12/12/2024

Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին Իրանի խորհրդարանի փակ նիստում քննարկել է Իսրայելի դեմ ռազմական գործողությունների հարցը։ Այդ մասին ISNA գործակալությանն ասել է պատգամավոր Ահմադ Նադերին:

«Քննարկումների հիմնական թեման տարածաշրջանում մեր ռազմավարությունն էր, մեկնաբանվել են իսրայելական գործողությունները, մեր գործողություններն Իսրայելի դեմ: Նա քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նկատի ունենալով անվտանգությունը, հետախուզությունը, ռազմական բաղադրիչները»,- պարզաբանել է իրանցի խորհրդարանականը:

Նրա տեղեկացվածությամբ՝ քննարկումներին պետք է մասնակցեր նաև ԻՀՊԿ «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության զորախմբի ներկայացուցիչը, սակայն նա չի կարողացել հասնել:

Վերջին ընդգծումը, հավանաբար, արվել է այն իմաստով, որ «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության զորախումբն այս օրերին մարտական բարձր պատրաստության է բերված, և նրա հրամանատարները չեն կարող ծառայության վայրից բացակայել:

Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո գրեթե բոլոր փորձագետներն արձանագրում են Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության թուլացում: «Անադոլուի» մեկնաբանը նույնիսկ ձևակերպել է, որ Իրանի քառասուն տարվա ներդրումները ջուրն են ընկել։

Այս համատեքստում խորհրդարանի փակ նիստում «Իսրայելի դեմ ռազմական գործողությունների» թեմայով փակ քննարկումների մասին տեղեկատվությունն, անշուշտ, տարածվել է Իրանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակի ուղղորդմամբ և ակնհայտորեն հասցեագրված է Սիրիայում ներգրավված բոլոր դերակատարներին:

Թեհրանը բացահայտ հասկացնում է, որ «վառոդամանը չի դատարկվել»: Փորձագետները, մինչդեռ, հակառակն են պնդում՝ նկատի ունենալով, որ շուրջ երկու ամիս տևած մարտերի ընթացքում «Հեզբոլլան» միայն չորս հազար զոհ է ունեցել, իսկ նրա հրթիռային պաշարների ութսուն տոկոսը ոչնչացվել է:

Միաժամանակ, սակայն, արաբական աղբյուրները հայտնում են, որ «Հեզբոլլան» Սիրիայում ունեցած ուժերը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան գրեթե անկորուստ տեղափոխել է Լիբանան: Ռազմական ի՞նչ ներուժ ունի Իրանի բանակը, ԻՀՊԿ-ն և նրա հատուկ նշանակության «Ալ-Ղուդս» զորամիավորումը՝ գնահատականները հակասական են: Սիրիայում իրավիճակի կտրուկ սրացումից կարճ ժամանակ առաջ միջազգային մամուլը տագնապ է հայտնել, որ Իրանը մոտակա ամիսներին կարող է միջուկային զենք ունենալ:

Ընդ որում՝ այդ հավանականությունը պաշտոնապես չի հերքվել: Ընդհակառակը, տարբեր մակարդակներով ասվել է, որ միջուկային զենք ստանալու տեխնիկական խնդիր չկա, միակ խոչընդոտը գերագույն հոգևոր առաջնորդի «ֆետվան» է, որ արգելում է ուրանի էներգիան ծառայեցնել ռազմական նպատակների, բայց դա ավելի շատ տպավորություն է թողնում, որ այաթոլլա Խամենեին երկրի համար էքզիստենցիալ փորձության պահին կարող է վերանայել իր որոշումը:

Այս իմաստով խիստ ուշագրավ հայտարարություն է արել Իրանի իշխանության երեք թեւերի Կոորդիանցման բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզավին, ով նախկինում գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Իրանը պատրաստ է հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և սպառազինություններ վաճառել ցանկացած, հատկապես արաբական և իսլամական երկրի, պայմանովմ որ դրանք կօգտագործվեն արտաքին ագրեսիայի դեմ պայքարի նպատակով: Մենք պատրաստ ենք մեր զենքը վաճառել, որպեսզի ազգերն իրենց պաշտպանեն»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Իրանի դեմ իսրայելական վերջին հրթիռային հարձակումից հետո մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Իսլամական հանրապետությունը տարիներով ստիպված կլինի վերականգնել հրթիռային զինանոցը: Մոհսեն Ռեզավին բաց տեքստով ոչ միայն հերքում է այդ լուրերը, այլև հրթիռներ, ԱԹՍ-ներ, այլ սպառազինություններ վաճառելու պատրաստակամություն բացահայտում:

Այստեղ, իհարկե, քարոզչական բաղադրիչը նույնպես առկա է, բայց միաժամանակ կարելի է ենթադրել, որ Իրանը, իրոք, մոտ է միջուկային զենքի ստեղծմանը և իրեն կարող է հրթիռներ վաճառելու շռայլություն թույլ տալ: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ Բաշար Ասադի վարչախմբի տապալման օրերին Իրանը տիեզերք ռազմական արբանյակ է արձակել: Դա խոսում է այն մասին, որ Թեհրանի տրամադրության տակ կան զինատեսակներ, որոնց նպատակային օգտագործումն իրականացվում է արբանյակային կառավարմամբ:

Սիրիայում ոչինչ ավարտված չէ: «Անադոլուի» խմբագրականը կանխատեսում է, որ անցումային կառավարություն ձևավորելուց հետո ապստամբական ուժերը կշարժվեն դեպի քրդական վերահսկողության ներքո գտնվող տարածքներ: Քրդերն ինչպե՞ս կդիմավորեն նրանց, ի՞նչ կողմնորոշում կդրսևորեն ալավիները: Միատարր չեն նաև «ապստամբական ուժերը»: Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանը նրանց հետ «կապուղիներ է ստեղծել»:

Բայց, երևում է, ոչ ոք քաղաքական կարգավորման վստահություն չունի: Այս իրավիճակում Թեհրանի կողմից «մկանների ցուցադրումը» միանգամայն օրինաչափ է: Բայց որքանո՞վ կհաջողվի պահել «դիմադրության առանցքը» կամ դրա կազմալուծման դիմաց Իրանն ի՞նչ կստանա՝ բարդ է նույնիսկ երևակայել: