22/01/2025

Տիպիկ թրամփական ոճ է դա

«Ամերիկայի ոսկեդարը հիմա է մեկնարկում»․ սրանք էին Դոնալդ Թրամփի առաջին բառերը՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Թրամփի երդմնակալության արարողությունը տեւեց մոտ մեկուկես ժամ։

Ի դեպ, 1985 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը կայացավ ոչ թե Կապիտոլիումի շենքին հարող հրապարակում, այլ ամերիկյան օրենսդիր մարմնի շենքում։ Պատճառը եղանակային պայմաններն էին՝ Թրամփի երդմնակալության պահին Վաշինգտոնում, ըստ Ցելսիուսի սանդղակի, մինուս հինգ աստիճան էր։ Կապիտոլիումի ռոտոնդայում՝ կլոր դահլիճում, երդումն ընդունելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հանդես եկավ ծրագրային ճառով՝ հայտարարելով, որ Սպիտակ տուն վերադառնալուց անմիջապես հետո մի շարք, իր բնորոշմամբ, «պատմական» հրամանագրեր կստորագրի։ Ինչպեսեւ կարելի էր ենթադրել, դրանցից առաջինն անօրինական ներգաղթի դեմ պայքարի մասին է։

«Մեր հարավային սահմանին ես արտակարգ դրություն կհայտարարեմ։ Անօրինական ներգաղթյալների մուտքն անհապաղ կդադարեցվի, եւ կմեկնարկի մեր երկիր անօրինականորեն մուտք գործած միլիոնավոր հանցագործ օտարերկրացիների՝ իրենց ծագման երկրներ վերադարձի գործընթացը։ Կրկին գործելու է իմ այն քաղաքականությունը, որ կոչվում էր՝ «Մնացեք Մեքսիկայում»։ Եվ ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ մեր երկրի դեմ իրականացվող այս աղետալի ներխուժումը հետ մղելու նպատակով»,- հայտարարեց ԱՄՆ 45-րդ եւ 47-րդ նախագահը։ Հանրապետական նախագահն առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի նաեւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, եւ հենց երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ում լինելու է երկու սեռ` արական եւ իգական: Նշենք, որ դեռ իշխանության չեկած Թրամփը մի քանի տասնյակ տրանսգենդերների ազատել է ԱՄՆ զինված ուժերից՝ հայտարարելով, որ նրանք չեն կարող ծառայել բանակում: Որո՞նք էին Թրամփի երդմնակալության արարողության հիմնական մեսիջները: Տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հանրապետական նախագահի գործունեությունը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Դոնալդ Թրամփի ելույթին եւ մեսիջներին, ասում է. «Թրամփի ելույթը, ընդհանուր առմամբ, ուրվագծեց նոր ադմինիստրացիայի ուրվագծային համակարգի ուղղություններն առհասարակ: ԱՄՆ-ում իշխանության են եկել հակագլոբալիստական ուժեր: Այս առումով Թրամփի ելույթը կրում էր արժեհամակարգային բնույթ: Արտաքին քաղաքականության մեջ, ըստ էության, ամենաառանցքային մեսիջն այն էր, որ ԱՄՆ-ն չի ֆինանսավորելու այն պետություններին, որոնց շահերը չեն առնչվում Միացյալ Նահանգների շահերի հետ: Սա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է նաեւ Ուկրաինային, արդեն մամուլը գրել է, որ Ուկրաինայում նման հարցեր են առաջանում: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Ամերիկան բավականին ընտրողաբար է մոտենալու պետություններին: Թրամփի հիմնական լոզունգն է․ «Ամերիկան` նախեւառաջ»: Իր ամբողջ ելույթն ուղղված էր ԱՄՆ-ի հզորացմանը: Հակագլոբալիստական, արժեհամակարգային ելույթի առանցքում ԱՄՆ-ում երկու սեռերի առկայության մասին հայտարարությունն էր: Սա բավականին մեծ հարված էր նեոլիբերալիստական եւ լիբերալիստական բոլոր ուժերին, որոնք ներմուծում են նման էքսպերիմենտներ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ` ամբողջ աշխարհում: Սա քայլ է՝ վերադարձ դեպի տրադիցիոն գաղափարներ: Շատ կարեւոր էր այն հանգամանքը, որ Թրամփը ոչ մի անգամ չօգտագործեց «Ուկրաինա» բառը: Նրա արտաքին քաղաքական հետաքրքրությունները բացառապես Ամերիկա մայրցամաքի շուրջ էին: Պանամայի վերադարձի մասին խոսեց, Կանադայի եւ Մեքսիկայի ու Մեքսիկային անդրադարձավ՝ նշելով, որ Կանադայով եւ Մեքսիկայով ահագին թմրանյութ է մտնում ԱՄՆ: Նարկոկարտելները նա հավասարեցրեց տեռորիստական խմբավորումներին եւ ասաց, որ դրանք ոչնչացնելու են: Ի դեպ, այդ ամենը ֆինանսավորում են որոշակի լիբերալ շարժումները: Թրամփը ոչ մի խոսք չասաց նաեւ Միացյալ Եվրոպայի մասին, խոսեց Չինաստանի մասին, նա իրեն դիրքավորում է որպես խաղաղություն հաստատող եւ միավորող: Այսինքն` նա ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի պատերազմները դադարեցվեն: Ռուսաստանի մասին ոչինչ չխոսեց, բայց եթե դադարեցնում է ֆինանսավորումն ինչ-որ երկրների, դա ակնարկ է, որ ԱՄՆ-ն չի ֆինանսավորելու նաեւ Ուկրաինային: Տարբեր երկրներում գործող հասարակական սեկտաներին նույնպես չեն ֆինանսավորելու, քանի որ Թրամփը չի ցանկանում, որ ամեն տեղ Միացյալ Նահանգները ներկայություն ունենա, եթե խոսքը կենսական հարցերին չի վերաբերում: Նրա հիմնական մեսիջն այն էր, որ հանրապետականներն ամերիկակենտրոն մոտեցում ունեն: Քովիդը դեմոկրատների համար հնարավորություն էր, եւ կասկածելի ընտրությունների արդյունքում կարողացան իշխանություն վերցնել: Հայաստանի` գրանտներ ստացող արեւմտամետների համար բավականին ցավալի իրողություն է սա: Թրամփը նաեւ ԱՄՆ-ում քաղաքական հետապնդումների դադարեցման մասին խոսեց: Դա տհաճ սյուրպրիզ էր ռոմանտիկ արեւմտամետների համար: Նրանց համար նորություն էր, որ ԱՄՆ-ում կան քաղաքական հետապնդումներ, որոնք Թրամփը պատրաստվում է դադարեցնել: Այդ ելույթը լիովին Թրամփի ոճով էր` հստակ, էմոցիոնալ, թիրախային, որպեսզի մարդիկ ոչ միայն ուղեղով ընկալեն իրեն, այլեւ` սրտով: Տիպիկ թրամփական ոճ է դա»: