13/01/2025

Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանի համար 2024 թվականը եղել է շատ ակտիվ և անսպասելի տարի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ամփոփել է նախորդ տարվա ընթացքում նաև թատրոնի ունեցած ձեռքբերումները:

«Պատերազմից հետո հասկանալով, որ մենք մեզ լավ չենք ճանաչում ու ճիշտ չենք գնահատում՝ կարևորեցի, որ հայ գրականությունը շատ լինի։ 2024 թվականին, քանի որ Պ․ Սևակի 100-ամյակն էր, խաղացինք «Մարդն ափի մեջ» ներկայացումը, հետո՝ Հվ․ Թումանյանի «Տերն ու ծառան», Սոս Սարգսյանի 90-ամյակին էլ բեմադրեցինք «Լակոտը» վիպակը»,- մանրամասնել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ 2024-ին իր համար կարևոր նպատակ էր «Սասունցի Դավիթ» բեմադրելը. «Տարվա վերջում Արմոնո փառատոնի շրջանակներում բեմադրեցի այն, նույնիսկ այդ նպատակս կատարվեց։ Երևի երբեք այսքան չէի անդրադարձել հայ գրականությանը։ Շառլ Ազնավուրի մասին ֆիլմը եղավ, որը մինչ այսօր ցուցադրվում է։ «Գոմեշ» ներկայացման համար Գրամպրի ստացա, այն դուրս եկավ երկրի սահմաններից։ Շատ հայտնի թատերագետն ասաց՝ սա ֆենոմենալ ներկայացում է»։

2025 թվականը դերասանուհին դիմավորելու է ընտանեկան միջավայրում․ «Օրն անցկացնելու եմ արցախցի իմ բարեկամների հետ»։