Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստաընկերություններին հարցազրույցով, ինչպես նման դեպքի համար ղարաբաղցին է ասում՝ «մի ծառ բարձրացել, մի քանիսը շղահարել է»: Ալիևը հիմնական թիրախներից մեկն էլ Իրանն է:
Այդ երկրի հետ հարաբերությունների մասին խոսելիս նա ասել է, որ բնութագրումներ անելու համար դեռ վաղ է, Իսլամական Հանրապետության նոր կառավարության հետ սկզբունքային քննարկումներ չեն եղել, շփումները հիմնականում շոշափել են տնտեսական և կոմունիկացիոն հարցեր:
Ալիևը, իհարկե, կեղծում է, որովհետև Սիրիայում Թուրքիայի հատուկ ռազմագործողության մեկնարկից ընդամենը երկու շաբաթ առաջ Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժություններ են անցկացվել, ընդ որում՝ չափազանց խորհրդանշական վայրում՝ Ասլանդուզում, որտեղ 200 տարի առաջ ռուսական զորքերը հաղթել են պարսիներին և Արաքս գետով երկու երկրների միջև սահման գծել:
Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումից հետո, իհարկե, Ալիևին ձեռնտու է «պարտված» Իրանից դիստանցավորվել և վերահաստատել Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը: Բայց իր բնույթին լիովին համապատասխան, նա խուսանավելու պատճառներ է գտել:
Ալիևը նույնիսկ բացահայտել է, որ Իրանի նախկին արտգործնախարար Աբդոլահիանն իրեն անձամբ խոստացել է մահվան դատապարտել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը գրոհած ահաբեկչին, բայց Իրանի իշխանությունները դարձյալ խաբել են և գործն ուղարկել վերաքննության։
Ալիևն այնքան փոքրոգի է գտնվել, որ ծավալուն անդրադարձ է կատարել անցյալ տարեվերջին Արդեբիլի իմամ Ամելիի ելույթին, որտեղ վերջինս Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին անվանել է «ջհուդների ծառա»: «Այդ մոլլան անձնապես վիրավորել է ինձ, իսկ ո՞վ է նրան նշանակում»,- ասել է Ալիևը և ավելացրել, որ միջադեպի կապակցության Իրանի արտգործնախարարության ափսոսանքը բավարար չէ, նրանք պետք է ներողություն խնդրեն:
Ըստ տեղեկությունների՝ Արդեբիլի «մոլլան» իրանական Ատրպատականում Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթլլա Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչն է: Ադրբեջանի նախագահը փաստացի ասել է, որ իրեն «ջհուդների ծառա» է անվանել Խամենեիի կողմից նշանակված անձը և եթե պահանջել է, որ իրանական կողմը ներողություն խնդրի, ուրեմն այդ հավակնության հասցեատերն Իսլամական հեղափոխության առաջնորդն է:
Ալիևի այս հրապարակային պահանջից մեկ օր անց Բաքու է մեկնել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանը: Բաքվի մամուլն առայժմ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումների մասին որևէ էական տեղեկատվություն չի հայտնել:
Ուշագրավ է, որ մինչ այդ մամուլում տեղեկություն է տարածվել, որ իրանական պատվիրակություն կմեկնի Թուրքիա, իսկ Աբդոլահիանի Բաքու այցին ընդառաջ կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը:
Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Խոսելով Մերձավոր Արևելքում «Հայաստանի դաշնակից» Ասադի տապալման մասին, Իլհամ Ալիևն ասել է, որ «դա շարունակվելու է»: Ըստ երեւույթին, նա նկատի է ունեցել Իրանում «կրոնապետության տապալման հավականակնությունը»:
Ալիևը չէր կարող իրեն նման բացբերանություն թույլ տալ, եթե երրորդ դերակատարից արտոնված չլիներ: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ի՞նչ ուղերձ է տարել Բաքու: Նա Իսլամական հեղափոխության առաջնորդի անունից «ներողությո՞ւն է խնդրել», թե՞ հիմնավոր ապացույցներ է ներկայացրել, որ Ադրբեջանն իրոք Իրանի դեմ իսրայելական հարձակումների պլացդա՞րմ է:
Իրանը «մեզ փորձել է վախեցնել Ադրբեջանի սահմանին մոտ մի քանի զորավարժություններով»,- նախընթաց շրջանի լարվածության փուլի մասին ասել է Իլհամ Ալիևը: Սիրիայում իրավիճակի հետ կապված՝ Իրանը վերջին օրերին մի քանի համաժամանկյա զորավարժություններ է անցկացնում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը ծանուցել է, որ ընթացիկ տարում նախորդի համեմատ զորավարժությունների քանակը և ծավալները կրկնապատկվելու են: Ասլանդուզում Իրանը նոր զորավարժություններ ծրագրո՞ւմ է:
Բաց մի թողեք
Ադբրբեջանը հավակնում է դառնալ ռեգիոնալ «լիդեր». Բայրամովը` Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» մասին
Ադրբեջանցիները ոչինչ են Իլհամ Ալիևի համար
Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