«Փաստերի վերլուծության և լրագրողական հետաքննության հարթակը» նոր տարվա առաջին «սթափ» օրով անդրադարձել է ԼՂ նախագահական վերջին ընտրություններին և ներկայացրել այնպես, որ 2020 թվականին Հայաստանի իշխանության նախընտրած թեկնածուն ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ Մասիս Մայիլյանն էր:
Վարկած առաջադրելու և այն «հիմնավորելու» իրավունք, անշուշտ, բոլորն ունեն, բայց կոնկրետ այս դեպքում «հետաքննությունը» ոչ միայն անաչառ և հիմնավոր չէ, այլև ակնհայտ կողմնակալ և հիմնականում կոնյունկտուրային է, որովհետև հեղինակները «մոռացել են» մի շատ էական հանգամանք:
Բանն այն է, որ Մասիս Մայիլյանը, զբաղեցնելով ԼՂՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, նախագահական ընտրություններին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին:
Բավական ծանր մրցապայքարում նա ավելի քան 14 տոկոս «կողմ» քվեներ է ստացել: Խորհրդարանական երեք կուսակցությունների կողմից որպես միասնական թեկնածու առաջադրված Բակո Սահակյանը, նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո զբաղեցրած պաշտոնից հեռացրեց ոչ միայն Մասիս Մայիլյանին, այլև նրա երկու եղբայրներին:
Ուղիղ մեկ տասնմյակ Մասիս Մայիլյանը գլխավորել է հանրային կառույց, զբաղվել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փորձագիտական աշխատանքով: Թվում էր, թե նրա քաղաքական և հատկապես պետական կարիերան վերջնականապես ձախողված է:
2017թ. սահմանադրական փոփոխություններից հետո, երբ ԼՂՀ-ն վերանվանցեց «Արցախի Հանրապետություն», և Ազգային ժողովը լիազորությունների երրորդ ժամկետով նախագահ ընտրեց Բակո Սահակյանին, Մասիս Մայիլյանը տասնամյա մոռացությունից հետո պետական ծառայության կոչվեց:
Նա նախ նշանակվեց արտաքին քաղաքականության հարցերով Բակո Սահակյանի խորհրդական, ապա ԱԳ նախարար: Ընդ որում՝ «ռեաբիլիտացիան» կիրառվեց նաև նրա երկու եղբայրների նկատմամբ:
«Հետաքննության» հեղինակները պնդում են, որ 2020 թվականի ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցել է Հայաստանի իշխանության «սորոսական թևը»: Ըստ այդմ՝ Մասիս Մայիլյանը «սորոսական է»:
Բայց ինչո՞ւ նա Բակո Սահակյանի երրորդ կառավարությունում նշանակվեց արտաքին գործերի նախարար: Չէ՞ որ այդ ժամանակ Երևանում ազգային-հայրենասիրական, իսկ Ստեփանակերտում «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնություն դավանող, մեկ տարի առաջ ԼՂ կարգավորման «Լավրովի պլանը» մերժած իշխանություն էր:
Նրանք չգիտեի՞ն, որ Մասիս Մայիլյանը «սորոսական է», հայկական երկու պետությունները հատուկ ծառայություններ չունեի՞ն, տեղյակ չէի՞ն, թե Երևանում և արտերկրում ինչ շրջանակների հետ է Մասիս Մայիլյանը համագործակցում, ի՞նչ կառույցներ են նրան միջազգային փորձագիտական քննարկումների հրավիրում:
Տասը տարի Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում գլխավորել է արտաքին քաղաքականության հարցերով հանրային խորհուրդը, որ բազմաթիվ «կլոր սեղաններ» է կազմակերպել, երևի հարյուրավոր հարցազրույցներ տվել, հեղինակային հոդվածներ հրապարակել՝ ելակետային ունենալով մի գնահատական Մադրիդյան սկզբունքներով ԼՂ կարգավորումը ոչ թե խաղաղություն է ապահովում, այլ նոր պատերազմի հիմքեր ստեղծում:
Արտաքին քաղաքական այդ դիրքորոշումն էլ, ըստ երևույթին, նրան վերստին պետական ծառայության կոչելու հիմնական շարժառիթն էր, որովհետև նույն նարատիվը գեներացնում էին Բակո Սահակյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը երաշխավորած քաղաքական ուժերը՝ ՀՅԴ տեղական կառույցի առաջնորդությամբ:
«Սորոսական» Մասիս Մայիլյանը 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու կառաջադրվե՞ր, եթե նախորդ շուրջ երեք տարիներին չզբաղեցներ Բակո Սահակյանի խորհրդականի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Ի՞նչ անհրաժեշտությամբ էր պայմանավորված 2017 թվականի նրա քաղաքական ռեաբիլիտացիան: Բակո Սահակյանն այդ որոշումն ընդունել է անձնապե՞ս, թե Երևանի հետ խորհրդակցելուց հետո՞: Նրան սատարող քաղաքական ուժերն ինչո՞ւ չեն ընդդիմացել:
Ամենակարևորը. ո՞վ է նախաձեռնել իրանական «Շարղ» թերթին 2017-ի տարեվերջին Մասիս Մայիլյանի հարցազրույցը, որտեղ նա ասել է, որ Արաքսի ափամերձ տարածքները և Ստեփանակերտը «նույն կարգավիճակն ունեն»: Ջորջ Սորո՞սն էր նրան հրահանգավորել: Չէ՞ որ այդ ժամանակ Հայաստանում իշխանությունը դեռ ազգային-հայրենասիրական էր:
Բաց մի թողեք
Թուրքիայի ԱԳ նախարարն ինչ ցուցումով է մեկնել Ադրբեջան, հանդիպել Ալիևի հետ
Ադբրբեջանը հավակնում է դառնալ ռեգիոնալ «լիդեր». Բայրամովը` Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» մասին
Ադրբեջանցիները ոչինչ են Իլհամ Ալիևի համար