08/01/2025

Ալկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ

Հունվարի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն են ներկայացել Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ 35-ամյա Վանգ Զհեն և 46-ամյա Լի Խիանգը և հայտնել, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում գտնվել են Երևան քաղաքի Պուշկինի 60 հասցեում գործող «Բիթլս Փաբ»-ում, որտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո, լինելով ալկոհոլի ազդեցության տակ դուրս են եկել վերը նշված հասցեի մոտ գտնվող «Պարմա» սումերմարկետից գնում կատարելու նպատակով, ինչի ժամանակ իրենց անհայտ անձի հետ վիճաբանելիս, իրենց են մոտեցել 2 անհայտ քաղաքացի և Չինաստանի քաղաքացի հանդիսացող Լի Խիանգի ծոցագրպանից գողացել են դրամապանակը։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ըստ քաղաքացու, դրամապանակի մեջ եղել է 6 հատ բանկային քարտ և 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ Վանգ Զհենի բաճկոնի գրպանից գողացել են 700 հազար դրամ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ 2 անհայտ անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 34-ամյա Վրույր Ա․-ն և 36-ամյա Ռոման Գ․-ն։

Ոստիկանների կողմից հունվարի 3-ին, Վրույր Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։