Իլհամ Ալիևի հայտնի հարցազրույցին իր արձագանք-հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի «լուծարման» պահանջին, որ առաջ է քաշում Ադրբեջանը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման:
Հարցին, թե ինչպես է Հայաստանը վերաբերում խմբի «լուծարման» մասին ադրբեջանական այդ մոտեցմանը, Նիկոլ Փաշինյանը արձագանքում է՝ «կառուցողական»: «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը:
Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ` այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ», ասում է Հայաստանի վարչապետը:
Փաստացի, Հայաստանը արձանագրում է, որ Մինսկի խմբի գոյությունը կոնֆլիկտի գոյության արդյունք է, ըստ այդմ պետք է հաղթահարվի կոնֆլիկտը, այլ ոչ թե «խումբը»:
Եթե չի հաղթահարվում կոնֆլիկտը, բայց հաղթահարվում է «խումբը», ապա դա, ըստ էության, նշանակում է կոնֆլիկտի խորացման համար առավել պարարտ միջավայրի ձևավորում: Երևանն այդ իմաստը չի արտահայտում ուղիղ, այլ կիրառում է կառուցողական խոսույթ թերևս միանգամայն հասկանալի պատճառով՝ Ադրբեջանին իր ապակառուցողական խոսույթը լեգիտիմացնելու առիթ չտալու համար:
Իհարկե, ակնառու է, որ դա մեծ հաշվով Բաքվին չի կաշկանդում իր ապակառուցողականությունն ու առավելապաշտությունը առաջ մղելու հարցում, սակայն այդուհանդերձ, Երևանի հայելային վարքագիծը հազիվ թե ունենա էական օգտակարություն: Առավել ևս, երբ Մինսկի խմբի և դրա համանախագահության ձևաչափի հարցում թերևս իրավիճակը բավականին նուրբ է նաև դրա անդամ երկրների ու համանախագահ եռյակի համար:
Եռյակը միմյանց հետ ունի հարաբերություններ պարզելու իր ռեժիմը, որը դե ֆակտո գրեթե պատերազմական է: Սակայն, դրա հետևանքով նաև Մինսկի խմբի մեխանիզմի անգործության պայմաններում, մեխանիզմի հանգամանքի հարցում իրավիճակը, թերևս, միարժեք չէ, թե ինչ հեռանկար են պատկերացնում նրանք:
Ընդ որում, այդ ոչ միարժեքությունն է թերևս, որ Ադրբեջանին անհանգստացնողն է: Երևանն իր դիրքորոշմամբ փորձում է թերևս հարցը պահել «ննջած» վիճակում, «չարթնացնել»՝ ավելորդ հակասականությունը սրելու համար, և միաժամանակ «չարթնացնել» նաև «լուծարելու» համար:
Բաց մի թողեք
Փաշինյանը իրավիճակը գնահատել է լուրջ. ադրբեջանցիները կգան, հայերը՝ չեն գնա
2025 թ.-ին հաղորդուղիների ապաշրջափակման հարցը կարող է և վերադառնալ «ակտուալ» օրակարգ
Շվեյցարիան բանաձով ցանկանում է միջնորդ լինել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև