ էլ՝ ամռանը, Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետեւանքով մահացել էր Տաջիկստանի Հանրապետության քաղաքացին` 26-ամյա Էզիզ Արտիկովը, որն այդ նորակառույցի բանվորներից էր։
Երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը, նկատելի է դառնում, որ նորակառույցներից ընկած մարդիկ, որոնց կյանքը հիմնականում չի հաջողվում փրկել, չեն պահպանել անվտանգային կանոնները։ Նախապես տեղյակ չեն եղել ավտանգության կանոնների պահպանման սկզբունքներին, ընդունվել են աշխատանքի` առանց համապատասխան պատրաստության եւ գիտելիքների: Կառուցապատողներն էլ համապատասխան հսկողություն եւ աշխատանք չեն տարել: Սա է պատճառը, որ դեպքերը հաջորդում են մեկը մյուսին։ Մեր նշած վերջին դեպքի մասին, որն առնչվում է տաջիկ քաղաքացու մահվանը, հետաքրքրվեցինք Քննչական կոմիտեից։ Մեզ փոխանցեցին, որ քրեական գործ կա, որը նախաքննության փուլում է․ «Դատաշինարարատեխնիկական փորձաքննություն է նշանակված, որով դեռ եզրակացությունը չենք ստացել։ Նախաքննության փուլում է վարույթը, որն արդեն քանի ամիս է՝ ընթանում է»։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գուրգեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կառուցապատողները ներգրավում են կապալառու՝ շինարար, եւ վերջինն է անվտանգության կանոնները պահպանողը․ «Դժբախտ պատահարներ, կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս, այդ ամեն ինչի պատասխանատուն, այդ թվում՝ շինհրապարակում անվտանգության նորմերի պահպանումը, շինարարն է իրականացնում` իր աշխատակազմի նկատմամբ։ Շինարարն է տրամադրում արտահագուստից սկսած, անվտանգային պարաններից վերջացրած ամեն ինչ, նա է պարտավոր ստուգել՝ ալկոհոլ կա՞, թե՞ չկա, թմրանյութ կա՞, թե՞ չէ, սթա՞փ են, թե՞ ոչ, առողջական խնդիր կա՞, թե՞ չկա։ Օրինակ, մարդը բարձրանում է, որ աշխատի, պետք է ստուգել՝ ճնշման խնդիր հո չունի՞ տվյալ մարդը»։
Գրիգորյանը նշում է՝ այժմ պետական մարմինները խիստ հսկողություն են իրականացնում այս ոլորտում, եւ ավելացնում է՝ որեւէ մեկն ապահովագրված չէ դժբախտ պատահարներից․ «Օրինակ, քամու ուղղությամբ, անձրեւային եղանակներով պայմանավորված՝ կարող է լինել դժբախտ պատահար։ Այժմ ունենք պետական մարմինների կողմից խիստ հսկողություն, որոնք իրոք գալիս եւ հսկողություն են իրականացնում»։ Նրա խոսքով՝ եթե որեւէ մեկի կյանքին եւ առողջությանը վնաս չի հասցվել, որպես պատիժ՝ անվտանգային կանոնները խախտելու համար, հարուցվում է վարչական վարույթ, շինարարը տուգանվում է, հակառակ դեպքում, երբ մարդ է մահացել, կամ առողջությանը վնաս է հասցվել, քրեական գործ է հարուցվում։
Տարվա սկզբին էլ Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցեում կառուցվող նորակառույցից էր շինարարն ընկել ու մահացել։ Այդտեղ շինարարությունն իրականացնում է Երեւանում մեծ կառուցապատող «Արտքոմփանի» ՍՊԸ-ն։ Այս ընկերության փոխտնօրեն Արայիկ Քուրդյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է պատասխանատու այս դեպքի համար։ Նա պատասխանեց․ «Մենք կառուցապատող ընկերություն ենք, ցանկացած դժբախտ պատահարի համար պատասխանատվություն է կրում շինարարական ընկերությունը, իհարկե՝ մենք էլ ունենք մեր հետեւողականությունը, տարբեր հսկողական մեխանիզմներ կան։ Մենք անվտանգության գծով պատասխանատու ունենք, որն ամենօրյա հսկողությամբ այնտեղ աշխատում է»։
Նա նշեց, որ շինարարները բարձր հարկերում աշխատելիս պարանով կապվում են, ստուգվում է, որ խմած չլինեն եւ այլն։
Անդրադառնալով նաեւ այն հարցին, որ եթե դժբախտ դեպք է լինում, որեւէ փոխհատուցում ստանո՞ւմ է ընտանիքը, ասաց․ «Եթե մեր մասով լինի, Աստված չանի, ընտանիքին գումարային աջակցություն տրամադրվում է»։
Նշենք, որ մեկ տարի առաջ շինհրապարակներում անվերջանալի խախտումները վերացնելու համար Քաղաքաշինության կոմիտեի առաջարկությամբ 5-20 անգամ մեծացվեց կառուցապատող ընկերությունների նկատմամբ կիրառվող տուգանքների չափը։ Շինհրապարակում տեխնիկական վթարների եւ մարդկային զոհերի դեպքում վարչական պատասխանատվությունը հասցվել է 20 մլն դրամի, իսկ նախագծային ու փորձագիտական կազմակերպությունները նման դեպքերում զրկվում են լիցենզիայից։
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն