24/01/2025

Քաղաքապետի եղբայրը տարածքներն է ընդլայնում, քաղաքապետը դեռ Օպել է հայտարարագրում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականին 300 հազար դրամով տուգանել էր Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանին՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն Հանձնաժողովին չներկայացնելու համար։

Հրապարակ թերթը գրել է․ Մի քանի տարի շարունակ Հրազդանի համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման համար հայտարարված մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողը համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանին պատկանող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն է եղել:

Այս տարին եւս բացառություն չէր, քաղաքապետի եղբորը պատկանող ընկերությունը միակ մասնակիցն ու հաղթողն է ճանաչվել: Քաղաքապետ Սեւակ Միքայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի. «Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնում կատարելու գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող, որի իրական շահառուն է հանդիսանում իմ եղբայր Մեխակ Սասունի Միքայելյանը, հետեւաբար, հանդես եմ գալիս շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարությամբ»։ Այս անգամ խուսափելով արդեն 300 հազար դրամ վարչական տուգանքից:

Ստացվում է, որ ամեն անգամ պաշտոնյան կարող է խախտել շահերի բախման կարգավորումները, մերձավորի համար միլիոնների եկամուտ ապահովել համայնքային բյուջեից, ապա կա՛մ տուգանվել 300 հազար դրամի չափով, կա՛մ նման հայտարարություն անել ու ջրից չոր դուրս գալ:

Հրազդանի համայնքապետարանը 2022-2024թթ. համայնքապետի եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր: «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ոչ միայն գազալցակայան ունի, այլեւ Հրազդանում իրականացնում է ավտոմեքենաների լվացման ծառայություն եւ դրան զուգահեռ՝ տարածքներ է ընդլայնում: Ավտոմեքենաների լվացման ծառայության տարածքը ձեւակերպվել է քաղաքապետի ընկերոջ՝ Դավիթ Աբրահամյանի անունով: Բացի այդ, որոշ ժամանակ անց քաղաքապետը Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 33/5 հասցեում գտնվող 9.8 քմ մակերեսով հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 20 հազար դրամ տարեկան վարձավճարով, 15 տարի ժամկետով տրամադրել է Դավիթ Աբրահամյանին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին «Լարգո-Վինչ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Տռուզյանը դիմում է համայնքապետարան` «Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 56/1 հասցեում գտնվող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.67235 հա մակերեսով արոտավայրից 0.04069 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման»:

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մեկ այլ որոշմամբ, «Լարգո-Վինչ» ՍՊԸ տնօրեն Արաքսյա Առաքելյանին՝ Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.15733 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

Բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկացանք, որ Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի եւ նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում էական բան չի փոխվել: 2024 թվականին Սեւակ Միքայելյանը հայտարարագրել է 1998 թվականի արտադրության «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին` 1 միլիոն դրամով: