Կապանի զորամասերից մեկում ժամկետային ծառայության մեջ գտնվող Սարգիս Մելքոնյանին օրերս երկու ամսով կալանավորել և տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ։ Զինվորի ընտանիքն այդ մասին իմացել է հեռախոսով՝ինչ-որ դատավորից։
«Մենք սպասում էինք, որ տղայիս կբերեն Կանազի հոսպիտալ, մենք էլ կգնայինք ու մանրամասն կիմանայինք եղելությունը, բայց ոմն դատավոր Կապանից զանգեց-տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ Սարգիսին երկու ամսով կալանավորել և տեխափոխել են Գորիսի բանտ»,- ասաց զինվորի հայրը՝ Գագիկ Մելքոնյանը։
Զինվոր Սարգիս Մելքոնյանը բռնցքամարտիկ է, 18 ամիս է, ինչ բանակում է։ Ծառայում է սահմանափակումներով․ զորակոչվել 7Գ հոդվածով։ Ըստ զինվորի հոր՝ տղան ֆիզիկապես ուժեղ, բայց համեստ ու զուսպ է՝ քանի դեռ հավասարակշռությունից չեն հանել։ Իսկ դեպքը, որ տեղի է ունեցել զորամասում և, որի հետևանքով զինվորը հայտնվել է բանտում, հավասարակշռությունից հանելու հետևանքով է։
«Այդ օրը տղաս ԿՊՊ-ում հերթապահության է եղել։ Մի զինվոր է մոտեցել նրան և ինչ-որ բան հարցրել, բայց գնդի հրամանատար Հակոբ Գերյանին տեսնելով, այդ զինվորն արագ փախել է։ Հրամանատարը մոտեցել է տղայիս, հարցրել՝ով է զինվորը։ Տղաս ասել է՝չի ճանաչում։ Սկսել է երեխայիս քաշքշել, օձիքից թափահարել, ասել է՝ կես ժամ եմ տալիս, գտնես, բերես մոտս։ Տղաս կես ժամ փնտրել, զինվորին չի գտել։ Գնացել, հրամանատարին ասել է, որ չի գտել։ Սա էլ, իր նազիր-վեզիրների ներկայությամբ հայհոյել, հարվածել է տղայիս նաև՝ոտքերով։ Սարգրսն էլ «ափերից» դուրս է եկել և պատասխան հարված հասցրել։ Այսինքն, տղայիս հարվածը հաջորդել է հրամանատարի հարվածներին»,- ասաց Գագիկ Մելքոնյանը, ըստ որի՝ եթե Սարգիսը մտքին դներ, հրամանատարից «ճաշ» կսարքեր, բայց զսպվածություն է ցուցաբերել, և ի պատասխան ստացած հարավածների, պատասխանել է ընդամենը մեկ հարվածով։
«Տղաս ծառայում է սահմանափակումներով, դյուրագրգիռ է, այդ մասին գիտեն բոլորը։ Հրամանատարը պարտավոր էր առանձնահատուկ վերաբերմունք դրսևորել նրա նկատմամբ, բայց չի արել։ Ընդհակառակը, հրահրել է, և հացրել նրան, որ երեխաս վրան ձեռք բարձրացնի։ Հիմա էլ, փոխանակ հոսպիտալում լինի, երկու ամսով կալանավորվել է։ Շատ վատ տեղում է հայտնվել, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ ծանր հոգեբանական վիճակում է գտնվում երեխաս։ Ամեն ինչ անելու եմ, որ բանտից շուտափույթ տեղափոխվի։ Փաստաբանն արդեն հայց է ներկայացրել՝ խափանման միջոցը փոխելու մասին։ Նաև տեսախցիկների ձայնագրությունն է պահանջել՝ դեպքի իսկությունը պարզելու համար։ Չեմ կարող թույլ տալ, որ հրամանատարի փոխարեն իմ երեխան հայտնվի բանտում»,- ասաց Գագիկ Մելքոնյանը, ով գրավոր բողոք է ներկայացրել Զինվորական դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին։
«Դիմում եմ նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հույս ունենալով, որ բանակը կմաքրի Հակոբ Գերյանի պես հրամանատարներից։ Պարոն նախարար, ինքս էլ 10 տարի ծառայել եմ, հրամանատարներ եմ տեսել, որոնց անունով մինչև հիմա երդվում եմ։ Այդ պատասխանատու պաշտոնը վստահեք նրանց, ովքեր զինվորի հետ շփվել գիտեն, նրանց վերաբերվում են ծնողի պես։ Մաքրեք բանակը զինվորի անունն ու պատիվն արատավորող հրամանատարներից և համալրեք բանակը արժանապատիվ սպաներով։ Իսկ ես հնարավոր բոլոր դռները թակելու եմ, մինչև գնդապետ Հակոբ Գերյանի նկատմամբ ծառայողական քննության իրականացվի և նրան բերման ենթարկելու որոշում կայացվի»,- ասաց Գագիկ Մելքոնայնը։ Ըստ որի՝ գնդապետ Գերյանը շատ հեռու է հրամանատար լինելուց «նրան նույնիսկ ռազմագիտություն առարկան վստահել չի կարելի»։
Արեգ Մարգարյան; hraparak.am
Բաց մի թողեք
Կեր, խմի, քեֆ արա՝ քանի դեռ բաջանաղդ մարզպետ է
Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր
Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ Լուսանկար