Մի քանի ժամ անց իր պաշտոնը կստանձնի ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, որը չորս տարվա ընդմիջումից հետո վերադառնում է Սպիտակ տուն: Կան թերևս բոլոր հիմքերը եզրակացնելու, որ Սպիտակ տուն վերադարձող Թրամփը որքան նույնն է, այդքան նաև նոր:
Եթե 2016 թվականի նախագահի ընտրությանը Հիլարի Քլինթոնի հանդեպ Թրամփի հաղթանակը լիովին անսպասելի էր, առավել ևս այն պատճառով, որ Թրամփը որոշակիորեն արտահամակարգային թեկնածու էր և չէր վայելում անգամ Հանրապետական կուսակցության նշանակալի աջակցություն, ապա 2024 թվականի ընտրությանը մասնակցում էր, ըստ էության, «համակարգային Թրամփ», ինչի արտացոլումն էր թերևս նաև այն, որ Հանրապետական կուսակցությունը հաղթեց ոչ միայն նախագահի ընտրությունը՝ իր թեկնածով, այլ նաև մեծամասնություն կազմեց Կոնգրեսի երկու պալատներում:
Միևնույն ժամանակ, նոյեմբերի 5-ից հետո հայտարարելով իր վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուներին՝ Դոնալդ Թրամփը նախանշեց իր թիմի որոշակի գաղափարական ուղղություն՝ աջ-պահպանողականություն, որն ուղեկցվում է նաև քրիստոնեական արժեհամակարգի ընդգծված առկայությամբ:
Ընդ որում՝ այդ հանգամանքը շոշափելի էր նաև ընտրարշավի ընթացքում, որի աչքի ընկնող դրվագներից մեկն էլ հատկապես մեզ համար, նոյեմբերի 5-ից կարճ ժամանակ առաջ նրա հեռախոսազրույցն էր Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, որը նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է:
Մեկ այլ հատկանշական հանգամանք է, որ Թրամփի պաշտոնամուտի արարողությանը հրավիրված պետական և քաղաքական օտարերկրյա գործիչների կազմում ակնառու է աջ-պահպանողականության գերակայությունը, հատկապես Եվրոպայից հրավիրյալների շրջանակում:
Օրինակ, եվրոպական առաջնորդներից նա հրավիրել է Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Հունգարիայի վարչապետ Օրբանին, իսկ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, հրավիրված են, ըստ էության, գործող իշխանություններին ընդդիմադիր՝ դարձյալ աջ-պահպանողական գաղափարախոսություն դավանող ուժերի առաջնորդներ:
Սրանք հատկանշական հանգամանքներ են, որոնք կարող են լինել Թրամփի նախագահության ընթացքում Վաշինգտոնի արտաքին քաղաքական ռազմավարության «ծանրության կենտրոնների» էական վերանայումներ:
Դրանք իրենց հերթին, բնականաբար, կարող են «եղանակային փոփոխություններ» առաջացնել թե՛ Եվրոպայում, թե՛ տարբեր այլ առանցքային ռեգիոններում, հետևաբար պահանջում են մեծ ուշադրություն գործնականում բոլոր երկրներում, և առավել ևս Հայաստանում: Ի դեպ, բառի բուն իմաստով խիստ եղանակային պայմանների պատճառով, Թրամփի երդմնակալությունը կանցկացվի փակ տարածքում՝ ծածկած մարզադաշտում:
Կա սակայն տեսակետ, որ այդ որոշումը կայացված է ոչ միայն եղանակի խստության, այլ նաև Թրամփի անվտանգության համար խիստ միջոցառումների անհրաժեշտության բերումով: Նախագահի ընտրության նախընտրական արշավի ընթացքում մահափորձ «վերապրած» Թրամփի անվտանգության մարտահրավերների ուժգնությունը թերևս ուղիղ համեմատական է քաղաքականության մեջ փոփոխությունների նրա մտադրության և հաստատակամության ուժգնությանը:
Թրամփ-Ցզինպին հեռախոսազրույցը առաջինն է Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են երկկողմ տնտեսական հարցեր, Տիկ տոկի խնդիրը, Թայվանի հարցը: Օրերս ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Տիկ Տոկի չինացի սեփականատերերին, որ նրանք մինչև հունվարի 19-ը վաճառեն Տիկ տոկի ամերիկյան ակտիվները ոչ չինացի գնորդի:
Հակատակ դեպքում Տիկ տոկը կարգելափակվի Միացյալ Նահանգներում: Եթե հարցը քննարկվում է նախագահների մակարդակով, ապա հասկանալի է դառնում դրա կարևորությունը, թեև ներկայիս տեղեկատվական դարաշրջանում սոցցանցային հեղինակավոր ռեսուրսների հույժ կարևոր նշանակությունն ու ազդեցությունը չունեն առանձնապես ապացուցման կարիք: Արդյո՞ք որևէ պայմանավորվածություն եղել է այդ առնչությամբ, հայտնի չէ: Ինչ են խոսել Թրամփն ու Սի Ցզինպինը Թայվանի վերաբերյալ, դարձյալ մանրամասներ հայտնի չեն:
Անկասկած է այն, որ ամերիկա-չինական հարաբերությունը հիմնարար նշանակության գործոններից է, որ պայմանավորելու է աշխարհաքաղաքական իրողությունների տրամաբանությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի պաշտոնամուտից հետո: Դա, անկասկած, առնչվում է նաև մեր ռեգիոնին, որտեղ Չինաստանը ունի իր շահերն ու ավելացնում է իր դերակատարումը: Ընդ որում՝ դրա վերջին ակնառու գործողությունը եղել է 2024 թվականի հուլիսին, երբ Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Աստանայում ստորագրվեց ադրբեջանաչինական ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
Ի դեպ, այս իմաստով ստացվում է ուշագրավ մի պատկեր՝ Ադրբեջանն այդպիսի պայմանավորվածություն ունի Չինաստանի հետ, իսկ Հայաստանը օրերս այդպիսի համաձայնագիր ստորագրեց Միացյալ Նահանգների հետ: Ի դեպ, դեռ պարզ չէ, թե այդ համաձայնագրի հանդեպ ինչպիսին կլինի Թրամփի վարչակազմի ուշադրությունը: Դա, իհարկե, էապես կախված կլինի թե ռուս-ամերիկյան, թե ամերիկա-չինական գործընթացներից:
Միևնույն ժամանակ, բավականին հաճախ է խոսվում ՌԴ-Իրան-Չինաստան եռանկյունու մասին: Իրանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիր է ստորագրել Ռուսաստանը, իսկ մինչ այդ՝ 2021 թվականին, 25-ամյա ընդգրկուն գործակցության պայմանագիր է ստարոգրել Պեկինը:
Նաև հայտնի է, որ ռազմավարական հարաբերություններ են բնորոշում միմյանց հետ կապը Չինաստանն ու Ռուսաստանը: Եռանկյունու հարցն իհարկե ԱՄՆ համար էական հարց է: Մյուս կողմից սակայն, պետք է թերևս նկատի ունենալ և մեկ այլ եռանկյունի, ոչ անմիջական կապով, սակայն էական դերակատարների եռյակ կազմով՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան:
Անկասկած է, որ խոշոր հաշվով այս եռյակի շուրջ է այսօր պտտվում աշխարհակարգային հիմնական դիմակայությունը, կամ այլ կերպ ասած՝ «բոլորը բոլորի դեմ» համաշխարհային հիբրիդային պատերազմի ռեժիմը: Թրամփն ըստ ամենայնի կփորձի Չինաստանի հետ ունենալ այնպիսի երկխոսություն, որը թույլ կտա Պեկինի առնվազն «չեզոքություն» ակնկալել Պուտինի հետ իր սպասվող հանդիպման և պայմանավորվածությունների առնչությամբ:
Որովհետև, անշուշտ, մի բան է Պուտինը Պեկինով, մեկ այլ բան՝ առանց դրա: Մյուս կողմից, սակայն, Սի Ցզինպինը հավանաբար «չեզոքության» համար կպահանջի բավականին բարձր գին, ընդ որում թերևս կարճաժամկետ «չեզոքության», քանի որ համենայն դեպս գոնե առայժմ Միացյալ Նահանգները չի դադարել ազգային անվտանգության ռազմավարությամբ Չինաստանն ընկալել որպես գլխավոր մրցակից:
Բաց մի թողեք
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի
ԱՄՆ – ԵՄ՝ հակասություններ, թե՝ նոր իրողությունների սկիզբ
Ռուս-ուկրաինական զորքերի շփման գիծը շատ կարճ ժամանակ անց կվերածվի երկրորդ «Բեռլինի պատի»