Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը մամուլի ասուլիսում պատմել է Ակտաուում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ:
Նրա խոսքով՝ ինքնաթիռն անկառավարելի է դարձել Ղազախստանի օդային տարածք մտնելուց առաջ:
«Պատահարի մասին առաջին ահազանգը ստացվել է Ղազախստանի ժամանակով 10:43-ին Ռոստովում ռուսական թռիչքների կառավարման կենտրոնի կարգավարներից: Անձնակազմը որոշել է ինքնաթիռն ուղարկել Ակտաու Մախաչկալայում և Բաքվում եղանակային պայմանների պատճառով։ 10:53-ին Ռոստովի կարգավարն Ակտաուի իր գործընկերներին տեղեկություն է փոխանցել այն մասին, որ ինքնաթիռի սրահում թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ուղևորների մոտ գիտակցության կորուստ է եղել, և վայրէջքից հետո բժշկական օգնություն է պահանջվում: Ակտաուի օդանավակայանի արտակարգ ծառայությունները բերվել են պատրաստության»,- մանրամասնել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ անձնակազմը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն նկատվել են բարձրության կորուստ և ընթացքի անկայունություն։ Ավելի ուշ ինքնաթիռի հետ կապը կորել է, որից հետո այն կործանվել է՝ բախվելով գետնին։
Կարաբաևը տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկու սև արկղ: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Ղազախստանի փոխվարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չեն տա մասնակցել քրեագիտական հետաքննությանը, բայց նրանք կարող են մասնակցել դեպքի հետաքննությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Բաց մի թողեք
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Զելենսկի
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ
Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորին․ Լուսանկար