Խորհրդարանական ընդդիմության կարկառուն ներկայացուցիչների՝ «տարվա ամփոփում» «ժանրում» արված հայտարարությունների, անցած տարվան տրված գնահատականների տողատակերում անհնար է չնկատել խորին հիասթափություն ու ափսոսանք առ այն, թե ինչու Ալիևը 2024-ին գտնվեց այդքան ապիկար ու COP 29-ից հետո, ինչպես կանխատեսվում էր, չգնաց սահմանային լարվածության և կամ ռազմական ագրեսիայի։
ՀՀ իշխանությունն էլ, ահա, գտնվեց նույնքան «ապիկար» ու այդ փուլում չեզոքացրեց պատերազմի «լեգիտիմ հիմքերը»՝ ՀՀ սահմանների պաշտպանությունը հոգալով դիվանագիտական ճանապարհով, “тише едешь, дальше будешь” սկզբունքով՝ փչացնելով իրենց՝ ընդդիմադիրների «տոնը»՝ «սրբազան պայքար» կոչեցյալի տեսքով։
Հարկ է նկատել, որ Բաքվի բռնակալը, ականջալուր լինելով հայաստանյան ընդդիմության սրտի ուզածին, տարին սկսել է իր մաքսիմալիստական, ռազմատենչ, ընդհուպ ՀՀ-ն որպես պետություն ջնջելու մասին հայտարարություններով՝ այսպիսով բավարարելով հայաստանյան ռևանշիստների քարոզչական ակնկալիքները։ Այն է՝ 2025-ին սպասվում է պատերազմ, քանի որ իրենք զգուշացրել էին՝ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ»-ը հեչ բան է, «զրո», Ալիևը երբեք չի գնա խաղաղության, քանի որ նրա հետ բանակցում է «պատերազմում պարտված, կապիտուլացված» ՀՀ ղեկավարը։ Այդ՝ պատերազմի ակնկալիքը սպասարկելու համատեքստում է, որ հայրենի օպոզիցիան օրնիբուն աղաղակում է, թե ՀՀ իշխանությունները կուլ են տվել իրենց լեզուն՝ փոխարենը Ալիևին լեզվակոխ անելու, համարժեք հակահարված չեն հասցնում, քանի որ «վերջինիս կամակատարն են և լուռ իրականացնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»։
Այո, ցավ ի սիրտ արձանագրենք, որ ունենք ոչ թե վերահաս պատերազմի մասին անհանգստացող և այդ մասին ահազանգող, իշխանությանը կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու ուղեցույցներ ներկայացնող (հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք Ադրբեջանի նախագահի հետ աշխատելու բավականաչափ փորձ են կուտակել), այլ պատերազմ տենչացող, ՀՀ իշխանությանը արկածախնդրության դրդող ընդդիմություն, քանի որ միայն պատերազմն է, որն այդ խմբակին կտա «երկրորդ շանս»՝ ներքաղաքական լարվածություն, քաոս, խժդժություններ գեներացնելու և այդ ալիքի վրա երկրի ղեկին վերատիրելու համար։ (Իզուր չէ, որ գործող իշխանությանն ուղղված միակ ու անփոփոխելի «ուղեցույցը» եղել է և կա «հրաժարական տուր, երկիրը հանձնիր մեզ»-ը): 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո երկրում ստեղծված իրավիճակի կրկնության մասին բացահայտ փափագն, ի դեպ, պատահաբար չէ, որ հնչել է նախկին իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի շուրթերից։
(Նախօրեին էլ, ի դեպ, նույն այդ ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ պատգամավորի մանդատ ունեցող Աննա Մկրտչյանը ռուսերենով «կանչ» էր տալիս ՀՀ-ի դեմ պատերազմ սկսելու «արտաքին պատվիրատուներին» և «ազնիվ կոմերիտականի» խոսք տալիս՝ ՀՀ երբեմնի «լեգիտիմ» (բնորոշումը իրենն է) ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, որ բերեք իշխանության, նա Ալիևի, Փաշինյանի հարցերը կլուծի, երկիրը ոտքի կհանի, ու ՀՀ-ն կվերածնվի։ Դիտարկեք Սերժի թեկնածությունը որպես ՀՀ նոր ղեկավար, այ կտեսնեք, չեք փոշմանի)։
Հետևապես ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «պատերազմական իրավիճակի կառավարման», այն է՝ պատերազմի ռիսկերի եթե ոչ զրոյացման, ապա նվազեցման քաղաքականությունը չի բխում ընդդիմության այսրոպեական շահերից։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը այդ ռիսկերը կառավարելի դարձնելու և հակառակորդ երկրին «հարցերը պատերազմի միջոցով» լուծելու «կռվաններից» զրկելու համար։ Այո, ռազմահայրենասիրական ճոռոմաբանության փոխարեն հայտարարում է, որ հավատարիմ է խաղաղության գործընթացին, տրամադրված է կառուցողաբար, պատրաստ է շարունակել քննարկումները բանակցվող փաստաթղթի վիճելի կետերի շուրջ համաձայնության գալու համար, պատրաստակամ է շարունակել սահմանազատման գործընթացը իրավական այն հենքի վրա, որը ամրագրվեց նախորդ տարի, ընդհուպ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորել։ ՀՀ վարչապետի՝ «Արմենպրես»-ին տված վերջին հարցազրույցը Բաքվի բռնակալի վերջին սպառնալից հարցազրույցին ի պատասխան հենց այս սկզբունքներին ու բանակցային վարքագծին հավատարիմ մնալու հավաստիքն է։ Փաշինյանը մի քանի կետերով ֆիքսեց ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացի «ստատուս քվոն»՝ շեշտադրելով.
1. Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: Մինչդեռ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել՝ ագրեսիվ հայտարարություններ անելով և դրանց ի պատասխան նույնպիսի պատասխաններ ակնկալելով Երևանից։ Մինչդեռ ՀՀ-ն չի շարժվելու Ադրբեջանի հաշվարկած քայլերով, չի տրվելու Ադրբեջանի սադրանքին և կիրառելու է ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզուն:
2. ՀՀ-ն ամենազգայուն ու սպեկուլյատիվ մեկնաբանման առիթ դարձած հարցի՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Կայացած համաձայնությունը թղթի վրա արձանագրելուց հետո էլ կսկսի երկաթուղու իր՝ ՀՀ հատվածների շինարարությունը:
3. ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից:
4. ՀՀ բանակի բարեփոխումների օրակարգը լեգիտիմ է, և որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը:
5. Սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու՝ ՀՀ-ի կողմից շատ ավելի վաղ արված առաջարկն Ադրբեջանին մնում է ուժի մեջ, և սպասում ենք ՀՀ սպառազինությամբ անհանգստացած Ալիևի պատասխանին: ՀՀ-ն էլ իր հերթին մտահոգություններ ունի Ադրբեջանի սպառազինվելու վերաբերյալ, և այդ մտահոգությունները լեգիտիմ են։
6. Ուժի մեջ է ՀՀ-ի կողմից արված մեկ այլ առաջարկ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխարգելելու մեխանիզմի ձևավորում, որը թույլ կտա հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ահազանգերը ստուգել ու բացահայտել խախտողին։
7. Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, ապա ՀՀ-ն այդ մեղադրանքին չի պատրաստվում արձագանքել «ֆաշիստը դու ես» ոճում, թեև ՀՀ-ում էլ նույնպիսի ընկալում կա Ադրբեջանի մասին։ ՀՀ-ն, այսուհանդերձ, ակնկալում է փաստարկված հիմնավորում առ այն, թե ինչի հիման վրա է նման մեղադրանք հնչեցվում իր հասցեին։
8. Թերևս ամենակարևոր արձանագրումը՝ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը, պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել։ Հետևապես կհանդիպենք բանակցային սեղանի շուրջ, ընթացիկ ամսում։
Երկրորդ և երրորդ նախագահների թիմերը հատում են «կարմիր գծերը»
Պատահականություն չէ, թերևս, այլ, գուցե, «ավանդույթ», որ երբ ՀՀ ռազմավարական դաշնակցի «պասով» ոգևորվում է Ալիևն ու «գազ տալիս» իր ռազմատենչ հռետորաբանությանը, այդ ոգևորությունն անմիջապես կիսում է նաև հայաստանյան ընդդիմությունն ու «ռեստարտ» անում իշխանափոխության ծրագիրը։
Ոգևորությունն, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, կառավարող ուժի ոսկորները լվալուն զուգահեռ դրսևորվում է նաև ընդդիմադիր դաշտի մոբիլիզացիայով և «թիվ մեկ» ընդդիմադիր լիդերի քասթինգ իրականացնելով։ Դրան ավանդաբար մասնակցող երկրորդ և երրորդ նախագահներն ու նրանց թիմերը, ինչպես գիտենք, արդեն որերորդ անգամ չեն կարողանում իրար մեջ կիսել «առաջին տեղը», ու ժողովրդական լեզվով ասած՝ «փոզմիշ է լինում» Փաշինյանին տապալելու նպատակ ունեցող փողոցային հերթական պայքարը։ Պատահականություն չէ, թերևս, նաև այն, որ եթե նախկինում ներքին մրցակցությունն ու հակասությունները ինչ-որ չափով տեղավորվում էին պոլիտկոռեկտության սահմաններում, ապա այս անգամ երկու ճամբարներն իրար հրետակոծելիս հատում են «կարմիր գծերը»։
Առժամանակ հաստատված տեղեկատվական «հրադադարը», կարծեք, առաջինը խախտեց Սերժ Սարգսյանի թիմը, որի անդամներից մեկը՝ ՀՀ «թիվ մեկ հակասորոսիստ» Նարեկ Մալյանը, օրեր առաջ որոշեց հիշեցնել, թե ով էր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Քոչարյանի թիմակից, պատգամավորական մանդատը Երևանի քաղաքապետ դառնալու ամբիցիային զոհաբերած Անդրանիկ Թևանյանը «հեղափոխությունից հետո» և մասնավորապես 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Երևանում սկսված փողոցային հուզումների ժամանակ։ Այդ հուզումներն, ի դեպ, հանգամանքների բերումով առաջնորդում էր ինքը՝ «ինքնաառաջադրված լիդեր» Թևանյանը։ Եվ ահա, Նարեկ Մալյանը հիշեցրել է, որ «Սորոսից վարձատրվող» Անդրանիկ Թևանյանը «2018 թ. ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլին նամակ էր գրել, որով պաշտոն էր խնդրել: …Ես իմ գաղափարակից ընկերների հետ ամեն ինչ անելու եմ, որ հերթական ավանտյուրիստը չկարողանա մարդկանց խաբելով քաղաքական առևտրի մեջ մտնել»: Թե ինչ առևտրի մասին է խոսքը՝ հայտնի չէ, գուցե ակնարկն այն մասին է, որ եթե Ալիևը որոշի գործի անցնել, ՌԴ-ն էլ որոշի օգտվել առիթից և գահընկեց անել ՀՀ գործող իշխանությանը, որպես ՀՀ վարչապետի տեղապահ կարգել Թևանյանի՞ն։ Մեկին, որը, հիշեցնենք, նախորդ տարի պատիվ էր ունեցել կանչվել ՌԴ, տեղի թիվ մեկ պրոպագանդիստական ԶԼՄ-ի՝ «Առաջին ալիքի» «տիկնիկը» դառնալ ու կեղտ լցնել սեփական երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի վրա։ «Առաջին ալիք»-ի եթեր հրավիրվելու պատվին, հիշեցնենք, մեկ էլ արժանացել էր Թևանյանի պատրոնը՝ Ռոբերտ Քոչարյանը, 2021 թ. ԱԺ ընտրություններից առաջ հյուրընկալվելով Վլադիմիր Պոզներին։
Չի ուշացել նաև «Մայր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորած Թևանյանի պատասխան «հարվածը», բայց ոչ թե անձամբ Նարեկ Մալյանին, այլ՝ Սերժ Սարգսյանին։ Թևանյանն, ըստ էության, ոչնչացրեց Սերժ Սարգսյանին որպես ընդդիմադիր լիդեր, որը կարող է հավակնել ենթադրվող հերթական շարժումն առաջնորդելուն (երրորդ նախագահն իր ամանորյա շնորհավորական ուղերձում, ըստ էության, անոնսել էր իր այդ մտադրության մասին)։ Քոչարյանի թիմակիցը Սերժ Սարգսյանին մեղադրեց Նիկոլ Փաշինյանին հովանավորելու, վերջինիս, այսպես ասած, «հոգևոր հայրը» լինելու մեջ՝ միաժամանակ հայտարարելով, թե ՌԴ-ի հետ հարաբերությունների «փչացման» մեկնարկը տրվել է հենց իր՝ Սերժ Սարգսյանի օրոք։ «Սերժ Սարգսյանի գլխավոր սկզբունքն է՝ քանի դեռ ինքը շանս չունի վերադառնալ իշխանության, ուրեմն թող Նիկոլ Փաշինյանը մնա։ Ուրեմն պետք է սևացնել, մրոտել, հարձակվել բոլոր այն ուժերի դեմ, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, նույնն է՝ Սերժ Սարգսյանին»,- մասնավորապես նշել է Թևանյանը՝ նույնացնելով Փաշինյանին և Սարգսյանին։ Ռուսական ագիտպրոպի տեղական գործակալները, փաստորեն, ոգևորվել են Երևանում «կարմիր գծերի» թանկացման ավագանու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումից և համարում են, որ Երևանում իշխանափոխությունն այլևս իրենց գրպանում է, մի քիչ էլ, ու ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մակարդակով իշխանափոխությունն իրականություն կդառնա։ Ալիևը մեզ օգնական, Ռուսաստանն էլ մեզ պաշտպան։
Ուստի պետք է նույն «կոնվեյերի» վրա դնել Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին, հասարակությանը փորձել համոզել, որ «ճիշտը Քոչարյանն» է ու նրան էլ դիտարկել որպես Հայաստանի ապագա փրկիչ։ Նրան, որը ՌԴ-ին չի «քցել», Պուտինի հետ քիմիական կապով է կապված, Սերժ Սարգսյանի պես էլ ԵՄ-ի հետ «սիրախաղերի» մեջ չի մտել։ Նրան, որը ժամանակին «Քիվեսթյան» բանակցությունների միջոցով (որը նախատեսում էր Ադրբեջանին տալ Նախիջևանի հետ կապվելու ցամաքային կապ՝ «սուվերեն անցում» Մեղրիի շրջանով) անոնսել է «Զանգեզուրի միջանցքը», լեգիտիմացրել է նման միջանցքի հնարավորությունը թեկուզ բանակցային մակարդակում։ Իդեալական թեկնածու Ադրբեջանի կողմից ուժով բացվելիք ու ՌԴ-ի կողմից վերահսկվելիք «միջանցքը» ստանալու համար։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ինքը նորմալ չի տիրապետում տեղեկատվությանը
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է,- հեգնել է Մեդվեդևը
Պուտինն Ալիևի հետ խոսել, ներողություն է խնդրել. Պեսկովը՝ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին