ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նկատեց՝ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան այդ հարցին. «Այդպիսի հարց չկա, որ մենք չենք քննարկելու, որովհետև Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Ռուսաստանն է»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը Հայաստանի ժողովրդի կամքն է. «Մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, քվեարկելու ենք ու որոշում ենք կայացնելու»։
Սիմոնյանը չի կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություն ունենա այս որոշման հետ կապված. «Չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ։ Եթե իրենց համար դա խնդիր է, կարծում եմ՝ չկա այդպիսի խնդիր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող իրար հետ քննարկել, կարող ենք քննարկել ու լուծումներ գտնել»։
Սիմոնյան խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ու ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, որն է բխում իր շահերից ու որը՝ ոչ։ ԱԺ նախագահն ասաց, որ տնտեսական առումով ԵԱՏՄ-ն ձեռնտու կառույց է Հայաստանի համար, ու որևիցե միտում չկա լքելու ԵԱՏՄ-ն. «Ուզում ենք շարունակել, իսկ ՀԱՊԿ-ի մասին նոր բան չեմ կարող ասել»։
Այն փաստաթուղթը, որը ստորագրվել և երկկողմ հաստատվել է, այնտեղ ֆիքսված է, որ անկլավների հարց չկա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանազատումը հյուսիսից շարունակելու դեպքում Տավուշի անկլավներն արդյոք հանձնվելու են. «Բացի այդ, մենք անկլավների քննարկման հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, ոչ մի խնդիր, կա Արծվաշենը՝ ֆիքսված անկլավը, մեր հայկական անկլավը, և ոչ մի խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելու: Չենք կարծում, թե դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձևով անհանգստանանք կամ որևիցե մտավախություն ունենանք»:
Սիմոնյանը շեշտեց՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված. «Կնայենք, եթե այդ տարածքներն իրավական փաստաթղթավորում ունեն, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում և Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է լինի»: Ըստ ԱԺ խոսնակի՝ սահմանազատումը կշարունակվի հյուսիսից մինչև ներքև:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա, նման քննարկում գոյություն չունի. «Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա: Եվ նման քննարկում գոյություն չունի: Մնացած երկու կետերի վերաբերյալ, որ Բայրամովն ասել է, քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որը պետք է քննարկել»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հերթական հայտարարությանը՝ ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:
Նա հավելեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո կանխատեսվում էին նոր պատերազմ, նոր իրադարձություններ. «Մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, գալ, հասնել այն բանին, որ ունենք համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր: Դա, իմ կարծիքով, շատ մեծ հաղթանակ է երկու կողմերի համար: Ունե՛նք երկու պետությունների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, որը պատմության մեջ աննախադեպ բան է: Ունե՛նք դելիմիտացված սահման, ունե՛նք համաձայնեցում, տրամաբանություն՝ այդ սահմանի գործընթացը շարունակելու: Այո՛, ես համարում եմ, որ գործընթացը դրական է: Եվ ողջունում եմ այն հայտարարությունը, որ ունենք ևս երկու կետ, որոնց վերաբերյալ մենք պետք է դեռ քննարկումներ իրականացնենք»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային ատյաններից Հայաստանի և Ադրբեջանի դեմ միմյանց հայցերը հետ կանչելու պահանջին՝ Սիմոնյանն ասաց՝ քննարկում են, կհասկանան՝ արդյոք ՀՀ-ին ձեռնտու է նման տրամաբանությամբ առաջ գնալը, թե՞ ձեռնտու չէ:
Նա հիշեցրեց, որ նաև Հայաստանի դեմ հայցեր կան ներկայացված: Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի կետի ներառման հնարավորություն Սիմոնյանն այս պահի դրությամբ չի տեսնում․ «Դա առանձին թեմա է, որով անընդհատ զբաղվում ենք: 150-ից ավելի գերի ունեինք, հիմա ունենք 23 հաստատված գերի, որից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։ Հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա. «Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և կարծում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց. «Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվել են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։
Պաշտպանության նվազագույն հնարավորություններից զրկված, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով դատական նիստերի դահլիճ հասած դատավարության ընթացքում 6 ադրբեջանցի դատախազ է պաշտպանում, այսպես կոչված, «պետական մեղադրանքը»։
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նույն դահլիճում և նույն դատավորի նախագահությամբ կշարունակվի նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, որն առանձնացել է առանձին վարույթով:
Բառապաշարի առումով ճիշտ ձևակերպումներ պետք է տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ. «Երբ ես ասում եմ Ղարաբաղ, դուք ասում եք՝ «չեք ասում Արցախ», ադ նույնը հակառակ պատկերով վերցրեք, որ Ադրբեջանում ասում են «Արևմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ «դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է»։ Սրա մասին է խոսքը, դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձևակերպումներ տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ, նոր հարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը որևիցե պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ․ «Վարչապետն ասաց, որ Հայաստանն ավարտվում է Արմավիրի մարզով ու Տավուշով, սա է Հայաստանը, այն քարտեզն է, որ փակցրել եմ Ազգային ժողովում, իզուր չեմ փակցրել»։
Բաց մի թողեք
Միրզոյանը խոսել է ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Սովորական մահկանացուներն այսքան տնտեսագետ որտեղից իրար գլխի հավաքեն, որ հայտարարագիր լրացնեն ․․․
Ինչ խնդիրներ են լուծվում համընդհանուր հայտարարագրմամբ՝ ըստ Փաշինյանի