Սիրիայում տեղի ունեցածը Թեհրանը չի համարում տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացում։ Իրանական փորձագետները թուրքական ուղղակի մասնակցության մասին են խոսում՝ նկատելով, որ զարգացումները Մերձավոր Արեւելքում փոխկապակցված են հարավկովկասյան զարգացումների ու Արցախում 2020թ․ պատերազմի հետ, ինչի հետեւանքով խնդիրներ ծագեցին Կովկասի անվտանգության համար։
Հրապարակ թերթը գրել է․ Փորձագետ Շոայբ Բահմանը շեշտում է՝ գլխավոր խաղացողները Թուրքիան ու Իսրայելն են։ Թուրքիայի համար կարեւոր է Հարավային Կովկասով կապվել Միջին Արեւելքի հետ։
«Թույլ Իրանն այն պատկերացումն է, որ քարոզում են Թուրքիան, Իսրայելը եւ ԱՄՆ-ն։ «Հեզբոլլահը» եւ Իրանը միշտ չէ, որ ցամաքային կապ են ունեցել, եւ դա պատճառ չի եղել, որ Իրանը «Հեզբոլլահին» չաջակցի, եւ նա չուժեղանա։ 33-օրյա պատերազմում «Հեզբոլլահը» հաղթեց Իսրայելին։ Այսօր նկատելի է Թուրքիայի դերը Սիրիայում, բայց սա չի նշանակում, որ Թուրքիան ամբողջությամբ հաղթել է Սիրիայում։ Ամենակարեւոր հատվածը կովկասյան հատվածն է՝ Սյունիքը։ Թուրքական աշխարհի նոր քարտեզը հնարավոր է կազմել Հայաստանի հարավով՝ Սյունիքով։ Էրդողանը նախորդ տարիներին ասել էր, որ այս հարցին խանգարողն Իրանն է եղել։ Այսօր, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, Թուրքիան ավելի է մղվում այդ ծրագրի իրականացմանը։ Այս համատեքստում շատ հեռու չէ Հայաստանի դեմ նոր պատերազմի հավանականությունը՝ Սյունիքը զավթելու նպատակով»,- ասում է իրանցի փորձագետը։
Բահմանի խոսքով, Սիրիայում կատարվածից հետո եւս Իրանի հռչակած կարմիր գծերը չեն փոխվել, դրանք սահմանում է հոգեւոր առաջնորդը, եւ սահմանների փոփոխությունն Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, որը խախտելն անթույլատրելի է։ Հաշվի առնելով սա՝ իրանցի փորձագետը չի բացառում նաեւ ոչ ռազմական ճանապարհով եւ առանց Իրանի հռչակած կարմիր գծերը խախտելու՝ քաղաքական բանակցությունների միջոցով թուրքական ծրագիրը կյանքի կոչելու սցենարը, ինչը, իրանցի փորձագետի գնահատմամբ, ավելի վտանգավոր է, քան պատերազմի սցենարը։
«Անցած տարիներին բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վատ ընթացք են ունեցել, եթե Հայաստանի իշխանությունն այդ բանակցություններում զիջման գնա Սյունիքի հարցում, ապա Իրանից սպասելիք չի կարող ունենալ։ Այս վերլուծությամբ ցանկանում եմ ասել, որ բանակցությունների միջոցով զիջելու տարբերակն ամենաահավորը կլինի»,- ընդգծում է Իրանում ազդեցիկ փորձագետը եւ շարունակում․ «Նախկինում ռազմական ճանապարհն ամենավտանգավորն էր, բայց ներկայում բանակցություններն են ամենավտանգավորը։ Մենք երբեք պատերազմի կողմնակից չենք, բայց տարածաշրջանի վիճակն այնպիսին է, որ ռազմական ճանապարհը կարող է լավագույնը լինել, քանի որ Իրանը հստակ որոշում է կայացրել իր ազգային անվտանգության ատյանում, որ եթե ռազմական ճանապարհով Սյունիք մտնեն, Իրանը հստակ միջամտելու է»։
Բահմանի խոսքով, պետք է աշխատել այն ուղղությամբ, որ չիրականանան ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ ռազմական սցենարները, քանի որ երկու դեպքում էլ հետեւանքները ծանր ու անդառնալի են լինելու։ Դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմից հետո Իրանը ողջունել էր Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», մինչդեռ պատերազմի հետեւանքները սպառնալիք են առաջացրել նաեւ Իրանի համար, Բահմանն արձագանքում է․ «Բոլոր երկրներում, ինչպեսեւ Իրանում, տարածաշրջանային հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ գոյություն ունեն։ Հայաստանի եւ Կովկասի վերաբերյալ այդ օրերին պատկերացումն այն էր, որ հայ-ադրբեջանական խնդիրների հետեւանքով է այն ծագել։ Երկրորդ կարծիք ապագայի մասին գոյություն չուներ։ Իրանը շատ սխալ քաղաքականություն իրականացրեց՝ թույլ տալով, որ Թուրքիան եւ Իսրայելը տարածաշրջանում ավելի լայն ներկայություն ունենան։ Բայց այդ մոտեցումն աստիճանաբար փոփոխության ենթարկվեց, եւ պարզվեց, որ 2020թ․ պատերազմը հայ-ադրբեջանական բնույթ ունեցող չէր։ Վերլուծությունները, որ այս ընթացքում իրականացվեցին, հստակեցրին իրավիճակը, եւ այդ պատճառով է, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը փոխվեց»։ Փորձագետը բացատրում է․ իրանական վերլուծական շրջանակներին հաջողվեց տեղ հասցնել իրավիճակի ճիշտ վերլուծությունը, ինչը, սակայն, Հայաստանի դեպքում չի հաջողվել։
«Միակ տարբերակը, որը կխափանի համընդհանուր թուրքական աշխարհի ստեղծումը, Իրան-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքն է: Այս միտքն Իրանում արդեն ձեւավորվել է, եւ հույս ունենք, որ այն կտարածվի նաեւ Հայաստանում»,- շարունակում է Բահմանը՝ կարեւորելով Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը։
«Առաջարկություն է եղել, որ Հայաստանի հարավային հատվածում Իրանը զինվորական ներկայություն ունենա, որով պանթուրքիզմի տարածումը կարող է կանխվել, բայց այն մինչ օրս ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի կերպ չի ընդունվել։ Անգամ առաջարկվել է Իրան-Հայաստան համատեղ զորավարժություն անցկացնել, բայց Հայաստանի իշխանություններից դեռ պատասխան չկա»,- եզրափակում է փորձագետը։
Բաց մի թողեք
Նույն գործարքն իրականացրած մեկի գործը կարճել են, մյուսինը՝ ոչ․ Լուսանկար
Տիգրան Ավինյանից դժգոհությունը հասել է պիկին, իմպիչմենթ կնախաձեռնեն
Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին