17/01/2025

Հայաստանի վրա կորզել միակողմանի զիջում և այդ կերպ «ճեղքել» փակուղին

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ վերաբերում է խաղաղության բանաձևին, թե ինչպես է նա պատկերացնում խաղաղության հասցնելու պայմաններն ու ճանապարհը, արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Նա հայտարարել է, որ Փաշինյանի խոսքերը չեն բավարարում Բաքվին և կրկնել Սահմանադրության փոփոխության պայմանը կամ պահանջը: Սա, իհարկե, այսպես ասած՝ համառոտ:

Ընդհանուր առմամբ, իրերի այդ դրությունը նոր չէ: Նոր չէ այն իմաստով, որ՝ թե Փաշինյանի մոտեցումները, թե դրանց բարձրաձայյնումը անբավարարար համարելու Բաքվի արձագանքը եղել են նաև նախորդ տարի:

Մեծ հաշվով, բովանդակային առումով չի կատարվում ըստ էության որևէ նոր բան: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ է կատարվում, թե տեղի է ունենում «նույն բանի» բարձրաձայնման որոշակի ինտենսիվացում և տոնայնության ուժգնացում՝ մասնավորապես Ադրբեջանում:

Սա նշանակում է, որ կամ այդ առերևույթ կոշտացման ներքո տեղի է ունենում որևէ փոխհամաձայնության գործընթաց եւ այն հանրությանը մատուցելու տարբերակի դիտարկում-քննարկում, կամ իրավիճակը իրապես գտնվում է փակուղում՝ ինչի մասին հնարավոր է եզրակացնել առերևույթ պատկերի հիմքով:

Փակուղին նշանակում է ուժի կիրառման սպառնալիքի աճ: Դա ամենևին չի ենթադրում աներկբա, անխուսափելի ուժի գործադրում, որովհետև փակուղին ստեղծում է նախադրյալ, բայց չի ապահովում բավարար գործոններ ինքնին: Այդուհանդերձ, կա հրապարակայնորեն նկատելի փակուղի, որը ինքնաբերաբար բարձրացնում է էսկալացիայի ռիսկը:

Այդ պարագայում, կամ Ադրբեջանը փորձում է ուժգնացնել շանտաժն ու հռետորաբանության միջոցով հոգեբանական ճնշում բանեցնելով Հայաստանի վրա կորզել միակողմանի զիջում և այդ կերպ «ճեղքել» փակուղին, քանի որ ուժով ճեղքելու բավարար գործոններ գոյություն չունեն և չկա ուժի դիմելու գործնական հնարավորության հեռանկար, կամ Ադրբեջանն իրապես պատրաստվում է որևէ մասշտաբի ուժային սադրանքի՝ դրա միջոցով նոր իրավիճակ ստեղծելու և այսպես ասած «բանակցային» նոր կետ սահմանելու նկատառումով:

Միևնույն ժամանակ սակայն, դիտարկելով իրավիճակը, թերևս ավելորդ չէ այն չափել ավելի լայն ընդգրկումով, անշուշտ ոչ վերը դիտարկված պարամետրերի փոխարեն, այլ՝ զուգահեռ: Բավականին մեծ է հավանականությունը, որ 2025 թվականի առաջին ամիսները կարող են լինել աշխարհաքաղաքական մի քանի նոր մեկնակետի ձևավորման ժամանակաշրջան:

Դա կարող է վերաբերել նաև կովկասյան թեմաներին և այստեղ Բաքուն Հայաստանի հասցեին հռետորաբանությամբ հնարավոր է փորձում է բարձրացնել իր գինը ավելի խոշոր խաղացողների համար: