Նախկին նախագահներին Նիկոլ Փաշինյանի կողմից արված բանավեճի հրավերը փորձագետներին բաժանել է երկու «բանակի», մեկը ճգնում է հաստատել Փաշինյանի գնահատականը, որ բանակցությունները միշտ եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու կամ Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, մյուսը նույն մոլեռանդությամբ ճգնում է ապացուցել, որ Հայաստանի նախկին ոչ մի իշխանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ով հանդերձ չի ճանաչել:
Զավեշտը, թե ողբերգությունն այն է, որ երբ համացանցում տարածվեց «Ազատություն» ռադիոկայանի բավական հավասարակշռված հաղորդումը, որի հիմնական թեզն այն է, որ 1997թ. ԱՄՆ այցի և Սպիտակ տանն ու պետական դեպարտամենտում բանակցությունների արդյունքում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցրել է», մյուս կողմից նույնպես Միացյալ Նահանգների պետդեպի արխիվներին հղումով մի քանի հրապարակումներ արվեցին, որ ապացուցում են, թե Հայաստանն ի սկզբանե, դեռևս 1992թվականին, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս և պաշտոնապես ընդունել, որ ինքնավարությունը կբավարեր նրա հայ բնակչությանը:
Ընդդիմության տեսակետները պաշտպանող քաղաքագետները հիմք են ընդունում «Ազատություն» ռադիոկայանի փաստարկված հաղորդումը, Փաշինյանի կողմնակիցները՝ պետական դեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը: Եվ ստացվում է այնպես, որ երկու կողմն էլ «հիմնավոր ապացույցներ ունի», բայց ճշմարտությունը մնում է չբացահայտված, որովհետև քաղաքագիտությունը ոչ թե այդ իրոք պահանջված նպատակին, այլ քաղաքական-պետական գործիչների շահերին է ծառայում:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, ինչպես ասվեց, արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում Հեյդար Ալիևը նշաձող է իջեցրել: Այո՛ բայց ի՞նչ նշաձող եւ ի՞նչ աստիճանի: Իրական քաղաքականության ռեժիմում ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին հաջողվել է Ադրբեջանի նախագահին համոզել, որ հայտարարի մի բան, համաձայն է ԼՂ կարգավորման փուլային տարբերակին, որով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցությունների տիրույթում:
Հրապարակախոսական ժանրում նման համաձայնությունն անվանվում է «կողմերի դեմքը փրկելու հնարավորություն»: Եվ այդ մասին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին շատ անկեղծորեն է արտահայտվել, ինքն ասելու է, որ ԼՂ-ն անկախություն է ստանում, Ալիևն իր հանրությանը ներկայացնելու է, որ ադրբեջանական տարածքներն առանց մի կրակոցի վերադարձրել է:
Քաղաքագիտությունը պետք է անաչառ մնա, 1992թ.-ին, ինչ իշխանություն էլ ունենար, Հայաստանը չէր կարող ԼՂ անկախության խնդիր դնել այն պարզ պատճառով, որ այդ շրջանում Լեռնային Ղարաբաղ՝ որպես այդպիսին, իբրև ռազմաքաղաքական սուբյեկտ, գոյություն չուներ, և ինքնավար կարգավիճակին Ադրբեջանի համաձայնությունը հրաշք կլիներ:
1997-ին, երբ Լեռնային Ղարաբաղն արդեն ճանաչված էր, այդ թվում և Ադրբեջանի կողմից, որպես հակամարտության իրավահավասար կողմ, Հայաստանը կարող էր պնդել նրա անկախությունը կամ առնվազն դե ֆակտո ինքնակառավարումը, ինչին էլ ըստ էության Հեյդար Ալիևը համաձայնություն էր տվել:
Ռետրո հայացքով, իհարկե, կարելի է ասել, թե ոչ մի երաշխիք չկար, որ նա հայտարարությանը հավատարիմ է գտնվելու կամ ուժային կենտրոններից մեկը չէր տորպեդահարելու ԼՂ կարգավորման փուլային տարբերակը: Բայց դա միայն ենթադրություն է, այն, ինչ գործնական մակարդակի չի հասել և այդ կետում չի ձախողվել թե՛ պատմականորեն, թե՛ քաղաքագիտական գնահատմամբ մնում է որպես չիրացված, թերևս միակ, հնարավորություն:
Մյուս կողմից էլ հարկ է ընդունել, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ ընդունելով «մադրիդյան սկզբունքները», երբեք չի համաձայնել, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի միայն նրա բնակչության մասնակցությամբ հանրաքվեով:
Իսկ եթե փորձենք ընդհանրացնել, ապա կստացվի, որ Ադրբեջանը ԼՂ հարցում հիմք է ընդունել «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտը, որ Լեռնային Ղարաբաղի վարչա-տարածքային և քաղաքական կարգավիճակ չի ճանաչում:
Ղարաբաղյան առաջին պատերազմն այդ՝ միջազգային իրավունքին հակասող, ակտը դե ֆակտո չեղարկել է և հնարավորություն ստեղծել, որպեսզի ԼՂ սուբյեկտությունն ստանա միջազգային իրավական ճանաչում: Մեր բաց թողած հնարավորությունն օգտագործել է Ադրբեջանը:
Բաց մի թողեք
Ռուս-իրանական հարաբերություններում «հիշողությունը թարմացել է» 44-օրյա պատերազմից հետո
Փաշինյան – Ալիեւ զույգը բավական ներդաշնակ է գործում
Ինչու է Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել հեռախոսային խոսակցություն Պուտինի հետ