«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։
– Պարոն Բագրատյան, իշխանությունները մտադիր են մի շարք ոլորտներում գործող տնտեսվարողներին շրջանառության հարկման դաշտից տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ, այսինքն՝ նրանց հարկային բեռը խիստ մեծանալու է։ Ինչո՞ւ է արվում այդ փոփոխությունը։
– 2012-ից ներդրվել է շրջանառության հարկը, եւ հույս կար, որ ամբողջ տնտեսությունն աստիճանաբար կանցկացնենք շրջանառության հարկի։ Հիմա մենք, փաստորեն, այդ ռեֆորմից հրաժարվում ենք։ Այն, ինչ իրենք հիմա անում են, հակառեֆորմ է, եւ մոտիվացիան պարզ չէ, թե ինչու է արվում, չի բացատրվում։ Մենք, ընդհակառակը, աստիճանաբար պիտի հրաժարվենք ԱԱՀ-ից եւ անցնենք պարզ հարկային համակարգի։ Մենք ունենք բարդ հարկային համակարգ, հիմա մի քանիսի նկատմամբ պարզ հարկային համակարգն ենք կիրառում ու փոխանակ մեծ մասի նկատմամբ կիրառվողը նույնպես պարզեցնենք, հակառակն ենք անում՝ պարզը դարձնում ենք բարդ։ Դա նպաստելու է ստվերային տնտեսության ավելացմանը։
– Փաշինյանը հայտարարում է, որ շրջանառության հարկի հետ կապված նոր կարգավորումներով օրինական աշխատող փոքր բիզնեսի հարկային բեռը կնվազի, իսկ ստվերը կկրճատվի։ Այսպես էր բացատրում շրջանառության հարկի շեմի բարձրացումը՝ 5-ից 10 տոկոսի։
– Սուտ է, այն, ինչ ասացիք, այդտեղ ստվեր լինել-չլինելու հարց չկա, հասկանանք, որ իրենց փող է պետք։ Փո՞ղ է պետք՝ 5 տոկոսը թող դարձնեն 10 կամ 15, բայց ոչ թե հարկատեսակը փոխեն՝ գնա ԱԱՀ դաշտ։ Ըստ էության, փոքր բիզնես չի կարող լինել՝ առանց հաշվապահի, առանց հաշվապահության, ընդհուպ մինչեւ մարդիկ գիտական թեմա են կատարում, դասախոսություն են կարդում, այդ թեմայի համար հաշվապահ պիտի պահեն։ Բնականաբար, մարդիկ հրաժարվելու են այդ գործունեությունից։ Ընդհանրապես, տնտեսության մեջ մենք ստվերն ավելի շատ ունենք այնտեղ, որտեղ ավելացված արժեքի հարկը գործում է։ Կառավարությունը, ընդհակառակը, պետք է փորձեր սահմանափակել ԱԱՀ գործունեության շրջանակը։ Արգումենտը, թե ինչու ենք փոխում, այն է, որ քիչ փող է գալիս բյուջե։ Կրկնում եմ՝ քիչ փող է գալիս, հարկադրույքը բարձրացրեք։ Հասկացեք, այնտեղ, որտեղ գործում է շրջանառության հարկը, հարկային տեսուչը վարչարարությամբ զբաղվելու անհրաժեշտություն չունի, հիմա սրանով հարկային տեսչությունը նորից դառնալու է իրադրության տերն ու տիրակալը, նորից ամեն օր մտնելու է հիմնարկներ։ Տնտեսությունում այդ ռեպրեսիվ մեթոդները, ընդհակառակը, բերում են նրան, որ որպես պատասխան այդ ռեպրեսիվ մեթոդների, ստվերը միշտ բարձրանում է, եւ տնտեսական ակտիվությունն է թուլանում։
– Այսինքն, իշխանությունը բյուջեն լցնելու համար դիմում է հարկային տեռորի քաղաքականությա՞ն։
– Ես «տեռոր» բառը չասացի։ Թերթում եք աշխատում, եթե Ձեր թերթն ԱԱՀ-ով աշխատի, չի կարող աշխատել, քանի՞ հաշվապահ պետք է պահի։ Հայտնի բան է՝ աշխարհի միտումն է՝ ավելացված արժեքից հրաժարվելը։
– Այս փոփոխությունները բյուջեն լցնելու միջո՞ց են։
– Ոչ մի բան չի լցվելու, որովհետեւ տնտեսական ակտիվությունն է ցածրանալու։ Մյուս տարի բյուջեի թերակատարումն էլ ավելի շատ կլինի, քան այս տարի։
