Գեղարքունիքի մարզի առողջապահական ծառայությունների արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու համար առաջարկվում է այդ կենտրոնները միավորել «փնջերի» մեջ: Ենթադրվում է, որ վերակազմակերպման արդյունքում կշահեն ե՛ւ բժիշկները, ե՛ւ պացիենտները, ե՛ւ բուժսպասարկումն ավելի որակյալ, հասանելի ու մատչելի կլինի բնակչությանը: Իսկ որոշ ծառայություններ կմատուցվեն տեղերում:
Հրապարակ թերթը գրել է․ Առողջապահության նախարարության կողմից այսպիսի նախագիծ է դրվել քննարկման: Նախագծի հրապարակումից հետո Գեղարքունիքի մարզի առողջապահական կենտրոնների տնօրենները դիմել են «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանին, որ իրենց խնդիրներով զբաղվի, ապա ԱԺ-ում տեղի է ունեցել քննարկում, որտեղ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել է, որ ստորագրահավաքը կեղծ է:
«16 բժիշկներ ստորագրահավաք էին արել` 5 փաթեթով, խնդրել էին, որ դա ուղարկեմ համապատասխան գերատեսչություններին եւ զբաղվեմ իրենց իրավունքներով, որովհետեւ իրենք դեմ են օպտիմալացմանը: Դրանից հետո մարզպետը կանչում է բժիշկներին եւ ահաբեկում: Բժիշկները վախեցած ասում են` մենք չենք ստորագրել, չենք իմացել՝ ինչի տակ ենք ստորագրում: Էդտեղ մարզպետը որոշում է, որ ես եմ այդ բժիշկներին հավաքել, եւ որ մեկ բժիշկ է ստորագրել: Ես էլ մարզպետին ասել եմ` արի գնանք ոստիկանություն, տեսնենք՝ ինձ ու քեզ ով է խաբել: Մարզպետն այլեւս իմ զանգերին չի պատասխանում, այս ամենից հասկանալի է, որ ահաբեկել է բժիշկներին: Ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել եմ արդեն այդ փաթեթը եւ բժիշկների ստորագրությունները: Անգամ ԱԺ-ում քննարկման ժամանակ այն բժիշկները, որոնք որ դեմ են խոսել, ասել են, որ դա առողջապահական նորմերին դեմ է, մարզպետը միանգամից հայտարարել է` ասելով, որ դու էլ գլխավոր բժիշկ չես դառնա: Այսինքն՝ մի պաշտոն, որը մրցութային կարգով է, մարզպետն է որոշում, թե ով կդառնա: Սա ամենաթողություն է, մարզպետն ահաբեկած պահում է իր թիմը: Իսկ ԱԺ-ում քննարկման ժամանակ բերել էր մի 4 բժշկի, որ իրեն գովեն»,- մեզ պատմեց Անուշ Պողոսյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, կապված բուժհիմնարկների օպտիմալացման հետ, ասաց. «Մարզում ունենք 35 բուժամբուլատորիա, որոնցից 15-ը գտնվում է Մարտունու տարածաշրջանում, կառուցված գույքային պայմաններով եւ հագեցվածությամբ, բուժսարքավորումներով, եւ շատ լավ սպասարկում են հիվանդներին: Մարտունու տարածաշրջանում մանկական մահացության թիվը զրո է, դա ճիշտ աշխատանքի արդյունքում է: Կառավարության համակարգում օպտիմալացման ծրագիր է դրվել, որտեղ 15 ամբուլատորիաներից պետք է մնա 4-ը: Տնօրենները 4 պետական մարմիններին նամակ են գրել՝ մարզպետին, առողջապահության նախարարին, վարչապետի աշխատակազմին, ՏԿԵՆ-ին: Ամբուլատորիաների տնօրենները ճիշտ են հիմնավորում, որ մարզպետարանում մանրակրկիտ քննարկում չի իրականացվել, հպանցիկ ասել են, որ խոշորանալու է, ու լավ կլինի ձեզ համար: Մենք պահանջեցինք քննարկում, բոլորին զանգահարել ենք եւ հրավիրել քննարկման: Մեծամասնությունն ասել էին, որ կգան: Քննարկման օրը հրաժարվեցին, թե չենք գալիս` պատճառաբանելով, որ աշխատանքային ժամ է»:
– Կարծում եք` ճնշումնե՞ր են եղել տնօրենների վրա:
– Բնականաբար, եթե տնօրենները՝ բոլորը, հրաժարվել են, գալիս է 4 տնօրեն, որոնք համատեղության կարգով աշխատում են «Մարտունի» ԲԿ-ում եւ փորձում էին պաշտպանել մարզպետին, որ քննարկում եղել է մարզպետարանում, որովհետեւ նամակի մեջ գված էր, որ մարզպետարանում նորմալ քննարկում չի եղել: Օպտիմալացումն արվում է շահադիտական նպատակով` բաժանում են փնջերի՝ Գնել Սանոսյանի, մարզպետի, բուժվարչության պետի, եւ մի փունջն էլ Գրիգորյան Նարեկի փունջն է: Ուզում են օպտիմալացնել, իրենց մարդկանց դնել տնօրեն: Կարծում եմ` սա է նպատակը, բուժական եւ ֆինանսական մասով ոչ մի բարելավում չի լինելու:
Ի՞նչ առավելություն կտա ամբուլատորիաների օպտիմալացումը՝ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանին, որը վերջերս այցելել էր Մարտունի համայնք։ «Ես տեղյակ եմ նախագծից, մի անգամ արդեն քննարկում արել ենք, հիմա առաջարկությունների փուլում է: Ոչ թե կրճատվելու խնդիր է դրված, այլ կառավարման համակարգի փոփոխության: Մարզպետարանի հետ աշխատանքի արդյունքում կազմվել է նախագիծը, ճիշտ կլինի՝ դիմեք առողջապահության նախարարություն, ավելի մանրամասն կտեղեկանաք»:
«Ծովասարի ԱԱՊԿ» տնօրենի ԺՊ Մուշեղ Խլղաթյանին, որն ԱԺ-ում մարզպետի պաշտպաններից էր, հարց ուղղեցինք․ օպտիմալացումն ի՞նչ կտա բնակչությանը։ «Ձեզ ի՞նչն ա հետաքրքրում, ինչի՞ եք հետաքրքրված այդ հարցով: Շատ լավ բան կտա, իսկ առավելությունն այն է, որ փոքր բնակչություն ունեցող համայնքները հազիվ են իրենց յոլա տանում, ստիպված՝ ամեն տարի իմ աշխատողներից մեկն իր հաշվին գնում է չվճարվող արձակուրդի»: Դուք ԱԺ-ում մարզպետի տեսակետն էինք պաշտպանում, ինչո՞ւ։ «Ճիշտ էի անում, ոչ թե մարզպետի տեսակետն էի պաշտպանում, այլ դա շատ ճիշտ որոշում է, ինչի՞ պիտի մեծ համայնքները բյուջեում ավելցուկ ունենան, իսկ ես իմ հաշվին անեմ մնացած ամեն ինչը: Ամիսը մեկ անգամ դրոշ եմ փոխում, ավել, ցախավել, սաղ իմ հաշվին եմ առնում, որովհետեւ միջոցներ չենք ունենում»: Նախարարությունից գումար չի՞ տրամադրվում: «Տրամադրում է, բայց այդ միջոցները քիչ են, չեն հերիքում, բյուջեի 80%-ը գնում է աշխատավարձերի ֆոնդ, տակը էլ բան չի մնում»,- ասաց տնօրենը:
Բաց մի թողեք
Դատարանը պարտավորեցրել է Լայվնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանին Ստյոպա Սաֆարյանից ներողություն խնդրել. Լուսանկար
Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան
Կարեն Զադոյանը «Թրանսփարենսիին» մեղադրում է իշխանության հետ փոխկապակցության մեջ