12/12/2024

Սիրիան՝ նոր քաոսի սկիզբ

Մոսկվան պաշտոնապես հաստատեց՝ Բաշար Ասադին ու նրա ընտանիքին ապաստան են տվել, բայց Պուտինի օրակարգում Ասադի հետ հանդիպման հարց չկա։ Կրեմլը հայտարարել է, որ Սիրիայում կատարվածն անակնկալի է բերել Ռուսաստանին։

Հրապարակ թերթը գրել է․ «Տեղի ունեցածը, ընդհանուր առմամբ, թերեւս ողջ աշխարհին է զարմացրել, մենք էլ տվյալ դեպքում բացառություն չենք»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինն «այսպես, թե այնպես, շարունակելու է» խորհրդակցությունները Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների հետ՝ Սիրիայի իրավիճակի հարցով։

Սիրիայում իսլամիստ գրոհայինների հաղթանակն ու Ասադի իշխանության տապալումը, նախեւառաջ, թուրքական հաղթանակ էր ու տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացում՝ ոչ առանց արեւմտյան գլոբալիստական ուժերի ներգործության։ Ըստ կանխատեսումների, Սիրիան պատերազմներից շունչ չքաշող Մերձավոր Արեւելքում քաոտիկ զարգացումների սկիզբն է միայն, ու ալիքը հնարավոր է շարունակվի։

Իսրայելն արդեն սկսել է գործել։ 1973 թվականից ի վեր առաջին անգամ Ցախալը հատել է Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտին։ Իսրայելի եւ Թուրքիայի գործողությունները սինքրոն են։ Իսրայելը չի վախենում մերձավորարեւելյան տարածաշրջանում Թուրքիայի աճող դերից, նրա համար կարեւոր է նվազագույնի հասցնել Իրանի դիրքերը։ Անգամ Չինաստանն է իր զինուժը մոտեցրել Թայվանի ափերին:

Քաղաքագետ, արեւելագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փորձագետ Կարինե Գեւորգյանը Սիրիայում կատարվածը համարում է թույլ տրված մի շարք բացթողումների հետեւանք՝ թե՛ սիրիական արդեն նախկին իշխանությունների, թե՛ Իրանի ու Ռուսաստանի կողմից։ «Դա երկար պատմություն է, հասկանո՞ւմ եք, գեներալական կորպուսի կորուստը, որը նախկինում մարոնիտներն էին ձեւավորում, նրանց փոխարինումը յուրայիններով, ամբողջ այդ նեպոտիզմը, որը կար․․․ Ալավիներն ու Ասադի ընտանիքը դադարել էին լինել կոնսենսուսային սուբյեկտը Սիրիայում։ Սա առաջին պատճառն էր, այս մասին մի ամբողջ դասախոսություն կարելի է կարդալ»,- «Հրապարակ»-ին ասում է արեւելագետը։

Սիրիայում տեղի ունեցածը, նրա ձեւակերպմամբ, պայմանականորեն կարելի է անվանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հեռացող ղեկավար Ուիլյամ Բըրնս-ՄԻ 6-ի ղեկավար Ռիչարդ Մուր մեմորանդումի գործողություն։ «ԱՄՆ-ի դաշնակիցները, որոնք ֆինանսավորվում ու հովանավորվում են Պենտագոնի կողմից, Սիրիայում կռվում են ԿՀՎ-ի կողմից հովանավորվող ուժերի դեմ, այնպես որ՝ իրավիճակը Սիրիայում ամենեւին դեռ պարզ չէ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, հասկանալի է, որ նա ցնծության մեջ է, բայց կարծում եմ՝ թուրքական իշխանությունն իրեն հաշիվ է տալիս այն հարցում, որ երկարաժամկետ հեռանկարում՝ քրդական գործոնով պայմանավորված, Սիրիայում Թուրքիայի համար «թեթեւ զբոսանք» չի լինելու։ Եվ թե ինչ կլինի հետագայում, դա շատ մեծ հարց է, որովհետեւ սա ոչ այնքան ԱՄՆ-ի, որքան գլոբալիստական ուժերի գործողությունն էր, պայմանական նրանց անվանենք Ռիչարդ Մուր-Ուիլիամ Բըրնս մեմորանդում, ահա՝ այս ուժերն են թատերաբեմում․ երկու հատուկ ծառայությունների ղեկավարները՝ հեռացող՝ ամերիկյան, եւ դեռեւս գործող՝ բրիտանական»,- ասում է արեւելագետը։

Կարինե Գեւորգյանի խոսքով, քրդերն արդեն գիտակցում են, որ իրենց հարվածելու են, բայց նրանք շատ են եւ վատ զինված չեն։ Այստեղ, ըստ մասնագետի, հարցն այն է, թե ինչպես նրանց հետ կաշխատեն Թրամփն ու Իսրայելը, որովհետեւ ակնհայտ է, որ Իսրայելն իր հետաքրքրություններն ունի եւ սերտացնելու է փոխգործակցությունը քրդերի հետ։ Սիրիայում Ասադի ռեժիմի անկումն արդյո՞ք Ռուսաստանի պարտությունն է։ Կարինե Գեւորգյանի խոսքով, այն, որ սա Ռուսաստանի համար չափազանց տհաճ եւ հետեւանքներ ունեցող իրադարձություն էր, փաստ է, բայց պարտության վերաբերյալ նման կտրուկ գնահատականներից հարկ է խուսափել, որովհետեւ դեռ հայտնի չէ, թե այս իրավիճակն ինչպես կարող է շրջվել։

«Բնականաբար, արեւմտյան պրոպագանդան պետք է ասի, որ Ռուսաստանը թողեց Սիրիային, Հայաստանին ու, առհասարակ, Ռուսաստանն անվստահելի մրցակից է։ Իհարկե, նման գնահատականների վրա զարմանալ պետք չէ, բայց այդչափ պրիմիտիվ եւ պաստառային գնահատականը, ըստ իս, մեզ չի տանում տեղի ունեցողը հասկանալու ճանապարհով»,- ասում է Կարինե Գեւորգյանը։ Սիրիայում թուրքական դիրքերի ուժեղացումը, ըստ մեր զրուցակցի, մեծացնում է Հարավային Կովկասում զարգացումների հավանականությունը։ Կարինե Գեւորգյանը չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հարձակվել Հայաստանի վրա։ Նա նկատում է՝ Հայաստանի տարածքով արդեն իսկ հետախուզական անօդաչու թռչող սարքեր են թռչում՝ արձակված Թուրքիայից եւ Ադրբեջանից։
«Ադրբեջանը կարող է հարձակվել հայկական Սյունիքի մարզի վրա, որն ընկած է Իրանի հետ սահմանին, եւ թուրքերն օգնության կգան նրան։ Առաջիկա զարգացում կարող է լինել նաեւ պայթյունը Միջին Ասիայում եւ Ղազախստանի հարավ-արեւելքում, ես նկատի ունեմ Ղրղզստանը, Աֆղանստանը, որը հիմա ցնծության մեջ է Ասադի անկումից։ Ես առնվազն երկու օրերին այլ մեկնաբանություն տալ չեմ կարող, ամեն ինչ կախված կլինի կոնտեքստից»,- եզրափակում է Կարինե Գեւորգյանը։