– Իսկ բյուջե 2025-ն ինչպե՞ս կգնահատեք։
– Ես լայնածավալ արտահայտվել եմ՝ 2025-ի բյուջեն ցույց է տալիս, որ իրենք ճգնաժամի մեջ են։ Այդ բյուջեն հիմնականում սրա մասին է՝ նոր պարտք վերցնենք, բերենք հին պարտքերը փակենք։ Իրական եկամուտների աճ չկա՝ ո՛չ աշխատողների, ո՛չ մարդկանց, ո՛չ պետական ոլորտի, ո՛չ թոշակների աճ։ Պետական վոլյունտարիզմը հասել է ամենաբարձր մակարդակի, նույնիսկ մինչեւ 1 միլիոն դրամի վարկերն են փակում, որոնք հիմնականում խաղատներում խաղացողներն են։
– Այսպես ասած, անհուսալիների վարկերը փակելու այդ որոշման նպատակը ո՞րն է։
– Այդտեղ գերակշռում են խաղատներում խաղացողները։ Ովքեր վարկերը լավ մարում են, նրանց չեն ներում, ովքեր չեն մարում, նրանց ներում են, դա նաեւ ընտրական կաշառք է՝ պարզապես հիմարություն, նման միտք չի կարող առողջ հոգեկան աշխարհ ու նյարդեր ունեցող մարդու մոտ ծագել, մանավանդ՝ ԿԲ-ն չէր բողոքում, ասում էր՝ ես լավ աշխատում եմ, վարկերը հետ են գալիս։ Ես հակված եմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում խաղերի ոլորտի՝ Վիվառոյի, Տոտո գեյմինգի, կազինոների խրախուսման նկատմամբ։ Մինչեւ մեկ միլիոն դրամ վարկեր ունեցող շերտն ավելի հաճախ խաղացողներն են։ Այդ որոշման արդյունքում բանկերը լրացուցիչ, մոտավորապես 80 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ կստանան՝ բյուջեի հաշվին։ Սա նույնն է, որ բյուջեի հաշվին բնակարան է կառուցվում՝ ճանապարհ չի կառուցում, կամուրջ չի կառուցում։ Ծախվի-չծախվի, ինչո՞ւ է բնակարան կառուցում, որովհետեւ եկամտահարկից զեղչ կա, այդ բնակարաններ կառուցողները ՔՊ-ականներն են, նույնն էլ այս վարկերն են, մարում են։
– Մի հարց էլ Ադրբեջանի բյուջեի վերաբերյալ։ Այդ երկիրը 2 միլիարդ մանաթով ավելացրել է պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված ծախսերը՝ հասցնելով 8,5 միլիարդ մանաթի։ Սա ինչի՞ մասին է խոսում։
– Նախ, ավելացրել են ավելի շատ՝ 35%-ով։ Կասկած կա, որ նրանք հարձակվելու են Հայաստանի վրա, ուրիշ երկիր չկա, որի վրա Ադրբեջանը կարող է հարձակվել։ Միջազգային իրադրությունը նրա համար նպաստավոր է։
– Ի՞նչ է լինելու, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ։ Նաեւ՝ իշխանությունը չի բացահայտում, թե հաջորդիվ որ հատվածում են սկսելու, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը։
– Խաղաղության օրակարգ չկա, կա Հայաստանի կողմից հող տալու օրակարգ։ Այս իշխանության օրակարգում խաղաղություն չկա։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ես կարծում եմ, որ մենք սահմանազատված եւ սահմանագծված ենք, 4-րդ տարին է, որ այդ գործով եմ զբաղվում, գործն ուղարկել ենք դատախազություն, եւ չեմ հասկանում, թե կառավարությունն ինչն է ուզում սահմանազատել, երբ այդ բոլոր թղթերը ստորագրված են Ադրբեջանի կողմից՝ 1989 թվականին։
Բաց մի թողեք
Անժելա Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և վճարի. Դատարանը հրապարակել է վճիռը
Բանակում 7 ինքնասպանություն է եղել
Հայկ Սարգսյանը գովազդ է նկարում լքված սրճարանների մասին