Հրապարակի զրուցակիցն «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է:
– Երեկ մարդու իրավունքների պաշտպանության օրն էր: Երբ ասում ենք` մարդ, մարդու իրավունքներ, նկատի ունենք նաեւ սպառողի իրավունքները: Քաղաքացիները, հատկապես Ամանորից առաջ, դժգոհում են՝ շուկայում չկա վերահսկողություն, որ սննդամթերքը թանկանում է 10, 20, 30 եւ ավելի տոկոսով, եւ ոչ ոք դա չի զսպում: Ձեր գնահատմամբ` Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս առումով չունի՞ անելիք:
– Ես նման կոմպլիմենտ չեմ անի եւ չեմ ասի, որ թանկացումներ միայն տոներից առաջ են լինում Հայաստանում, որովհետեւ ամենուր անվերահսկելի իրավիճակ է` տարվա բոլոր եղանակներին ու ամիսներին: Բնական է, որ տոներից առաջ այդ իրավիճակը դառնում է առավել անվերահսկելի: Շուկայի վերահսկողության մարմինն այս առումով չունի գործառույթ: Գների վերահսկողության հետ կապ չունի այդ մարմինը: Անվտանգության հետ կապված հարցերով են զբաղվում: Թերակշռումների, սարքերի որակը ստուգելու առումով այդ կառույցն ունի վերահսկման իրավունք: Գների չարաշահման մասով անելիք ունի մրցակցային մարմինը: Հայաստանում տարիներ շարունակ նոր որակների եւ ստանդարտների մասին է խոսվում, բայց իրականում, եթե արձանագրենք փաստերը, ապա կնկատենք, որ եթե մրցակցային պաշտպանության մարմնի ոլորտում գործառութային իմաստով ինչ-որ դրական երեւույթներ կան, ապա մյուս տեսչական ոլորտներում վիճակը ժամ առ ժամ վատանում է: Ոչ միայն չկա դրական տեղաշարժ, այլեւ ամեն րոպե փոխվում է դեպի վատը: Զավեշտալի է, բայց այս համակարգի հետ կապված՝ սա թերեւս լավագույն գնահատականն է: Հանրային հեռուստաընկերության եթերում մի քննարկում էր` տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, խոսվում էր, որ, այ, տեսեք, Հայաստանը շուտով կունենա լաբորատորիաներ, որոնք կարող են անել ինչ-ինչ կարեւոր աշխատանքներ, ասում են՝ բացառիկ ջանքերի շնորհիվ կարողացել են կայացնել: Բարդ, սպեցիֆիկ ոլորտ է, այդ հարցերի շուրջ հանրային քննարկումները չեն ունենում այն էֆեկտիվությունը, ինչը կարող են ունենալ փակ մասնագիտական քննարկումների ժամանակ: Դեռեւս 2016-2017 թվականներին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը բարելավելու պարտավորություն է ստանձնել Հայաստանը: Ֆիքսենք տարեթվերը: Այս տարիների ընթացքում բացառապես ժամկետ է երկարացվել, ժամանակացույցերը, որոնցով նախագծեր պետք է իրականացվեն, ուշացվել են, իսկ չափորոշիչները կյանքի չեն կոչվել: 6 տարվա մեջ ոչ մի հաջողություն չարձանագրած մարդիկ այսօր Հ1-ի եթերից հայտարարում են, որ աշխատում են: Սպառողների իրավունքների հարցերն իրականում տնտեսության վրա թողնում են ազդեցություններ: Երբ ապրանքի որակի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնում ես, որակը բարելավում ես, բարելավվում է նաեւ ընդհանուր մրցունակությունը: Այսօր Հայաստանը բարձր որակի պրոդուկտ արտահանող երկիր չէ: Որպեսզի հասկանալի լինի, թե սպառողների իրավունքների պաշտպանությունն ինչ մակարդակի վրա է Հայաստանի Հանրապետությունում, ընդամենը պետք է հիշենք, որ ամռանը Ռուսաստանից հայտարարեցին, որ հայկական պտուղ-բանջարեղենի մեջ ինչ-որ մնացորդներ են հայտնաբերվել: Աղմուկ բարձրացավ, քաղաքական երանգներ հաղորդեցին այդ ամենին, բայց այս տարիների ընթացքում եղե՞լ է մի դեպք, որ մոնիթորինգ արվեր պտուղ-բանջարեղենի մեջ, եւ մնացորդներ չհայտնաբերվեր: Այն տարիներին, երբ այդ մասին չի խոսվել` մոնիթորինգ չի արվել ուղղակի, իսկ երբ արվել է` հայտնաբերվել է: Տարին ավարտվում է. կա՞ մոնիթորինգի նման տվյալ, թե՞ ոչ: Ամռանը պտուղ-բանջարեղենը տարեք ստուգման եւ տեսեք, թե ինչեր կհայտնաբերվեն: Սա էլ հո այն հարցը չէ, որ չկարողանան լուծել:
– Մի քանի օրինակ կնշե՞ք, որոնք կապված են սպառողի իրավունքների խախտման հետ:
– Սննդի անվտանգությունից սկսած… գիտե՞ք մի քաղաքացու, որը բենզին է լցնում մեքենայի մեջ եւ վստահ է, որ իրեն չեն խաբում: Գիտե՞ք մեկին, որը գնում է գազալցակայան, գազ է լցնում եւ վստահ է, որ լիցքավորումը թերի չէ եւ գնին համապատասխան է: Գիտե՞ք մեկին, որը մթերք է առնում եւ երաշխիք ունի, որ այն անվտանգ է: Տրանսպորտի վիճակին նայեք եւ կտեսնեք, թե ինչ վիճակում են սպառողի իրավունքները:
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն