24/01/2025

Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել

Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն վերլուծությունում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում:

Սկսած զեկույցում մատնանշվող բանակցությունների ձգձգումից, որը ձևակերպված է որպես անորոշությունների խորացում մինչև ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ձևավորված խոսույթի` «Զանգեզուրի միջանցք», «արևմտյան Ադրբեջան», «Հայաստանի ռազմականացում», «ռևանշիզմ»:

Ճիշտ է` զեկույցում նշվում է, որ ծառայությունը դեռ ուսումնասիրում է, թե արդյո՞ք այդ խոսույթը որպես պատերազմի վերսկսման «լեգիտիմության» հիմք է օգտագործվում, թե՞ ոչ, սակայն պարզ է, որ այս դեպքում սպառնալիքն արձանագրված է, ուղղակի փորձ է արված իրավիճակն առավել վռանգավոր չներկայացնել:

Ի դեպ, զուգահեռ, ի տարբերություն իշխանական վերնախավի մեծ թվով դեմքերի, ովքեր առհասարակ բացառում կամ քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը, իրադրային սպառնալիքներից նաև Անվտանգության խորհրդի քարտուղարն էր խոսել` մատնանշելով Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը, նոր և մեծաքանակ սպառազինության գնումներն ու ակտիվ զորավարժությունները:

ԱԽ քարտուղարի խոսքից և Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից կարելի է տպավորություն ստանալ, որ թեև ՀՀ իշխանությունը հետևողականորեն իրացնում է Ադրբեջանի իջեցրած օրակարգը, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել:

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան