10/02/2025

8,6 տարի՝ Մամիկոն Ասլանյանի համար

Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ Սուրեն Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանը նախորդ տարվա վերջին հանդես է եկել մեղադրական ճառով, միջնորդել ամբաստանյալներին մեղավոր ճանաչել եւ պատժաչափ կիրառել. Մամիկոն Ասլանյանին՝ 8 տարի 6 ամիս՝ պատժի ժամկետից հաշվակցել արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, Սուրեն Աբովյանին՝ ազատազրկել 5 տարի 6 ամսով, իսկ Արեւհատ Հովհաննիսյանի համար պատիժ սահմանել ազատազրկում 3 տարով: 

Սրանից հետո Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը հանդես է եկել պաշտպանական ճառով։

Ոսկանյանից հետաքրքրվեցինք՝ որոշումը ե՞րբ է դատարանը հրապարակելու, ասաց՝  գործով անցնող մյուս անձանց պաշտպանները դեռեւս ճառով հանդես չեն եկել, վաղվա նիստում դրանք կներկայացվեն։

Նշենք, որ պաշտպանական ճառերի փուլն ավարտելուց հետո դատարանը որոշում կկայացնի։

Նշենք, որ 2024-ի ամռանը Մամիկոն Ասլանյանը կալանքից ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։

Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։