21/01/2025

Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է

Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել Լուսինե Բադալյանին, որ չհրաժարվի առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

«Հրապարակը» գրում է․ Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի` մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը, որ Զեյնալյանի հետ մտերիմ է, ոչ միայն նրա պարտականությունները կատարել չցանկացավ, այլեւ հրաժարվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Մեզ պատմեցին, որ ՔՊ խմբակցության ղեկավարները տեւական ժամանակ փորձել են համոզել՝ չգնալ նման քայլի, թիմում առկա խնդիրներն ու տարաձայնություններն ի ցույց չդնել, սակայն Բադալյանը, պարզվում է, բացի ի համերաշխություն Զեյնալյանի, այլ հիմնավոր պատճառ էլ է ներկայացրել:

Ասել է, որ չի կարող շարունակել այդ պաշտոնում աշխատելը, քանի որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն քանի տարի է՝ պայքարում է նախկին եւ ներկա նախարարների կողմից «առողջապահական ոլորտը վարի տալու դեմ», հիմա չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը։

Ի դեպ, ՔՊ-ում նախնական որոշում կա, որ Բադալյանի փոխարեն ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ կդառնա գյումրեցի Էմմա Պալյանը, որը որեւէ կապ չունի առողջապահության ոլորտի հետ։