12/07/2025

Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ ՀՀ-ում խաղաղության դարաշրջան է․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբոքյան իր էջում գրել է․

Բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս․

1. Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից,

2. Չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով։

Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել, այդ ճանապարհով չերթևեկել․․․․

Հղումը՝ այստեղ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում զարմանք արտահայտեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խուճապային հայտարարության վերաբերյալ:

Խաչատրյանը Ազգային ժողովում բարձրացրեց ավելի վաղ «Ֆեյսբուք»-ում արած իր խուճապ տարածող գրառումը, թե բրիտանական կառավարությունը խորհուրդ չի տալիս երթևեկել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով։

«Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել։ Մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմեդացիաների մասով, ահաբեկչության վտանգի մասին լուրջ կտորն էլ դուրս է հանված։ Բրիտանական կարգավորումը այս փուլում մեղմացում է ունեցել Հայաստանի նկատմամբ»,- շեշտեց Միրզոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Խաչատրյանը, հղում անելով բրիտանական կառավարության՝ իր քաղաքացիների համար պարբերաբար թարմացվող և արդեն իսկ սովորական դարձած հրապարակմանը, «գուժել էր», թե բրիտանական կառավարությունը խորհուրդ չի տալիս երթևեկել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով։

Իրականության մեջ, սակայն, նման հրապարակումներով հանդես են գալիս թե՛ Բրիտանիայի, թե ԱՄՆ կառավարության և դեսպանատների կայքերը։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախազգուշացման մեջ ոչ մի նոր կամ սենսացիոն բան չկա. նախորդ զգուշացման մեջ (https://web.archive.org/web/20250114151523/https://www.gov.uk/foreign-travel-advice/armenia) նշվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի մասին, որը ազդել էր Հայաստանի հյուսիսում երթևեկության վրա, իսկ նորում դրա մասին որևէ հիշատակում չկա։

Հայաստանում «ահաբեկչական սպառնալիքի հնարավորության» մասին «ավանդական» զգուշացումը նույնպես որոշակիորեն մեղմացել է։