13/12/2024

Ամբողջական մանրամասներ․ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ ձերբակալվել է. Մեկը ցանկացել է այրել իրեն․ ՄԻՊ արձագանքը

Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ, ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։

Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ ոստիկանության ծառայողները ներկա են եղել՝ ապահովելու համար հասարակական կարգը։

ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը ոստիկանները կանխել են:

«Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։

Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- մանրամասնեցին ՆԳՆ-ից:

Ինչպես հայտնել էինք, Երևանի Գումի շուկայում իրավիճակը խիստ լարվել էր:

Մսավաճառներից մեկը ասել էր, որ իր բնակավայրի տարածքում չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթն իրականացնեն: Նա նշել էր, որ անելանելի վիճակում է, իր վրա բենզին էր լցրել, փորձել ինքնահրկիզվել:

ՍԱՏՄ աշխատակիցները կարմիրբերետավորների հետ թույլ չէին տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակները և առևտուր սկսել, նրանք նաև առգրավել են ոչ սպանդանոցային ծագման միսը:

Մսավաճառներից մեկը, ներկայացնելով իրավիճակը, ասել է, որ իր բնակավայրի տարածքում չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթն իրականացնեն:

«Միսը մորթել, բերել եմ Երևան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե՝ ոչ, բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է՝ ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օրում 1,8 մլն դրամ արդեն կորցրել եմ: Ես ո՞ր գյուղացուն խաբեմ, փողը չտամ»,- դժգոհել է նա:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ տեղի ունեցածը հերթական վերահսկողական միջոցառումն էր. «Ոչ սպանդանոցային ծագման միսը առգրավվում է և ոչնչացվում: Առգրավում է ՍԱՏՄ-ն, կան տեղափոխող և ոչնչացնող կազմակերպություններ, որոնց փոխանցվում է միսը»:

Գումի շուկայից առգրավվել է միայն ոչ սպանդանոցային մորթի միս։ Այդ մասին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Թե որքան միս է առգրավվել, դեռևս հայտնի չէ, բայց խոսքը մոտավորապես մեկ տոննայի մասին է. «Օրվա վերջում, կամ երկուշաբթի օրը կհրապարակենք թիվը։ Տարածքում նաև մարզային տեսուչներ են աշխատել, իրենք պետք է իրենց արձանագրած տվյալները տրամադրեն, որպեսզի հստակ թիվ հայտնենք»։

Հարությունյանը նկատեց՝ ամենօրյա գրաֆիկով իրենք ստուգայցեր են իրականացնում, և մսամթերքի շուկայից առգրավվում են միսն այն դեպքում, երբ սպանդանոցային մորթի մասին կնիքն ու «5-րդ ձևի» անասնաբուժական վկայականը չկան. «Այդ ամբողջ միսը տեղում կշռվում է, ներկայացվում տնտեսվարողին, քանի որ միսն այրելու գումարը ՎԻՎ օրենսգրքի համաձայն, տալիս է հենց տնտեսվարողը»։

Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:

Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: