Հունվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է AZAL ավիաընկերության Բաքու-Գրոզնի ՝չվերթի Embraer խորտակված ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների հարազատներին:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ «բարձր է գնահատել իր որդիների և դուստրերի հերոսությունը»: Նա նշել է, որ անձնակազմի զոհված անդամներից երկուսն արժանացել է «ազգային հերոսի» կոչման, երրորդ՝ «պետական բարձր պարգևի, որ կարող է նրանց հարազատների համար սփոփանք լինել»:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը հանդես է եկել քաղաքական շատ կոշտ հայտարարությամբ: «Ես կարող եմ վստահաբար ասել, որ Ադրբեջանի քաղաքացիների մահվան համար մեղավոր են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները»,- միանշանակորեն պնդել է նա և ավելացրել, որ մոտ ժամանակներս աղետի նախնական պատճառները հայտնի կլինեն և «ամեն ինչ կդրվի իր տեղում»:
Ալիևը վերահաստատել է, որ Ադրբեջանը «պահանջում է արդարություն, պահանջում է, որ մեղավորները պատժվեն, պահանջում է լիակատար թափանցիկություն և մարդկային վերաբերմունք»:
Հունվարի 5-ին ադրբեջանական օդանավի աղետի պատճառները հետաքննող՝ Ղազախստանի կառավարական հանձնաժողովի աղբյուրը tengrenews-ին ասել է, որ ICAO-ի սահմանած կարգի համաձայն՝ նախնական եզրակացությունը պետք է պատրաստ լինի մեկամսյա ժամկետում:
Այդ հանձնաժողովի փորձագիտական խմբերում ներգրավված են նաև ադրբեջանցի մասնագետներ, որ, ինչպես հասկացվում է Իլհամ Ալիևի հայտարարության տոնից, ինչ-որ տեղեկություններ արդեն իսկ փոխանցել են Բաքու:
Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով «վստահելի աղբյուրների», հայտնում են, որ ՌԴ Քննչական կոմիտեի «մոսկովյան խմբի համար Գրոզնիում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել»: Ըստ լուրերի, Գրոզնիի օդանավակայանի դիսպետչերական ծառայության աշխատակիցները «հարցաքննվել են Չեչնիայի քննիչների կողմից, նրանց ցուցմունքները գաղտնիացվել են»:
Ռուսաստանյան «ВЧК-ОГПУ» թելեգրամյան ալիքի տեղեկացվածությամբ՝ հարցաքննվել են նաև «Պանցիր» ՀՕՊ երկու կայանքի հրամանատարները: Նրանցից մեկն ասել է, որ օդանավի ուղղությամբ հրթիռ չի արձակել, քանի որ տեսել է, որ այն քաղաքացիական է և այդ մասին հայտնել է:
Հարցին, իսկ ինչու՞ երկրորդ կայանքի հրամանատարին այդ մասին չի տեղեկացրել, նա պատասխանել է, որ «ստացիոնար կապը խափանված էր, իսկ բջջային՝ խլացված, քանի որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն աշխատում էին»:
Ադրբեջանի նախագահն, ամենայն հավանականությամբ, տիրապետում է ավելի մեծ ծավալի և խորքային նշանակության տեղեկությունների: Հակառակ պարագայում նա Ռուսաստանից «մարդկային վերաբերմունք» չէր պահանջի, այսինքն` փաստացի Ռուսաստանին չէր մեղադրի «անմարդկային վերաբերմունքի» մեջ:
Ալիևի խոսքում, այդուհանդերձ, մի նրբերանգ կա. նա քաղաքացիական օդանավի աղետի մեղավոր է անվանում «Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին»: Ո՞ւմ նկատի ունի Ալիևը: Ռուսաստանի ռազմական գերատեսչությա՞նը, ռազմա-տիեզերական կամ հակաօդային և հակահրթիռային զորքերի հրամանատարությա՞նը, թե՞ Չեչնիայի ղեկավար Կադիրովին, որ քաղաքացիական օդանավի աղետի հաջորդ օրը պետական պարգևի է արժանացրել իր զարմիկին՝ հրապարակայնացնելով, որ նա դրան արժանանում է ուկրաինական ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի գործում վաստակի համար:
Ալիևն, իհարկե, իր հերթին անմարդկային վերաբերմունք է դրսևորել, երբ աղետից զոհվածների մեջ առանձնացրել է Ադրբեջանի քաղաքացիներին, բայց դա քաղաքական «նրբություն» է: Դրանով նա համերաշխություն է հայտնել հանրային կարծիքին, որ Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ «թշնամական քայլ է կատարել»:
Ադրբեջանի նախագահն այդպիսով շատ ակնհայտորեն բարձրացնում է «հաշտության գինը»: Եթե հունվարի 17-ին Իրանի նախագահն այցելի Մոսկվա և համապարփակ համագործակցության մասին ռուս-իրանական պայմանագիրն ստորագրվի, ապա «Հյուսիս-հարավ» միջանցքի գործարկման հավանականությունը կբարձրանա:
Իսկ Ադրբեջանը տրանզիտ ապահովողն է: Ալիևը փորձում է այդ համաձայնությունից հրաժարվե՞լ:
Բաց մի թողեք
Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն այդ պայմանագրերը. Ալիևը սպառնացել է
«Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Երևան. Ալիևը կրկին հոխորտում է
Հայաստանի անկախ պետությունը ֆաշիստական է ու պետք է ոչնչացվի․ Ալիևի հերթական բարբաջանքը, այն իրականություն կդառնա ․․․