«Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք»,- Հայաստանում թվայնացման ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ հաշվետու խորհրդակցության ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շոշափում է կարևորագույն խնդիր, սակայն ոչ էական շեշտադրումով: Կարևորագույն խնդիրն այն է, որ Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում: Իսկ այդ ծառայությունը, դրա որակը հիմնարար նշանակության հարց է, որովհետև ունի պետության հանդեպ քաղաքացու վերաբերմունքի, մտածողության ձևավորման հիմնաքարային ազդեցություն:
Եթե օգտագործենք հենց Նիկոլ Փաշինյանի «տրենդային» բառապաշարն ու թեման, ապա, այսօր պետական ծառայությունների մատուցման որակը ըստ էության «ապապետություն» է: Ընդ որում՝ այդ որակը բարձր չի եղել նախկինում, բայց առավել ևս նկատելիորեն նվազել է վերջին տարիներին:
Նիկոլ Փաշինյանը շեշտը դնում է թվայնացման վրա: Թվայնացումն իսկապես գործիք է, պետական ծառայությունների մատուցման որակական վերափոխման գործիք, բայց ընդամենը դրանցից մեկը: Ընդ որում՝ ոչ առաջնայինը: Թվայնացման ազդեցության ընկալումը շատ հաճախ մեխանիկական է, տեսական, պրակտիկ իրողություններից կտրված:
Ավելին, անգամ թվայնացման պարագայում Հայաստանում առկա է պետական ծառայության որակի խնդիր, այս պարագայում տեխնիկական որակի խնդիր, հաճախակի խափանումներ և այլն: Այլ կերպ ասած, պետական և համայնքային ծառայությունների որակի խնդիրը պահանջում է նախ ռեֆորմացիայի համակարգային տեսլական, որից հետո միայն կիրառվող տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները կարող են դառնալ արդյունավետ, դյուրացնելով քաղաքացիների անելիքը:
Այստեղ կա երկու էական ասպեկտ: Նախ՝ քաղաքացին, հարկատուն վճարում է ծառայության համար և այդ հարկատուի միջոցները, դրանց ծախսը կառավարող քաղաքական որևէ ուժ պարտավոր է ապահովել այդ ծախսի էֆեկտիվություն և ծառայության մատուցման որակ: Որևէ արդիական պետությունում այդ ասպեկտը՝ քաղաքական և տնտեսական, նաև անվտանգային օրակարգերին գրեթե հավասարազոր ազդեցություն է թողնում օրինակ ընտրական վարքագծի վրա:
Եվ մյուսը, ինչպես նշեցի վերևում, պետության և համայնքի մատուցած ծառայության համապարփակ որակը ձևավորում է քաղաքացու անմիջական վերաբերմունք այն պետության և համայնքի հանդեպ, որում ապրում է:
Օրինակ, հարկատուին պետք չէ շոյել նրան հերոս կարգելով և հարսանիքներին նրա կենացի գաղափար առաջ քաշելով: Հարկատուին պետք է շոյել նրա վճարած հարկերի միջոցով նրան իսկ պետական որակյալ համապարփակ ծառայություն վերադարձնելով: Դրանք վարչական հարցեր չեն, դրանք են խորքային, անկյունաքարային պետական հարցերը:
Բաց մի թողեք
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր