13/02/2025

Մարտեր առանց կանոնների

Թրամփը պատրաստվում է «գրավել» Կանադան, Պանաման եւ Գրենլանդիան, Չինաստանը սպառնում է ուժային ճանապարհով «վերադարձնել» Թայվանը, Ռուսաստանը զավթել է Ուկրաինայի զգալի մասը, Թուրքիան գրավել է Սիրիայի հիմնական քաղաքները եւ Ադրբեջանի հետ միասին պատրաստվում է պատերազմի միջոցով «միջանցք բացել» Հայաստանի Սյունիքի մարզում:

Իր հերթին, նույն Ադրբեջանը պատերազմի միջոցով բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը եւ այնտեղ էթնիկ զտում է անցկացրել: Այս պայմաններում հույսեր կապել ԵԱՀԿ-ի հետ, իհարկե, միամտություն կլիներ: Ուրիշ հարց, որ մարտավարական առումով գուցեեւ արժե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետագա ճակատագիրը դիվանագիտական «առեւտրի» առարկա դարձնել, բայց դրա համար պետք է դիվանագիտություն ունենալ:

Ճիշտ է, սկզբունքային առումով Հելսինկիի 1975 թվականի համաժողովի նախագծով ստեղծված այդ կազմակերպությունը որեւէ էական դեր չի խաղացել այն բանից հետո, երբ 1990-ականների սկզբին բռնկվեց բալկանյան հերթական պատերազմը, ու Եվրոպայում «սահմանների անձեռնմխելիության» սկզբունքն այլեւս գոյություն չունի: Մանավանդ՝ երբ Արեւմուտքը ճանաչեց Կոսովոն, իսկ Ռուսաստանը՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

Որովհետեւ այդ ժողովուրդներին «էթնիկ զտման» վտանգ էր սպառնում: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը եւ Կանադան («ապագա 51-րդ նահանգը») նույնպես ԵԱՀԿ անդամներ են: Բայց ինչո՞ւ միայն ԵԱՀԿ-ն: Եթե վերոհիշյալ ագրեսիվ խաղացողներն իրականացնեն կամ, ավելի ճիշտ, շարունակեն իրականացնել իրենց քաղաքականությունը, ապա արդյոք ՄԱԿ-ը կարո՞ղ է դրան փոխազդել: ՄԱԿ-ը, որի մշտական անդամներն են ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը:

Եթե այդ պետություններն ամեն մի դեպքի համար իրենց կանոններն են հաստատում, ուրեմն «միջազգային իրավունք» հասկացությունն իրականում «կեղծ քաղաքական կատեգորիա» է: Ավելի իրատեսական կլիներ խոսել «առանց կանոնների մարտերի» մասին: Իրավիճակն իրոք բարդ է ու պայթյունավտանգ: Դրան գումարվում է Հայաստանի իշխանության ոչ ադեկվատ կեցվածքը:

Ալիեւը միանշանակ հայտարարում է, որ հարձակվելու է Սյունիքի վրա: Ի պատասխան՝ իշխանական քարոզչությունը բլեֆ է տարածում, որ Հայաստան-ԱՄՆ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու արդյունքում՝ Ալիեւը չի հարձակվի: Այդ բլեֆն իսկապես կարող է մի քանի օրով հանգստացնել միամիտ մարդկանց:

Արամ Աբրահամյան; aravot.am