15/01/2025

Հայաստանի ռուսամետ ուժերը գալիք խորհրդարանական ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանի ռուսամետ ուժերը գալիք խորհրդարանական ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու:

«Հայաստանի ռուսամետ ուժերը (սա պայմանական անուն է, որովհետև Հայաստանի բոլոր ուժերը հայաստանյան են և հայկական, նույնը վերաբերում է արևմտամետ ձևակերպմանը) գալիք խորհրդարանական ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու.

ա/ նրանք ոչ միայն չեն կարողանում միավորել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, այլ միմյանց հանդեպ ունեն ընդգծված և հրապարակային հակակրանք, որից միայն և միայն շահելու է Փաշինյանը:

բ/ Հայաստանի հանրությունը, անգամ ամենառուսամետ շրջաններն ու գյուղական բնակավայրերը, 2022 թվականի սեպտեմբերյան ներխուժումներից և 2023-ի սեպտեմբերյան արհավիրքից հետո ամբողջովին երես են թեքել Ռուսաստանից: Այսօր Հայաստանում, նկատի ունեմ ոչ քաղաքական և պետական շրջանակներում, Ռուսաստանից հիասթափությունն ու զայրույթը ավելի խորն է, քան էր 1920 թվականի բոլշևիկ-քեմալական դավադրության օրերին և բոլոր այն ժամանակներում, երբ ցարական՝ Ռոմանովների ռուսական կառավարությունը վարում էր հայատյաց քաղաքականություն:

Կարծում եմ՝ Ռուսաստանի գործոնը, ինչ անունով էլ շրջանառվի, միայն քվեներ է տանելու պայմանական ռուսամետ ուժերից: