12/12/2024

Սերիալ հիշեցնող, սուտ, ստորության հասնող պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների կողմից իր մասին արված հրապարակումներին, ըստ որոնց՝ ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ է ստացել:

«Սիրելի՛ երևանցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԶԼՄ ներկայացուցիչներ,

արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված, և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել:

Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ եմ ստացել:

Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրն իմ մտերիմ ընկերներից է՝ ում հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր, թե միջնորդավորված և թե ուղիղ չեմ ստացել:

Ըստ այդմ, թե նախկինում, թե ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են:

Նաև փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների համատեքստում, ինչը՝ բնականաբար հերքում եմ և նաև հավելում, որ առնվազն զրպարտություն է:

Միաժամանակ տեղեկացնում եմ՝ սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այս պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու»,- գրել է Փամբուխչյանը: