22/12/2024

Ինչո՞ւ հենց այդ ձևակերպումն է ընտրվել, որպես «հանցագործության նախապատրաստման մեկնարկի ժամանակ»

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, ռազմաքաղաքական պաշտոնյաների և այլ անձնանց դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: «Դատաքննությունը» վերապահվել է Բաքվի զինվորական գործերով դատարանին:

Իրականում, ինչպես հասկացվում է պաշտոնական հաղորդագրությունից, որևէ նախաքննություն չի իրականացվել: Ադրբեջանի դատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը և ՆԳՆ-ն ղարաբաղյան առաջին պատերազմից հետո այս կամ այն հնարածին «քրեական գործերը կարել են» մի թղթապանակում և առևանգված անձանց ներկայացրել շինծու մեղադրանք:

Միայն այն փաստը, որ ԼՂՀ նախկին երեք նախագահների և Գետավանում անցյալ տարվա նոյեմբերին առևանգված քաղաքացու նույն մեղադրանքն է առաջադրվել, այսինքն՝ պատանդ բոլոր անձանց ներկայացվել է կոլեկտիվ մեղադրանք, բավական է, որ ՄԻԵԴ-ն այդ գործը միանշանակորեն անհիմն, իսկ «մեղադրյալներին» քաղբանտարկյալ ճանաչի: Դա, ամենայն հավանականությամբ, կպահանջի ժամանակ, միջոցներ, դիվանագիտական, տեղեկատվա-քարոզչական մեծ ջանքեր:

Ադրբեջանի դատախազության հաղորդագրության «աղը», սակայն, «հանցագործությունների կատարման» ժամկետի սահմանումն է: Ըստ այդմ՝ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստությունն սկսվել է…1987թ. հոկտեմբերին:

Միջին-վիճակագրական հայ մարդուն, անգամ ադրբեջանցուն այդ թվականը և ամիսը ոչինչ չեն ասում: Երևի ղարաբաղյան շարժման, առաջին պատերազմի, բանակցային գործընթացի պատմությանը տեղյակ փորձագետներից շատերն էլ, մանավանդ երիտասարդները կզարմանան, թե ինչո՞ւ հենց այդ ձևակերպումն է ընտրվել, որպես «հանցագործության նախապատրաստման մեկնարկի ժամանակ»:

Իրականում այդ փաստագրումը քրեական գործի քաղաքական բնույթի ապացույց է: Բանն այն է, որ Ադրբեջանի պետական քարոզչությունն արդեն երեք տասնամյակ է, ինչ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չէր ծագի, եթե Հեյդար Ալիևը Մոսկվայում չպաշտոնազրկվեր: Ալիևյան «քաղաքագետները» համարում են, որ Հեյդար Ալիևի դեմ պայքար սկսել են «հայերը՝ Գորբաչովի օգնական Շահնազարովի և խորհրդական Աղանբեկյանի միջոցով»:

ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից Հեյդար Ալիևը փաստացի հեռացվել է 1987 թ. մայիսին: Բայց պաշտոնանկությունը ֆորմալ ձևակերպվել է նույն տարվա հոկտեմբերի 9-ին: Պաշտոնապես Հեյդար Ալիևը պաշտոնից «ազատվել է իր դիմումի համաձայն՝ կապված առողջական խնդիրների հետ»:

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների դեմ քրեական գործով «Ադրբեջանի դեմ ագրեսից պատերազմ նախապատրաստելու» մեկնարկ նշելով 1987թ. հոկտեմբերը, Ադրբեջանի դատախազությունը կատարել է Իլհամ Ալիևի քաղաքական պատվերը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չէր ծագի, եթե Հեյդար Ալիևը մնար կոմկուսի Քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:

ԼՂՀ ռազմա-քաղաքական նախկին ղեկավարությունն, այդպիսով, դարձել է նաև Ադրբեջանի պատմա-քաղաքական անցյալի ալիևյան ընկալման և պետական քարոզչության զոհը: Նրանց «դատավարությամբ» Իլհամ Ալիևը ոչ միայն «հայկական անջատողականությունը և ռազմական ու մարդկության դեմ հանցագործություններն է բացահայտում», այլևս ևս մեկ անգամ ամրապնդում թեզը, որ առանց Հեյդար Ալիևի «Ադրբեջանը կործանվում էր, նա վերադարձավ եւ փրկեց»:

Այս տիրույթում նա, անշուշտ, պաշտպանում է նաև իրավահաջորդության, դինաստիական իշխանության ստեղծման ու պահպանման իր իրավունքը և այն հիմնավորում «ադրբեջանական ժողովրդի երդվյալ թշնամիներից» վրիժառությամբ: Ամենևին էլ պատահական չէ, որ նա քրեական գործը «դատաքննության» է ուղարկել Բաշար Ասադի ռեժիմի տապալումից մի քանի օր անց: Դա Ադրբեջանի հանրությանն ուղերձ է, որ ինքը «Բաշար Ասադ չէ», իր հայրը «Հաֆեզ Ասադ չէ», իրենք Ադրբեջանի «փրկիչներն են»: