09/01/2025

ՀՀ բանակցողը չէր կարո՞ղ Ալիևից մեկ օր առաջ տեղեկություն տարածել սահմանազատման հանձնաժողովների սպասվող հանդիպման մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա այս ամիս, կոնկրետ ժամկետ դեռևս համաձայնեցված չէ:

Այս տեղեկատվությունը, վստահաբար, կարելի է ասել, չի ծնվել հունվարի 8-ի աշխատանքային օրվա մեկնարկին, բայց փաստ է, որ հաջորդել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցին:

Ստացվում է, որ Երևանն սպասել է Բաքվի «բացահայտմանը», որպեսզի հաստատի, որ սահմանազատման գործընթացի «մահվան մասին լուրերը խիստ չափազանցվա՞ծ են»: Բանակցողի «խաչը» միշտ է ծանր, հայ-ադրբեջանական կարգավորման պարագայում Երևանի բեռը կրկնակի-եռակի ծանր է:

Որքան էլ փորձենք մեղմել կամ ինքնաներշնչվել, թե քառասունչորսօրյա պատերազմի հետևանքնեն այն չեն, ինչ ներկայացնում, քարոզում, ամենօրյա ռեժիմով գեներացնում է ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, իրականություն է, որ բանակցություններում Ադրբեջանը հանդես է գալիս «հայրենական պատերազմում հաղթածի» դիրքերից:

Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ Ադրբեջանի նախագահն իրավիճակը ներկայացնի այնպես, որ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման նախաձեռնողն ինքն է, առաջինը Բաքուն է ներկայացրել «միջազգային իրավունքների սկզբունքներին և նորմերին համապատասխան հինգ սկզբունքներ»: Սահմանազատման հարցով նոր հանդիպման մասին էլ Ալիևն ասում է, որ դա իրենց նախաձեռնությունն է:

Ստացվում է, որ իրականում սահմանազատմամբ շահագրգռված է Հայաստանը, որպեսզի ամբողջացնի-միջազգայնորեն լեգիտիմացնի իրական Հայաստանը, իսկ հանձնաժողովների հանդիպման նախաձեռնություն Բաքուն է անում: Եթե անգամ այդպես չէ, ապա, միևնույն է, միջազգային ընկալումն այն է լինելու, որ Ալիևը «նախաձեռնել է, Փաշինյանը՝ համաձայնել»:

Տեղեկատվական այս «անհարմարության» ինտրիգն այն է, որ եթե Հայաստանի հետ լեգիտիմ իրավական հիմքով սահմանազատմամբ չշահագրգռված Ադրբեջանը հանդիպում է նախաձեռնում, ուրեմն շատ սկզբունքային ասելիք ունի: Պատահական չէ, որ Տավուշի հատվածում սահմանազատումն Ալիևն անվանեց «Ղազախի չորս գյուղերի խաղաղ ճանապարհով օկուպացիայից ազատագրում, ինչին Հայաստանը գնացել է կամավոր-հարկադրված»:

Ալիևը, թերևս, սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը չէր վավերացնի, եթե Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի անցկացմամբ պայմանավորված՝ խնդիրներ չունենար:

Այսօր բոլորովին այլ իրավիճակ է. ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվում, Մերձավոր Արևելքում ուժերի նոր հարաբերակցություն է ձևավորվում, որտեղ Թուրքիային կարևորություն են տալիս ոչ միայն արաբական մի քանի երկրներ, այլև Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, եվրոպական ազդեցիկ երկրները:

Տրամաբանական է, որ Ալիևն այս տրանսֆորմացիաներից մեծ շահ քաղելու ակնկալիքներ ունի, և դրանք ամենևին էլ հիմնազուրկ չեն: Ասադին Հայաստանի տապալված դաշնակից անվանելով՝ նա ավելացրեց, որ «դա շարունակվելու է»: Ըստ երևույթին, նկատի ունի Իրանի շուրջ հավանական զարգացումները:

Ալիևի հարցազրույցի նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու հաղորդագրություն է տարածել՝ սահմանի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի հրաձգային զինատեսակներից գնդակոծումների մասին: Կարելի է ենթադրել, որ Բաքուն առաջարկելու է սահմանազատման հերթական փուլն անցկացնել այդ հատվածում: Բարդ բանակցություններ են սպասվում:

Բայց Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը չէր կարո՞ղ Ալիևից մեկ օր առաջ տեղեկություն տարածել սահմանազատման հանձնաժողովների սպասվող հանդիպման մասին: Դիվանագիտության պրակտիկայում սառնասրտությունը, պաուզան միշտ չէ, որ արդյունավետ են: Իսկ «էպիգոնությունը» ոչ միայն պատվաբեր չէ, այլև «հետնապահության» վարքագիծ է ձևավորում: