28/12/2024

Դատական իշխանության անկախության վերաբերյալ, այս տարի փաստարկները հօդս ցնդեցին․ Մելիքյան

Այս տարին ծանր, դժվար տարի էր` ե՛ւ արտաքին քաղաքական, ե՛ւ ներքին կյանքի իմաստով: Եվ հատկապես տխուր զարգացումներ ունեցանք արդարադատության, քրեաիրավական ոլորտում. քաղբանտարկյալների աննախադեպ թվեր, անգամ հալածանքներ՝ հանուն հայրենիքի նահատակվածների ծնողների նկատմամբ, Ֆեյսբուքում գրառումների համար կալանավորվածներ, ահաբեկչության կազմակերպման կեղծ մեղադրանքներ, որոնք ոչ մի կերպ չեն ապացուցվում:

Այս տարի ականատես եղանք աննախադեպ խայտառակ իրադարձությունների` ուժային կառույցների ղեկավարները եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը մի գիշերում ազատվեցին աշխատանքից, Նիկոլ Փաշինյանից SMS հաղորդագրություն ստանալուն պես:

«Հրապարակն» իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին հարցրեց, թե ովքեր են այս տարվա քաղաքական բանտարկյալները, որ քրեական գործերն են աբսուրդ հիշեցնում: «Այս պահի դրությամբ տնային կալանքի մեջ շարունակում է մնալ Արմեն Աշոտյանը, Ստեփանակերտի քաղաքապետը կիսատնային կալանքի մեջ է, քանի որ վարչական հսկողության շրջանակներում նրան արգելված է երեկոյան ժամը 19-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը լքել իր վարձակալած բնակարանը: Քաղաքական հետապնդումների ենթարկված մյուս անձանց նկատմամբ համեմատաբար ավելի մեղմ միջոցներ են կիրառված, բայց դա բնավ չի նշանակում, որ չունենք խնդիր, քանի որ էլեկտրոնային սարքերի կիրառումը ցանկացած անձի լուրջ անհանգստություններ է պատճառում: Բազմաթիվ անձինք հսկողության տակ են: Այն գործերը, որոնք կուզեի առանձնացնել 2024 թվականի շրջանակներում․ մեկը վերաբերում է Սամվել Վարդանյանի գործին, որտեղ պարզ երեւաց, որ այս իշխանությունները պատրաստ են հրահանգ տալու՝ իրենց կոշտ քաղաքական գնահատականներ հնչեցրած քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, հետո տվյալ անձանց դատելու, այն դեպքում, երբ տվյալ քաղաքացին անգամ չունի կուսակցական պատկանելություն, ուղղակի ընդդիմադիր հայացքներ ունի:

Մյուս գործը վերաբերում է «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում կալանավորված Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործին: Այստեղ եւս գործ ունենք իշխանության տարբերակված մոտեցման հետ: Մի օր որոշեցին, որ «Յութուբում» իրենց հայհոյելը հանցագործություն է ու խուլիգանություն, եւ դա տարածեցին բացառապես այդ երկու տղայի վրա: Իսկ շատերը` հենց իշխանական կողմից, նման հաղորդումներ են իրականացնում, հայհոյում եւ զրպարտում մարդկանց, բայց շարունակում են իրենց գործունեությունը: Կառանձնացնեմ նաեւ մայիսի 31-ի եւ հունիսի 12-ի գործերը, որտեղ հստակ երեւաց, որ իշխանությունները ոստիկանների կողմից ուժի կիրառման հարցում նույնպես տարբերակված մոտեցում ունեն: Ոստիկանները, որոնք բռնության ենթարկեցին մարդկանց, մեղադրյալի կարգավիճակում չեն, փոխարենը տուժողներից մի քանիսը մեղադրյալի կարգավիճակում հայտնվեցին: Այս ամենը թե՛ իրավական եւ թե՛ բարոյական առումով անընդունելի է»,- ասում է Մելիքյանը:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի` Փաշինյանի «խնդրանքով» հեռանալու փաստին. «Կարեն Անդրեասյանի հետ տեղի ունեցածը եթե համեմատում ենք Հովիկ Աղազարյանի հետ պատահածին, հասկանում ենք, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոչ մեկը չի կարող ասել, թե նրանք էլ ինչ բնույթի  SMS-ներ են ստացել, եւ ինչ որոշումներ են կայացրել դատական իշխանությունները, էլ չեմ խոսում Քննչական կոմիտեի մասին: Եթե 2023 թվականի վերջին դեռ ինչ-որ մարդիկ կարող էին փաստարկներ բերել դատական իշխանության անկախության վերաբերյալ, ապա այս տարի այդ փաստարկները հօդս ցնդեցին»: