05/02/2025

Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար

Գյումրիից հետո Փարաքար խոշորացված համայնքը երկրորդն է, որտեղ նախնական ընտրությամբ՝ փրայմրիզով, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի։

Օրեր առաջ այս մասին հայտարարեց ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց հայտ ներկայացրած անձանց թեկնածությունները, որոնք 6-ն են:

Փարաքար խոշորացված համայնքի պաշտոնակատարի նախնական ընտրությանը կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ փրամյերիզը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդի ձայնը լսելի է լինելու։

Լյուդվիգ Գյուլնազարյանի հրաժարականի հիմքում 2024 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում կատարված սպանությունն էր, որի ընթացքում ոտքից վիրավորվել էր նաև ինքը: Նախկին համայնքապետը պնդում է, որ աղմկոտ պատմության հետ կապ չունի. «Նման իրավիճակում կարող էր յուրաքանչյուր բնակիչ գտնվել, դա դժբախտ պատահար էր։ Ես այդ պարզաբանումները տվել եմ, այդ գործով ճանաչվել եմ տուժող, որն էլ իրականությունն է»։

Համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը ևս ցանկանում է համայնքի խնդիրների լուծումներով զբաղվել: Վերջինս մեզ հետ զրույցում հիշեցնում է՝ մարդիկ տեսել են իր նվիրվածությունը համայնքին։

Նա մեծ բացթողում է համարում նախկինում որպես համայնքապետ իր թեկնածության չառաջադրումը. «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, բացի դրանից՝ չէի կարող այս պահին որևէ գործողություն չանել, այս ամենն իմ աչքի առաջ է ու ավելի շատ ինֆորմացիայի եմ տիրապետում, քան շատերը»։

Բռնցքամարտից քաղաքականություն է ցանկանում անցում կատարել երիտասարդ թեկնածու Արման Մնացականյանը: Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ առաջադրվել է, որպեսզի բնակիչներին ապահովի ավելի բարեկեցիկ կյանքով. «Զբաղվելով շատ երկար տարիներ սպորտով՝ հակված եմ բնակիչներին ուղղորդելու դեպի առողջ ապրելակերպը: Ամեն շենքի բակում պետք է լինի մարզահրապարակ, խաղահրապարակ»։

Թեկնածուն հույս է հայտնում, որ փրայմերիզը կանցկացվի արդար սկզբունքով։

Նկատենք՝ թեկնածուներից երկուսը Կարեն Երեմյանը և Մհեր Հարությունյանը, չեն ցանկացել զրուցել մեզ հետ՝ պատճառաբանելով, թե նպատակահարմար չեն համարում, իսկ միակ կին թեկնածուի՝ Արփինե Առաքելյանի հետ կապ հաստատել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ նախնական ընտրությունները Փարաքարում կանցկացվեն հունվարի 11-13-ը։ Ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն կնշանակվի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և մեծ հավանականությամբ կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը արտահերթ ընտրություններում, որը տեղի կունենա մարտի վերջին։