Մեկ տարի առաջ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ բացահայտվել է Ֆրանսիայի արտաքին հետախուզական ծառայության ռեզիդենտ, որ գործել է Բաքվում, բայց լրտեսական նյութեր է հավաքել նաև հարևան մի քանի երկրների դեմ:
Պաշտոնական քարոզչությունը Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալությունը ներկայացրեց գրեթե որպես ամբողջ հետխորհրդային տարածքում և հարակից երկրներում նախագահ Մակրոնի արտաքին քաղաքականության ձախողում: Ի հավելումը, ադրբեջանական մամուլը մի շարք հրապարակումներով գեներացնում էր, որ Ֆրանսիան կորցրել է ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում:
Տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի հակաֆրանսիական միջոցառումներ է կազմակերպել, որ ներկայացվել են իբրև աջակցություն նեոգաղութատիրության դեմ պայքարող ժողովուրդներին:
Բարձրակետը Նոր Կալեդոնիայում զանգվածային անկարգություններն էին, որոնց կազմակերպմանն Ադրբեջանի մասնակցությունը ներկայումս ֆրանսիական պատկան մարմինների կողմից հետաքննվում են: Քաղաքական առումով այդ արշավը Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի ամբիոնից ամփոփեց Իլհամ Ալիևը:
Ի՞նչ հաշվարկ ուներ նա, երբ բացահայտ մարտահրավեր էր նետում միջուկային տերություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ֆրանսիային, ո՞ր երկրի հատուկ ծառայությունները և «ուղեղային կենտրոններն» էին ներշնչել, որ «Մակրոնի ժամանակն սպառված է», կարելի է տարբեր ենթադրություններ անել:
Չնայած ներքաղաքական ոչ այնքան կայուն իրավիճակին, Ֆրանսիան վերջին երկու-երեք շաբաթներին արտաքին քաղաքական լուրջ հաջողություններ է ունեցել: Իսրայելալիբանանյան հրադադարի երաշխավորներից մեկը Ֆրանսիան է:
Ինչպես իրազեկ աղբյուրներն են հավաստիացնում, դա տեղի է ունեցել Իսրայելի նկատմամբ ԱՄՆ գործադրած ազդեցության շնորհիվ: Անցյալ շաբաթ Փարիզի Ասվածամոր տաճարի վերաբացման արարողությանը ներկա է գտնվել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
Դա նշանակում է, որ հանրապետական վարչակազմը միջազգային քաղաքական օրակարգում Ֆրանսիայի դերակատարության հարցում կպահպանի հաջորդայնությունը:
Չափազանց ուշագրավ է, որ Փարիզում ԱՄՆ ընտրված նախագահի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հարգում է միջազգային իրավունքը, բայց Իսրայելի վարչապետի դեմ Միջազգային քրեական դատարանի վճիռը չի կատարի: ՄՔԴ վճռի դեմ վճռական բողոք է հայտնել նաև ԱՄՆ-ն:
Ըստ երևույթին՝ Մերձավոր Արևելքի եւ Միջերկրականի արեւելյան շրջանում ուժերի վերադասավորմանը Ֆրանսիայի ներգրավվածությունն Իսրայելի համար այլևս խնդրահարույց չէ կամ այնքան անցանկալի չէ, որպեսզի Նաթանյահուն հակադրվի Դոնալդ Թրամփին:
Ի վերջո, դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ և առաջարկել, որ նախաձեռնվի Վրաստանի քաղաքական բոլոր դերակատարների ինկլյուզիվ երկխոսություն:
Մակրոնը, սակայն, պայման է առաջարկել, որ քաղաքական կարգավորումը պետք է երաշխավորի Վրաստանի վերադարձը եվրաինտեգրման ուղեգծին: Փաստացի նաև Իվանիշվիլիին փոխանցել է հավաքական Արևմուտքի մոտեցումը:
Այս համատեքստում Ալիևը կշարունակի՞ Ֆրանսիայի նախագահի հետ դիմակայությունը, թե կփնտրի «սառնությունը հաղթահարելու» ուղինե՞ր: Գուցե նա փորձել է այդ հարցում Իսրայելի աջակցությո՞ւնն ստանալ:
Ամեն դեպքում Ասադի տապալումից հետո ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա:
Բաց մի թողեք
Թուրքիայի քաղաքացին կարող է թուրք չլինել, բայց պարտավոր է «օսմանցի լինել»
Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի բավարարում Ալիևին, նրան ամբողջ Հայաստանն է պետք
Ինչո՞ւ է ենք հասել պարտության և Արցախի կորստի, ոչ միայն կոնֆլիկտ չլինելու, այլ ՀՀ չունենալու ենք հանգելու